HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ավետիք Իշխանյան

Երկու արձան

Վերջերս քայլում էի Շահումյան հրապարակով և չնայած բազմիցս տեսել էի՝ ևս մեկ անգամ նայեցի Ստեփան Շահումյանի արձանին (քանդակագործ՝ Սերգեյ Մերկուրով, ճարտարապետ՝ Իվան Ժոլտովսկի), երկար կանգնեցի և ահա թե ինչ մտածեցի։ Չլինելով արվեստաբան, մասնագետ՝ մտքումս համեմատություններ արեցի Երևանում տեղադրված այլ արձանների, բայց հատկապես անցյալ տարի տեղադրված Արամ Մանուկյանի արձանի հետ և եկա այն եզրակացության, որ Շահումյանի արձանը լավագույնն է Երևանի բոլոր արձանների մեջ (չհաշված Երվանդ Քոչարի Սասունցի Դավիթը)։

Չլինելով պատմաբան, այնուամենայնիվ փորձեմ համեմատություններ անել Ստեփան Շահումյանի և Արամ Մանուկյանի, ինչպես նաև այս երկու գործիչներին անմահացնող արձանների միջև։

Համոզված եմ, որ երկուսն էլ իրենց ժամանակի քաղաքական վառ գործիչներից են եղել, մեկը՝ համոզված կոմունիստ, մյուսը՝ դաշնակցական։ Հետաքրքիր զուգադիպությամբ երկուսն էլ մահացել են 39 տարեկանում։ Ելնելով այսօրվա իրականությունից՝ ընթերցողներից շատերը հավանաբար կզարմանան, թե ինչպե՞ս կարելի է Ստեփան Շահումյանին լուրջ վերաբերվել, և այն էլ անվանել վառ քաղաքական գործիչ։ Իհարկե, իմանալով, թե կոմունիստական գաղափարախոսությունը ի վերջո ինչի հանգեցրեց՝ ԽՍՀՄ-ի, իր դաժան ռեժիմով, միլիոնավոր մարդկանց ճակատագրերը խեղելով և այլն, դյուրին է շուրջ 100 տարի անց մերժել և այպանել բոլոր կոմունիստներին՝ նույնականացնելով Շահումյանին ու Նուրիջանյանին, Մյասնիկյանին ու Աթարբեկյանին, Չարենցին ու Զարյանին։

Իրականում ինչպես Ստեփան Շահումյանը, այնպես էլ Ալեքսանդր Մյասնիկյանը, Վահան Տերյանը, Եղիշե Չարենցը համոզված են եղել, որ հենց կոմունիստների հռչակած  գաղափարներն են փրկություն բերելու հայ ժողովրդին։ Ինքս, ԽՍՀՄ տարիներին լինելով այլախոհ, հակակոմունիստ, զարմանում էի, թե ինչպե՞ս կարող էին այնպիսի խելացի, տաղանդավոր բանաստեղծներ, ինչպիսիք էին Վահան Տերյանն ու Եղիշե Չարենցը լինել կոմունիստներ։ Հետագայում, արդեն անկախ Հայաստանում տեսնելով, թե ինչպիսի սոցիալ-տնտեսական համակարգ, այն է՝ ֆեոդալակապիտալիստական ստեղծվեց, մտովի ետ գնացի և հիշեցի հայ դասականների (Պերճ Պռոշյան, Վրթանես Փափազյան, Ակսել Բակունց, Հովհաննես Թումանյան) նկարագրած քյոխվայական բարքերը, մտածեցի ու տասնյակ տարիներ անց․․․ հասկացա նրանց։

Ստեփան Շահումյանը, լինելով կոմունիստ, ժամանակի ամենակրթված գործիչներից է եղել, խմբագրել տարբեր թերթեր, հեղինակ է եղել բազմաթիվ փիլիսոփայական, գրականագիտական, պատմական աշխատությունների, և ինչպես վերը նշեցի իր գործի և համոզմունքների նվիրյալ, համոզված, որ հայ ժողովրդի փրկությունը կոմունիզմն է։ Շահումյանը ջերմ հարաբերություններ է ունեցել հայ գրողների հետ։ Հայրս էր պատմում (աղբյուրը չեմ հիշում), թե ինչպես 1903թ․ Թիֆլիսում պատահաբար հանդիպել են Շահումյանն ու Թումանյանը։ Եվ Շահումյանի խնդրանքով Թումանյանը ոտքի վրա թարգմանել է Պուշկինի հայտնի քառյակը․

Ատում եմ քեզ և քո գահը.
Միահեծան գոռոզ ցար,
Եվ քո որդոց ու քո մահը
Պիտի տեսնեմ անպատճառ։

Իհարկե, եթե 1918թ․ Շահումյանը չզոհվեր, հետագայում, ամենայն հավանականությամբ, 1937թ․ կարժանանար Չարենցի և Խանջյանի ճակատագրին։

Եվ ահա նայելով Ստեփան Շահումյանի արձանին՝ մտածում և հիանում եմ, թե ինչպես է կարողացել քանդակագործ Սերգեյ Մերկուրովը «բռնել» շահումյանական հեղափոխական ոգու վսեմությունն ու վեհությունը։

Ակամայից հիշում ես Վահան Տերյանի Ստեփան Շահումյանին նվիրված բանաստեղծությունը․

«Սիրտդ որպես վառ ատրուշան, պահի՜ր վառ,

Սիրտդ հրկեզ, մթնում դաժան, պահի՜ր վառ:

Սիրտդ խանդոտ, հրաբորբոք, պահի՜ր վառ,

Խինդդ տենդոտ, սերդ` վահան, պահի՜ր վառ:»

Այժմ հաջորդ գործչի՝ Արամ Մանուկյանի և նրա արձանի մասին։ Երկար տարիների ընթացքում հանիրավի մոռացված գործիչ։ ԽՍՀՄ տարիներին նրա անունը՝ որպես դաշնակցական գործիչ, արգելված էր։ Եթե, արդեն 60-70-ականներից կարելի էր խոսել, գրել Սարդարապատի ճակատամարտի, հերոսներից ոմանց (Մովսես Սիլիկյան, Դանիել Բեկ-Փիրումյան) մասին, ապա Սարդարապատի հիմնական, գուցե միակ կազմակերպչի՝ Արամ Մանուկյանի մասին ոչ մի խոսք։

Այս անգամ ոչ թե կարծում եմ, այլ համոզված եմ, որ հայոց նորագույն պատմության ամենամեծ, ամենահզոր, ամենա-ամենա քաղաքական գործիչը եղել և առայժմ մնում է Արամ Մանուկյանը։

Թերևս միակ գործիչն է եղել, որ հասկացել է․ «Հայերով ոչ ոք չի հետքրքրվում՝ շոշափելի օգնություն հասցնելու մտքով, դրա հակառակը, կա դավադրական վերաբերմունք։ Մենակ ենք և պետք է ապավինենք մեր ուժերին՝ թե ճակատը պաշտպանելու և թե երկրի ներսը կարգ հաստատելու համար»։ Արդյոք արդիական չե՞ն այս խոսքերը նաև այսօր։

Արամ Մանուկյանն է մեր նորագույն պետականության հիմնադիրը և այսօրվա Հայաստանի Հանրապետության գոյության համար նույնպես պարտական ենք նրան։

1991թ․ ստանալով անկախություն, նոր իշխանության առաջնահերթություններից պետք է լիներ Արամ Մանուկյանի արձանի կանգնեցումը, որպես հայոց պետականության, անկախության խորհրդանիշ։ Եվ ճիշտ կլիներ Արամ Մանուկյանի արձանը կանգնեցնել Հանրապետության հրապարակում՝ Լենինի արձանի տեղում, պահպանելով պատվանդանը։ Ի՞նչը դրան խանգարեց, այդ մասին չմտածե՞լը, թե՞ Արամ Մանուկյանի դաշնակցական լինելը։ Հետագայում, 2009թ․ ՀՀ ոստիկանության շենքի առջև բացվեց Արամ Մանուկյանի կիսանդրին, ընդամենը որպես․․․․ Ներքին գործերի առաջին նախարար։

Եվ վերջապես անցյալ տարի, 2018թ․ Հանրապետության հրապարակի մատույցներում բացվեց Արամ Մանուկյանի արձանը (քանդակագործ Դավիթ Մինասյան)։

Արձանը՝ որպես արձան, վատը չէ, շատ նման է լուսանկարի Արամ Մանուկյանին, բայց․․․ չկա Արամ Մանուկյանի ոգին, կամքը, վսեմությունը։ Արձանին նայելիս պատկերացնում ես մի պարզ մտավորականի, ավելի ճիշտ խեղճ ու կրակ վարժապետի կերպար, «բուսած» մետրոյի կայարանից։ Տեղյակ չեմ, հետաքրքիր է, արդյոք եղե՞լ է մրցույթ։ Եթե եղել է․ արդյոք սա՞  է եղել լավագույն տարբերակը։ Եթե, այո, ապա մրցույթին մասնակցած քանդակագործները չեն հասկացել, թե ով է Արամ Մանուկյանը, կամ չեն կարողացել պատկերացնել ու պատկերել նրա հզորությունն ու նրա անձի՝ որպես արժանապատվության և անկախության խորհրդանիշի կարևորությունը հայ ժողովրդի համար։ Իսկ միջավա՞յրը։ Չնայած արձանը տեղադրված է կենտրոնում, Հանրապետության հրապարակի մատույցներում, բայց անշուք, ոչ մի տպավորություն չթողնող միջավայրում։ Ցավոք, ի տարբերություն Ստեփան Շահումյանի, Արամ Մանուկյանը չունեցավ իր Սերգեյ Մերկուրովին, Իվան Ժոլտովսկուն ու Վահան Տերյանին։

Արդյոք սա նաև մեր թաքնված վերաբերմու՞նքն է մեր անկախության նկատմամբ։ Հուսամ՝ ոչ։

Հնարավո՞ր է արդյոք շտկել վիճակը։ Կարծում եմ՝ այո, և ի տարբերություն Շահումյանի, որը հիմնականում հայ կոմունիստների խորհրդանիշն է, Արամ Մանուկյանը ողջ հայ ժողովրդի խորհրդանիշն է, անկախ նրա կուսակցական պատկանելիությունից։ Խնդրանք ՀՅԴ անդամներին․ հպարտացեք, որ Արամ Մանուկյանը դաշնակցական է եղել, բայց մի պարտադրեք, որ Արամ Մանուկյանն այդպիսին էր, քանի որ դաշնակցական էր, ինչպես ի պատիվ հայ կոմունիստների չեն նշում, որ Վահան Տերյանն ու Եղիշե Չարենցը կոմունիստներ էին, և հենց այդ պատճառով՝ տաղանդավոր բանաստեղծներ։

Մեկնաբանություններ (3)

Թլկատինցի
Իրօք՝ Շահումեանը վառ քաղաքական գորշիչ էր ու իր արձանը բաւականաչափ յաջող միւսներու համեմատութեամբ։
Yerevan2800
հետաքրքիր էր ձեր մեկնաբանությունը, սակայն հաշվի առեք, որ քանդակի գեղարվեստական <<որակը>> գալիս է մի քանի հանգամանքներից, տվյալ քանդակի հեղինակը քանդակագործ է թե նկարիչ-քանդակագործ, ինչքանով է խորամուխ եղել կերպարի կենսագրականի ու գործունեության մեջ, ինչ հայացքների տեր է, թեև արվեստում դա այդքան էլ ընդունելի չէ, և իհարկե էսքիզը մրցույթով անցել է և ինչպես, նույն կերպ հետաքրքիր կլիներ ձեր տեսակետը Մյասնիկյանի ու Նժդեհի արձանների վերաբերյալ, չէ որ այս բոլոր անձանց գործունեության ժամանակահատվածները համընկում են, նույնիսկ Սպանդարյանի և այլ գործիչների պարագայում պետք է ընդունենք որ սա մեր պատմությունն է, և ամեն արձան էլ իր արժեքն է ներկայացնում պատմության ու ժամանակի հորձանուտներում, ինչու արձագանքեցի, ինքս դեռ վաղ մանկուց մեր լավ հին հարևան հայտնի նկարիչ-քանդակագործի հետ շփվելով գիտեմ որևէ արձանի կերպումը դա ինչպիսի գործընթաց է և մինչ այժմ նրա տարբեր գործիչների դիմաքանդակ արձանները գոյություն ունեն, այո կարելի է ընդունել որ արձանի հարակից միջավայրը չի համապատասխանում, դա երևի ժամանակի ընթացքում կուղղվի,
Ռաֆայել
Ստեփան Շահումյանի արձանը իսկապես լավն է ... իսկ Կոմունիստ Ստեփան Շահումյանը, ազգային հարցում տարաձայնություններ ունենալով Լենինի հետ՝ կոմունիստների առաջին (եթե ոչ առաջին) զոհերից է եղել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter