HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վարչապետը շնորհավորել է Եվրոպայի խորհրդի նորընտիր գլխավոր քարտուղարին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Եվրոպայի խորհրդի նորընտիր գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչին: Այս մասին հաղորդում է վարչապետի պաշտոնական կայքը: Շնորհավորական ուղերձում, մասնավորապես, ասված է.

«Հարգարժան տիկին Պեյչինովիչ Բուրիչ,

Ի սրտե շնորհավորում եմ Ձեզ Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ և հայտնում Հայաստանի Հանրապետության կառավարության գործուն աջակցությունը Ձեր բարձր առաքելության հաջող իրականացման գործում։

Վստահ եմ, որ Ձեր մասնագիտական բարձր ունակությունները և հարուստ փորձը լավագույնս կծառայեցնեք կազմակերպության հետագա բարեփոխումների իրագործմանն ու արդի մարտահրավերների հաղթահարմանը՝ երաշխավորելով մեր ընդհանուր արժեհամակարգի հարատևումը։

Բարձր ենք գնահատում Եվրոպայի խորհրդի դերը Հայաստանում ժողովրդավարական հաստատությունների շարունակական ամրապնդման նպատակով իրականացվող համապարփակ բարեփոխումներում։

Երևանում վերջերս պաշտոնապես մեկնարկած Հայաստան-Եվրոպայի խորհուրդ 2019-2022 թթ. Գործողությունների ծրագիրը մեր սերտ համագործակցության հաջողված օրինակներից է, որի շրջանակներում ԵԽ-ի խորհրդատվական աջակցությամբ նախատեսված են Հայաստանի Հանրապետության դատաիրավական համակարգի լայնածավալ բարեփոխումները։

Վերահաստատում եմ Եվրոպայի խորհրդի հետ արդյունավետ համագործակցությունը շարունակելու մեր վճռականությունը և ակնկալում մոտ ապագայում Ձեզ հյուրընկալել Հայաստանում»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter