HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Կաթնամթերքի արտադրությունն աճել է

2018 թվականին կաթնամթերքի արտադրության ծավալները Հայաստանում աճել են, բացառությամբ՝ կաթի։ Այս տարի աճը շարունակվել է։ Ավելացել է նաև կաթի արտադրությունը։

Ըստ Վիճակագրական կոմիտեի (ՀՀ ՎԿ) հրապարակած տվյալների՝ 2018 թվականին  Հայաստանում արտադրվել է 425.3 մլն լիտր կաթ։ 2017 թվականի համեմատ այն կրճատվել է 7.9 %-ով։  Վիճկոմիտեի պարզաբանմամբ՝ կաթի արտադրության այս ծավալները ներառում են նաև գյուղացիական տնտեսությունների կողմից արտադրված կաթը (բացառությամբ ներքին սպառումը):

Նույն ընթացքում պանրի արտադրության ծավալները կազմել են 21.2 հազ. տոննա, որը  2017 թվականի համեմատ աճել է 11 %-ով։ Պանրի ծավալները ևս ներառում են տնային տնտեսությունների կողմից արտադրված պանիրը, որի տվյալները Վիճկոմիտեն ստանում է առանձին հետազոտության արդյունքում։

Կաթնամթերքի մյուս բոլոր տեսակների արտադրության ծավալները ցույց են տալիս միայն գործարանային արտադրությունը։ Այսպիսով, նախորդ տարի 4.2 %-ով աճել է թթվասերի արտադրությունը։ Այն կազմել է 5.1 հազ. տոննա:

Նկատելիորեն աճել է նաև կաթնաշոռի արտադրությունը՝ կազմելով 1.4  հազ. տոննա։ 2017-ի համեմատ աճը կազմել է 66.1 %։

2018-ին մածնի արտադրությունը կազմել է մոտ 7.6  հազ. տոննա՝ աճելով 21.1 %-ով։ 

Նույն տարում արտադրվել է նաև 12.1 մլն լիտր պաղպաղակ, որը 2017-ի համեմատ ավելացել է 25.5 %-ով։

Պաշտոնական վիճակագրությունը ցույց է տալիս, որ մինչև 2018 թվականին գրանցված անկումը Հայաստանում կաթի արտադրության ծավալները աճի դինամիկա են ունեցել։

«Գրանթ Թորնթոն Քնսալթինգ» ընկերության կատարած հետազոտություններից մեկի համաձայն՝ վերջին տարիներին կաթի արտադրության ծավալների աճին զուգահեռ նվազել է ներքին սպառումը։ Ըստ այդ հետազոտության, որը հրապարակվել է 2017 թվականին, եթե 2010 թվականին ներքին սպառման համար օգտագործվել էր արտադրված կաթի 48 %-ը, ապա 2016-ին՝ ընդամենը 37 %-ը։ 

Ինչ վերաբերում է այս տարվան, ապա այս տարվա վիճակագրության մեջ կաթնամթերքի բաժնում առանձնացված են նաև մշակված կաթը, թթված կաթն և չբուրավետացված մածունը։ Վիճկոմիտեի հրապարակած վերջին տվյալներով՝ այս տարվա հունվար-ապրիլին արտադրվել է մոտ 2.4 մլն լիտր հեղուկ կաթ՝ մշակված, որի ծավալները նախորդ տարվա նույն ամիսների համեմատ աճել են 43.6 %-ով։

Մյուս ապրանքատեսակն է «թթված կաթ և մածուն չբուրավետացված, մրգերի, ընկույզների կամ կակաոյի հավելումներ չպարունակող»։ Արտադրության ծավալները կազմել են 3 հազ. տոննա՝ աճելով 33.5 %-ով։

Այս հունվար-ապրիլին արտադրվել է նաև 5.6 հազ. տոննա պանիր՝ 10 %-ով ավելին, քան 2018 թվականի նույն ժամանակաշրջանում։

Արտադրվել է 2 հազ. տոննա թթվասեր, աճը՝ 36.4 %։

Կաթնաշոռի արտադրությունը կազմել է 590 տոննա, որը նախորդ տարվա հունվար-ապրիլի համեմատ աճել է 31 %-ով։

Եվ, վերջապես, պաղպաղակի ու ուտելի սառույցի արտադրությունը կազմել է մոտ 2.8 մլն լիտր՝ ավելանալով 23.3 %-ով։

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter