HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Զոհրաբ Մնացականյանն ընդունել է Մալթայի արտաքին գործերի և առևտրի խթանման հարցերով նախարարին

Հունիսի 27-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպեց աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Մալթայի արտաքին գործերի և առևտրի խթանման հարցերով նախարար Կարմելո Աբելային: Այս մասին հաղորդում է Հայաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը:

Հայաստանի և Մալթայի ԱԳՆ ղեկավարները  բարձր գնահատեցին երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև պարբերական շփումները միջազգային հարթակներում և կարևորեցին երկկողմ ձևաչափով մալթական  պատվիրակության առաջին այցը Հայաստան, որը վկայում է հայ-մալթական օրակարգի առավել խորացման և հարստացման ուղղությամբ գործնական քայլեր ձեռնարկելու փոխադարձ պատրաստակամության մասին: Զրուցակիցներն  ընդգծեցին այս տարվա փետրվարին երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև խորհրդակցությունների անցկացման վերաբերյալ հուշագրի ստորագրումը՝ որպես լավ խթան Հայաստանի և Մալթայի միջև առկա քաղաքական երկխոսության ներուժի լիարժեք կիրառման ուղենշման համար:   

Արտգործնախարարները մտքեր փոխանակեցին երկկողմ և բազմակողմ համագործակցության զարգացման հեռանկարների շուրջ: Առանձնահատուկ կարևորվեցին առևտրատնտեսական հարաբերությունների խթանման ուղղությամբ նախաձեռնությունների մշակումն ու իրագործումը, ընդգծվեց համապատասխան իրավապայմանագրային հիմքի ընդլայնման ուղղությամբ քայլերի ձեռնարկումը: 

Զոհրաբ Մնացականյանը և Կարմելո Աբելան անդրադարձ կատարեցին նաև Հայաստան-Եվրամիություն գործընկերությանը՝ շեշտելով  Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կարևորությունը՝ որպես ԵՄ կառույցի և անդամ երկրների հետ երկկողմ և բազմակողմ ձևաչափերում համագործակցության ամուր իրավական հենքի: Արևելյան գործընկերության 10-ամյակի համատեքստում ընդգծվեց, որ հոբելյանական տարին լավ առիթ է անդրադառնալու արձանագրված ձեռքբերումներին և ուրվագծելու համատեղ աշխատանքի հեռանկարները: Երկուստեք կարևորվեց նաև մարդկանց միջև շփումների խթանումը և ընդլայնումը՝ որպես պետությունների միջև կապերի ամրապնդման կարևոր գործոն:

Զրուցակիցները բարձր գնահատեցին երկու երկրների միջև առկա համագործակցությունը և փոխադարձ աջակցությունը նաև միջազգային կառույցներում՝ այդ առումով առանձնահատուկ կարևորելով Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության հարթակը:

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը մալթացի իր գործընկերոջը ներկայացրեց Ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման գործընթացում Հայաստանի սկզբունքային դիրքորոշումը և մոտեցումները՝ ընդգծելով խաղաղությանը նպաստող միջավայրի ձևավորումը և այս շրջանակներում հրադադարի ռեժիմի ամրապնդման, ռիսկերի նվազեցման միջոցառումների իրականացման անհրաժեշտությունը: 

Հանդիպման ավարտին կողմերը հանդես եկան համատեղ մամուլի ասուլիսով:

Նույն օրը՝ առավոտյան, Մալթայի ԱԳ նախարարը և նրա գլխավորած պատվիրակությունն այցելեցին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter