HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Շիրակի պետական համալսարանի ֆինանսական վիճակը կայունացել է, բայց զարգացման ֆոնդ չունի

Հունիսի 29-ին Շիրակի պետական համալսարանի հոգաբարձուների խորհրդին բուհի գլխավոր հաշվապահ Ռաֆֆի Քալաջյանն առաջարկեց կատարել որոշակի փոփոխություններ համալսարանի 2018 թվականի բյուջեի տարեկան կատարողական հաշվետվությունում:

Ռ.Քալաջյանը կատարվող փոփոխությունները պայմանավորեց հիմնականում տեխնիկական խնդիրներով, նշեց, որ բացթողումներն հիմնականում արվել են հայկական հաշվապահական ծրագրի հետ կապված խնդրով:

«Ես նպատակահարմար գտա թվերի վրայից, այսպես ասած, անցնել»,-ասաց Ռ.Քալաջյանը: Հոգաբարձուների խորհրդի նախագահ Լեւոն Բարսեղյանը գլխավոր հաշվապահից հետաքրքրվեց, թե բուհի` այս գծով մասնագետները հնարավո՞ր է ունեն կարողությունների զարգացման անհրաժեշտություն, Ռ.Քալաջյանը բացասական պատասխանեց:

Ի դեպ, մոտ 80 միլիոն ՀՀ դրամ ուսանողներն են պարտք բուհին, նախորդ տարիներին չեն մուծել ուսման վճարները:

Բյուջեի կատարողականից պարզ նկատվում էր, որ ի տարբերություն նախորդ տարիների, կատարվել են որոշակի խնայողություններ: Իր եւ բուհի դեկանների, ֆինանսական բաժնի կատարած խնայողությունները վերահաստատեց նաեւ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Երվանդ Սերոբյանը եւ ավելացրեց, որ բուհը ֆինանսական տեսանկյունից ներկայում կայուն վիճակում է, սակայն չունի զարգացման ֆոնդ:

Ընթերցելով բուհի նախորդ տարվա բյուջեի կատարողականը` հոգաբարաձուների խորհրդի անդամ Սուրեն Մանուկյանն ակնարկեց, որ կարելի է շարունակել խնայողությունները, ասենք` մարդկանց գործից ազատել, ջրի խնայողություն անել, սակայն անհրաժեշտ է զարգացման տեսանկյունից նայել խնդրին եւ մտածել բուհի զարգացման ֆոնդ ունենալու մասին:

Խորհրդի անդամն ընդգծեց, որ բուհն ունի հիմնադրամի իրավական ձեւ, հետեւաբար լրացուցիչ եկամուտ ստանալու հնարավորություն ունի, որը նկատելի չէ, սակայն, բյուջեի կատարողականում:

2012 թվականից ՀՀ-ում մեկնարկեց պետական ոչ առեւտրային կազմակերպությունների վերակազմակերպումը հիմնադրամների: Կազմակերպաիրավական ձեւի այս փոփոխությունը սկսվեց բուհական համակարգում եւ հիմնական նպատակն էր բուհերին հնարավորություն տալ ավելի ազատ ու ինքնուրույն լինել, լրացուցիչ եկամուտներ ձեռք բերել ու զբաղվել օրենքով նախատեսված ձեռնարկատիրական գործունեությամբ:

Երբ Գյումրու պետական մանկավարժական ինստիտուտը 2016 թվականին ՊՈԱԿ-ից վերակազմակերպվեց հիմնադրամի ու համալսարանի, մեծ հույսեր կային այս փոփոխությունից:

Սակայն երեկ Երվանդ Սերոբյանը նշեց, որ այլ եկամուտներ ձեռք բերելու ճանապարհին առաջանում են օրենսդրական հարցեր եւ ավելացրեց, որ հիմնադրամը դեռեւս չունի իր սեփական շենքն ու շինությունը: Ս.Մանուկյանը շարունակեց հետաքրքրվել` հարցնելով, եթե հիմնադրամը տարածք չունի, ինչո՞ւ է բուհի հյուրանոցը 5 միլիոն ՀՀ դրամի արժողությամբ գույք գնել:

Ե.Սերոբյանը համաձայնեց հարցադրման հետ եւ շարունակեց ասել, թե եկամուտներ ձեռք բերելու ուղղությամբ բուհը քայլեր է նախատեսում:

Հոգաբարձուների խորհրդի նախագահ Լեւոն Բարսեղյանը ստիպված եղավ վերհիշել նախորդ ուսումնական տարվա իր ելույթը, որտեղ բուհի աշխատակազմին հուշել էր բուհի ուժեղ կողմերի ներուժը ներդնելով եկամուտներ ստանալ: խորհրդի նախագահը հորդորեց ու խնդրեց օգտագործել բուհի ներուժը, ծրագրեր կազմել եւ իրականացնել եկամուտներ ստանալու ուղղությամբ, իսկ օրենսդրական բացի հետ կապված խնդիրներով առաջարկություններ ներկայացնել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությանը:

Բուհը ունի հյուրատուն, սակայն զբոսաշրջիկների ակտիվություն այստեղ չկա, վճարովի թարգմանությունները, բուֆետի եկամուտները բավական քիչ են:

Շիրակի պետական համալսարանը մի քանի անգամ մասնակցել է Գիտկոմի հայտարարած դրամաշնորհային մրցույթներին, հաղթել եւ մոտ 1-2 միլիոն դրամ շահել, սական, ինչպես պարզվում է, գրեթե չի մասնակցում միջազգային դրամաշնորհային մրցույթների:

Բուհի հաջորդ խնդիրը Իրավագիտություն մասնագիտության լիցենզիա չունենալն է: Մոտ 10 օր առաջ Լիցենզավորման գործակալությունը երկրորդ անգամ է մերժել այս մասնագիտությանը լիցենզիա տալու հայտը: Ե.Սերոբյանն ասաց, որ առաջին հայտի մերժումը ստացել են ավելի վաղ` մինչ իր պաշտոնավարումը:

«Զբոսաշրջության համար ստացել ենք լիցենզիա, բայց մի շաբաթ թե 10 օր առաջ իրվագիտության լիցենզիայի մերժումով եկավ, այդ մերժումն արդեն երկրորդ անգամ է տեղի ունենում, մինչեւ իմ պաշտոնավարելն են մեկ անգամ եւ մերժել» ,-մանրամասնեց Ե.Սերոբյանը:

Հոգաբարձուների խորհրդի նախագահ Լեւոն Բարսեղյանն հայտնեց, որ ինքն այդ հարցի հետ կապված պարտավոր է պարզաբանում տալ: «Ես տեսել եմ այդ երկու մերժումները, երկուսի մեջ շեշտադրված է օրինակ, տարածքային պայմանների անբավարար լինելը եւ երկու հայտի մեջ էլ նույն տարածքային պայմաններն են նկարագրված, փորձեք պատկերացնել:

Երկրորդ հայտը գնում է նույն մակերեսային նշումներով, ինչպես առաջին հայտով նշվել է: Ուզում եմ հասկանալ` այդ մարդիկ, ովքեր մշակում են այդ փաթեթը եւ ուղարկում են լիցենզավորման, կարդո՞ւմ են մերժման բովանդակությունը, թե՞ չէ»,-դժգոհեց Լ.Բարսեղյանը:

Հոգաբարձուների խորհրդի անդամ, բուհի դասախոսներից մեկն էլ Լ.Բարսեղյանի խոսքներին արձագանքելով` ակնարկեց, թե բուհում աշխատող կա, որն իր աշխատանքի կեսն էլ չի կարող կատարել:

Անի Մկրտչյան

աղբյուրը՝ asparez.am

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter