HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Գետազատի համայնքապետի նկատմամբ համաներում է կիրառվել

Արարատի մարզի Գետազատ համայնքի ղեկավար Գարեգին Հարությունյանի կողմից շահադիտական նպատակով կեղծ պաշտոնական փաստաթուղթ կազմելու և պաշտոնեական դիրքն օգտագործելով խոշոր չափերով՝ մոտ 2 մլն 569 հազար դրամ վատնելու դեպքի առթիվ դեռևս այս տարվա մարտի 27-ին հարուցվել էր քրեական գործ:

Օրեր անց մեղադրանք է առաջադրվել նաև Անդրանիկ Պողոսյանին, այն արարքի համար, որ նա 2014թ. հունվարի 8-ից Գետազատ համայնքի ղեկավար Գարեգին Հարությունյանի կողմից տրված կարգադրությամբ ընդունվել է աշխատանքի որպես «Տիկնունի» կոչվող թագավորական պալատի պահակ: Սակայն, 2015թ. հոկտեմբեր ամսից մինչև 2018թ. մարտ ամիսն ընկած ժամանակահատվածում, նախնական համաձայնության գալով համայնքապետի հետ, չի հաճախել աշխատանքի և միջոցներ տրամադրելով օժանդակել է Գարեգին Հարությունյանին: Ա. Պողոսյանն իր անվամբ հաշվառված աշխատավարձի պլաստիկ քարտը հանձնել է Գ. Հարությունյանին ու վերջինիս կողմից իր աշխատավարձը ստանալու նպատակով իր ստորագրությամբ կեղծել է աշխատանքի հաճախելու վերաբերյալ տեղեկություններ պարունակող Գետազատի համայնքապետարանի աշխատակիցների աշխատանքի հաճախելիության մասին գրաֆիկը:

Ըստ մեղադրանքի՝ Գարեգին Հարությունյանը, պաշտոնեական դիրքն օգտագործելով, իր կնիքով հաստատել է այն ու իրեն հանձնված աշխատավարձի պլաստիկ քարտով անձամբ ստացել և վատնել է Անդրանիկ Պողոսյանի անվամբ հաշվարկված խոշոր չափերով ՝ 2 մլն 569 հազար 468 դրամ աշխատավարձը:

Վարույթն իրականացնող մարմինը 2019թ. ապրիլի 29-ին որոշում է կայացրել Անդրանիկ Պողոսյանի նկատմամբ՝ գործուն զղջալու հիմքով քրեական հետապնդումը դադարեցնելու, նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված չհեռանալու մասին ստորագրությունը վերացնելու մասին:

Մնացած մասով գործն ուղարկվել է Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարան: Մինչև դատաքննությունն սկսելը Գարեգին Հարությունյանը միջնորդել է դատական քննությունն անցկացնել արագացված կարգով և հայտարարել է, որ առաջադրված մեղադրանքն իրեն պարզ է, համաձայն է մեղադրանքի հետ:

Դատարանը որոշել է քրեական գործով վարույթը կարճել և Գարեգին Հարությունյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնել՝ կիրառելով համաներման մասին օրենքը: Դատարանը որոշել է նաև Գարեգին Հարությունյանի կողմից 19.04.2019թ. հանձնարարագրի անդորրագրով քննչական կոմիտեի դեպոզիտ հաշվեհամարին որպես վնասի վերականգնում փոխանցված 2 մլն 570 հազար դրամ գումարը փոխանցել Արարատի մարզի Գետազատի համայնքապետարանի գանձապետական հաշվեհամարին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter