HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Ինչ ունենք հանքարդյունաբերության մեջ, նույնն ունենք նաև մամուլում»

Փետրվարի 10-ին Ալավերդիում տեղի ուցեցավ «Բնապահպանական խնդիրները նոր մեդիայում և քաղաքական ուժերի օրակարգում» թեմայով քննարկում:

Այն վարում էր Երևանի մամուլի ակումբի փորձագետ Գեղամ Բաղդասարյանը: Զեկույցներով հանդես եկան «lragir.am» և «Ժամանակ» թերթերի լրագրող Սիրանույշ Պապյանը և «Էկոլուր» ՀԿ-ի ներկայացուցիչ Թերմինե Ենոքյանը:

«Թումանյանական աշխարհ» թերթի խմբագիր Արարատ Թամրազյանը հարց ուղղեց Գեղամ Բաղդասարյանին. «Ձեր խոսքի մեջ անընդհատ նշեցիք մենք, մեր, մեզ: Ներողություն, դուք ում շահերն եք պաշտպանում, մանավանդ որ խոսք եղավ նաև «մենք պետք է մերոնց ընտրենք», «նրանք պետք է նրանց ընտրեն»»: «Ես չեմ ասել` մենք պետք է մերոնց ընտրենք: Ի դեմս Երևանի մամուլի ակումբի` կարող եմ ասել, որ մենք ներկայացնում ենք քաղաքացիական հասարակությունը»,- պատասխանեց Գեղամ Բաղդասարյանը:

«Ուրեմն մենք քաղաքացիականից դուրս ենք, հա՞: Դուք քաղաքացիական եք, մենք չէ՞»,- ասաց Ա. Թամրազյանը: Բնապահապանական խնդիրների նկատմամբ հանրային կարծիքի մասին «Էկոլուր» ՀԿ-ի պատրաստած տեսանյութը դիտելուց հետո Արարատ Թամրազյանը ասաց. «Էս ամերիկյան խեղկատակությանը վերջ տվեք»: Ապա մի քանի ռեպլիկներից հետո հեռացավ դահլիճից:

Գեղամ Բաղդասարյանը ներկայացրեց ինտերնետի առավելությունները: «Մենք բոլորս գիտենք, որ կա ավանդական լրատվության միջոցներ` ռադիո, հեռուստատեսություն, տպագիր լրատվամիջոցներ և կան նոր լրատվամիջոցներ` ինտերնետային հրատարակություններ, էլեկտրոնային թերթեր, սրանց կարելի ավելացնել, որպես լրատվության ռեսուրսներ, սոցիալական ցանցեր` «Ֆեյսբուք» և այլն: Եթե ավանդական լրատվության դեպքում մենք հիմնականում սպառողներ ենք, ապա նոր մեդիայի պարագայում մենք նաև ակտիվորեն մասնակցում ենք լուրերի ստեղծմանը, անմիջականորեն և ակնթարթորեն ազդում ենք հանրային մթնոլորտի ձևավորմանը: Ինտերնետը` նոր մեդիան, շատ ավելի ժողովրդավարական է, քան թե ավանդական լրատվամիջոցները»,- ասաց Գեղամ Բաղդասարյանը: 

Վերջինս նաև նշեց հասանելիության առումով ինտերնետի առավելությունները:

Քննարկվող բնապահպանական խնդիրը նախագծի ղեկավարները համադրել էին մայիսի 6-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների հետ` նպատակ ունենալով իրազեկված շարքային ընտրողի միջոցով բնապահպանական խնդրի լուծումներ պահանջել քաղաքական ուժերից:. Գեղամ Բաղդասարյանը հավաքվածներին նաև բացատրեց, որ քննարկման ընթացքում չի նախատեսվում բնապահպանական կոնկրետ քննարկում:

«Մենք ուզում ենք Ձեր կարծիքը իմանալ նաև` արդյո՞ք պատշաճ մակարդակով է այս խնդիրները լուսաբանվում մամուլում ու հատկապես նոր մեդիայում ` նոր այլընտրանքային լրատվամիջոցներով: Արդյոք լրագրողները ճի՞շտ են ներկայացնում իրական խնդիրը և արդյոք ներկայացնո՞ւմ են բոլոր կողմերի տեսանկյունները»: 

Լրագրող Վաղարշակ Ղորխմազյանին հետաքրքրեց, թե Հայաստանում կա՞, արդյոք, անկախ մամուլ: «Ինչ ունենք հանքարդյունաբերության մեջ, նույնն ունենք նաև մամուլում»,-ասաց Վ.Ղորխմազյանը: Վերջինիս Գեղամ Բաղդասարյանը պատասխանեց, որ այս պահին և այս փուլում Հայաստանում հնարավոր չէ ունենալ անկախ մամուլ. «Հայաստանում այս պահին, եթե խոսում ենք անկախ մամուլի մասին, խոսում ենք իշխանություններից անկախ լրատվության մասին»,-պատասխանեց փորձագետը: 

«Ինձ թվում է` ավելի կարևոր խնդիրներ կան, հացի խնդիր կա, սոցիալական շատ ավելի լուրջ խնդիր կա, որին երևի ավելի շատ պետք է անդրադառնալ, ես բնապահպանական խնդիրը խիստ վտանգավոր ու հրատապ չեմ համարում, ինչքան որ սոցիալական խնդիրը»,- ասաց Ալավերդու թիվ 8 ավագ դպրոցի տնօրեն Ալվարդ Բաբայանը: «Վահագն 21» ՀԿ-ի նախագահ Գոռ Հովվյանը գտնում է, որ Ալավերդու լրագրողները անգրագետ են, քանի որ իր մեջբերումները անելուց հետո, վերջում, իր կարծիքով, անգրագետ հետևություն են անում: «Դեբեդ» ՀԿ-ի նախագահ Ռաֆիկ Ղազինյանը կարծում է, որ քաղաքում պետք է ստեղծել անկախ և բոլորին մատչելի ինտերնետային կապ, որպեսզի անհրաժեշտության դեպքում բոլորը կարողանան բնապահպանական հրատապ խնդիրները փոխանցել ինտերնետային ցանցերին:

Ալավերդու քաղաքապետ Արտավազդ Վարոսյանի կարծիքով, Ալավերդիում չի գտնվի մի մարդ, ով ընդհանրապես անտարբեր լինեն բնապահպանական խնդիրների նկատմամբ: Քաղաքապետը, սակայն, գտնում է, որ բնապահպանական որակի հետ մարդկանց անհանգստացնում է կյանքի որակի հարցը: Արտավազդ Վարոսյանը համամիտ չէ վերջերս Թեղուտ եկած 200 երիտասարդների մոտեցումներին: «Ծայրահեղությունները լավ բանի չեն բերում: Մենք մի անգամ նորագույն պատմության մեջ առնչվել ենք մի խնդրի հետ` այլընտրանք չառաջարկելով և արդյունքում զրոյացրել ենք մեր ամբողջ արդյունաբերական պոտենցիալը»,- ասաց նա:

Ալավերդու Օրհուս կենտրոնի համակարգող Անուշ Էվոյանը գտնում է, որ բնապահպանական հարցերում լրագրողները գործ ունեն 2 տիպի հասարակության հետ: «Մի մասը ասում է` այո, մենք լավ ենք ապրում, գոհ ենք հանքարդյունաբերությունից: Ունենք հասարակության մի մաս, ով դեմ է հանքարդյունաբերությանը: Երկու դեպքում էլ մեզ մոտ բնապահպանական անվտանգությունը ապահովված չէ»:

Օրհուսի համակարգողը կարծում է, որ մամուլը հավասարապես պետք է հրապարակի երկու թևերի կարծիքը:

Ադրադարձ եղավ նաև քաղաքական կուսակցությունների օրակարգում տեղ գտած բնապահպանական խնդիրներին: «Որպես ափաչափ երկիր այս երկիրը պետք է պահպանել: Էս երկիրը շատ փոքր է, որ աջ ու ձախ ամեն տեղ պոչամբար սարքեն: Ես կցանկանայի այս ուղղությամբ բոլորս ձայն տանք այն կուսակցությանն ու մարդուն, ով վաղը մեզ չի խափի»,- ասաց Ռաֆիկ Ղազինյանը: 

Մեկնաբանություններ (1)

Karen
Hanqardiunaberutian mej unenq mi sharq anpatasxanatu bnapahpanner

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter