
Ծիծեռնակների սերն ու մարդկանց օրենքները
Մհեր Ենոքյան, «Հետքի» թղթակիցը «Նուբարաշեն» բանտից
Այս անգամ երկու լավ նորության մասին եմ պատմելու ձեզ: Ազգային ժողովն արդեն ընդունել, իսկ Նախագահը ստորագրել է ցմահ ազատազրկվածների պահման ռեժիմների փոփոխության վերաբերյալ տարիներ շարունակ բարձրաձայնվող անհրաժեշտ օրենսդրական փոփոխությունը: Սա կարևոր է, քանի որ որևէ մեկը չի պատկերացնում, թե ինչ ասել է 20 և ավելի տարիներ լինել փակ ռեժիմում՝ խցում 23 ժամ փակված (1 ժամ զբոսանք, այն էլ՝ դարձյալ քարե վանդակում), իսկ մահապատժի տարիներին այդ 1-ժամյա զբոսանքը, հարազատների հետ անգամ տարեկան 1-անգամյա երկարատև տեսակցությունը չկային պարզապես:
Այսպես` ցմահ ազատազրկվածը 20 տարի փակ ռեժիմում պատիժը կրելուց հետո միայն կարող էր անցնել կիսափակ ռեժիմային գոտի, իսկ քրեակատարողական օրենսգրքի վերջին փոփոխությունից հետո՝ 15 տարի անց: Սա, ըստ էության, նշանակում է, որ 1 ժամ զբոսանքի փոխարեն կտրամադրվի 3-ժամյա զբոսանք և հարազատների հետ ամենամսյա կարճատև ու տարեկան 6 անգամ երկարատև (մինչև 3 օրով) տեսակցություններ: Ներկայումս տասնյակից ավելի ցմահականեր այդ ռեժիմային գոտում են:
25 տարի անց կիսափակից կիսաբաց ռեժիմ փոխելու ժամկետը նոր փոփոխությամբ կրճատվել է մինչև 18 տարի: Չնայած նրան, որ մի շարք ցմահականներ հատել են պատժի կրման 25 տարվա շեմը, այնուամենայնիվ մինչ օրս որևէ մեկին չեն տեղափոխել կիսաբաց ռեժիմային գոտի, որը իրենից ներկայացնում է սովորական, այսպես ասած, գաղութային ռեժիմը: Նման հիմնարկներում դատապարտյալը գտնվում է բավական մեծ տարածքում` շրջապատված արգելագոտով, որտեղ ցերեկվա ողջ ընթացքում կարող է լինել բաց երկնքի տակ: Հարազատների հետ տեսակցությունների քանակը և տևողությունը մնում է նույնը: Ներկայիս օրենսդրական փոփոխության շնորհիվ, կարծում եմ, շատ ցմահականների, ում պատժի կրման 18 տարվա շեմը լրացել է, արդեն կտեղափոխեն գաղութներ, այն է` կիսաբաց ռեժիմային գոտի:
Եվ վերջապես՝ երկար տարիներ սպասված հեղափոխական մոտեցման մասին: Ցմահ դատապարտյալների համար նոր փոփոխությամբ նախատեսվել է բաց ռեժիմ, որը կարող է կիրառվել պատժի առնվազն 20 տարին կրելուց հետո: Ի՞նչ է սա նշանակում: Ցմահ ազատազրկվածը կարող է, որքանով ինձ հայտնի է, առավոտյան դուրս գալ քրեակատարողական հիմնարկից և լինել ազատատության մեջ մինչև երեկո: Իսկ երեկոյան պարտավոր է վերադառնալ քրեակատարողական հիմնարկ:
Վերջապես պետությունը քաղաքակիրթ աշխարհին բնորոշ մոտեցում ցուցաբերեց` դատապարտված քաղաքացուն հնարավորություն տալով վերադառնալ հասարակություն: Շնորհավորում եմ բոլոր ցմահ ազատազրկվածներիս և մեր ընտանիքներին, հատկապես նրանց, ովքեր անցել են մահապատժի տարիների դժոխքի միջով:
Օրենսգրքի այս փոփոխությունը հեղափոխական մոտեցում է, սակայն… մենք մտահոգ ենք, որ հանկարծ այս օրենքը, մասնավորապես, բաց ռեժիմի հետ կապված՝ չմնա միայն թղթին գրված կամ կիրառվի հազվադեպ` կախված կոռուպցիոն ռիսկերից, սուբյեկտիվորեն, կամ այս ու այն ոչ իրավական, ոչ օրինական գործոններից ելնելով, այլ հիմնված լինի օրենքով հստակ սահմանված առողջ, օբյեկտիվ, իրավաչափ գնահատականի վրա: Հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ ներկայումս էլ որպես խրախուսանքի ձև կարող էր կիրառվել ռեժիմների փոփոխությունը, բայց երբևէ չի կիրառվել:
Միջազգային փորձը ցույց է տալիս, որ որոշակի տարիների պատիժ կրելուց հետո հենց ցմահ ազատազրկվածներն են ամենաանվտանգ խումբը, որտեղ կրակնահանցագործությունները ազատություն վերադառնալուց հետո գրեթե զրոյական են: Օրինակ՝ Իտալիայում ցմահ ազատազրկվածը մոտ 5 տարի անց ստանում է տարվա մեջ 45 օր արձակուրդի իրավունք: Այդ օրերին նա միանգամից կամ տարվա մեջ մասերի բաժանած ազատության մեջ է լինում` իր ընտանիքի հետ: Ավելի հետաքրքիր մոդել կիրառվում է Անգլիայում, կարդացել եմ D տիպի բանտի մասին, նույնն է, թե մեր բաց ռեժիմը մեկ տարբերությամբ՝ դատապարտյալն այնտեղ ապրում է ընտանիքի անդամների հետ: Եվ ամենևին կարևոր չէ, թե անձը քանի տարի է անցկացրել A, B կամ C տիպի բանտերում, կարևորը անհատական նկարագիրն է ու աճը բանտում՝ նրա վարքագիծը, ուսումը, հասարակական լինելը, միջոցառումներին մասնակցելը, ակտիվությունը: Սա մոտիվացնում է դատապարտյալին, ու հաճախ նա կարող է անգամ 9-10 տարի անց հասնել իր ընտանիքի հետ D տիպի բանտում ապրելու հնարավորության: Ավելին՝ մի շարք եվրոպական երկրներում կան առաձնացված գոտիներ, որոնք հիշեցնում են գյուղատիպ ավաններ, որտեղ որոշակի տարիներ պատիժը կրելուց հետո նաև առանձնապես ծանր հանցանք կատարած անձանց թույլատրված է իրենց ընտանիքների հետ ապրել: Այնտեղ կան 1-2 հարկանի տնակներ, որոնց դռները մշտապես բաց են, մարդիկ կարող են հողագործությամբ զբաղվել, աշխատել, հանրային բարիք ստեղծել և այլն: Անշուշտ, կարևորագույն գործոն է աշխատանքը: Ներկայումս էլ Հայաստանում բաց ռեժիմային գոտում պատիժը կրելու անհրաժեշտ պայման է աշխատանքի առկայությունը: Եվ սա միանշանակ ճիշտ մոտեցում է: Բայց հարց է առաջանում, թե ինչպես մարդիկ պիտի գտնեն աշխատանք, երբ 20 և ավելի տարիներ փակված են եղել խցերում, անգամ համակարգչային դարից առաջ: Այստեղ ընդամենը մի քանի ցմահ դատապարտյալներ են, որ ունեն աշխատանք: Պրոբացիայի ծառայությունը այստեղ մեծ անելիքներ պիտի ունենա, որպեսզի աջակցի դատապարտյալներին աշխատանք գտնելու հարցում:
Հիմա մյուս լավ նորության մասին. մեկ ամիս առաջ համակարգչային սենյակում, որտեղ երկու ժամ աշխատում եմ, ազատության խորհրդանիշ համարվող երկու ծիծեռնակ սկսեցին բույն հյուսել: Այստեղ համեմատած խցերի՝ ճաղերը միաշերտ են ու մեծ անցքեր կան: Ծիծեռնակները թռչում էին դուրս, կտուցներին ճյուղեր առած՝ ներս գալիս նորից, իսկ երբ հոգնում էին, ուղիղ համակարգչիս մոտ էին նստում իմ աշխատելու ժամերին ու սիրում իրար: Եվ ահա, ինչ-որ կախարդական զուգադիպությամբ հենց այս օրենսդրական փոփոխության ընդունման օրերին նրանք երկու ձագուկ ունեցան: Էնքան լավն են բռաչափ դեղնակտուցները` մեծերն անընդհատ ուտելիք են բերում, ճուտիկներն էլ բերանները մեծ բացած՝ սպասում են, որ բերանից բերան կերակրեն իրենց, մինչև ինքուրույն թռչել սովորեն…
Մեկնաբանություններ (4)
Մեկնաբանել