Քննարկվել են ՋՕԸ-երի գործունեության հետ կապված հարցեր
ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար, Ջրօգտագործողների ընկերությունների եւ ջրօգտագործողների ընկերությունների միությունների գործունեությունը կանոնակարգող խորհրդի նախագահ Արմեն Գեւորգյանի մոտ այսօր անցկացվել է խորհրդակցություն` Արարատի մարզպետ Է. Բարսեղյանի, ՏԿՆ ջրային տնտեսության պետական կոմիտեի, Ջրային տնտեսության զարգացման եւ բարեփոխումների ԾԻԳ-ի ղեկավարների, ՏԿ փոխնախարար Ա. Բախշյանի մասնակցությամբ:
Խորհրդակցությանը քննարկվել են ՋՕԸ-երի գործունեության հետ կապված հարցեր: Փոխվարչապետն ընդգծել է ՋՕԸ-երի թափանցիկ, հանրության համար հասանելի գործելաոճը: Նա կարեւորել է ՋՕԸ-երի կառավարման խորհուրդների արդյունավետության բարձրացումը` անթույլատրելի համարելով, որ դրանց աշխատանքը ձեւական բնույթ կրի:
Հաշվի առնելով, որ ՋՕԸ-երն ինքնակառավարվող մարմիններ են, Ա. Գեւորգյանը մեկ անգամ եւս շեշտել է հանրության ներկայացուցիչների առավել ակտիվ մասնակցությունը դրանց կառավարման գործընթացին, ինչին անդրադարձել էր նաեւ ապրիլի 27-ին «Հազարամյակի մարտահրավեր հիմնադրամ-Հայաստան» ՊՈԱԿ-ի` ՋՕԸ-երի ներկայացուցիչների մասնակցությամբ կազմակերպված խորհրդաժողովի ժամանակ:
Փոխվարչապետը ՏԿՆ ջրային տնտեսության պետական կոմիտեի ներկայացուցիչներին հանձնարարել է առաջիկայում անձամբ մասնակցել ՋՕԸ-երի կառավարման խորհրդի նիստերին` վերոնշյալ խնդիրները նաեւ համայնքապետերի, շահագրգիռ քաղաքացիների մասնակցությամբ քննարկելու համար:
Անդրադարձ է եղել նաեւ «Վեդի» ՋՕԸ-ի գործունեության վերաբերյալ բնակիչներից, ԱԺ պատգամավորներից ստացված դժգոհություններին, ինչպես նաեւ մամուլի հրապարակումներին: Ա. Գեւորգյանը տարածքային կառավարման փոխնախարար Ա. Բախշյանին հանձնարարել է Ջրտնտպետկոմի, ԾԻԳ-ի, մարզպետարանի ներկայացուցիչների ներգրավմամբ աշխատանքային խումբ ստեղծել վերոնշյալ ՋՕԸ-ում ուսումնասիրություններ կատարելու համար եւ յոթնօրյա ժամկետում ներկայացնել դրանց արդյունքները:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել