HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Սասուն Խաչատրյան. նոր հակակոռուպցիոն մարմնի ստեղծումը ենթադրում է ՀՔԾ-ի լուծարում, բայց դա դեռևս միայն նախագիծ է

Նոր հակակոռուպցիոն մարմին ստեղծելու նախագիծը ենթադրում է Հատուկ քննչական ծառայության լուծարում, բայց դա դեռևս միայն նախագիծ է: Դատախազության կազմավորման 101-րդ տարեդարձի և դատախազության աշխատողի օրվան նվիրված միջոցառման ժամանակ այս մասին ասաց Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը, ով մասնակցում է միջոցառմանը:

Լրագրողի հարցին, թե հնարավո՞ր է՝ Խաչատրյանը հրաժեշտ տա իր պաշտոնին, վերջինս պատասխանեց, թե որոշողն ինքը չէ:

Խաչատրյանը, ում ղեկավարած կառույցն օրեր առաջ իրավական գնահատական է տվել մայիսի 20-ին դատարանների դիմաց տեղի ունեցած իրադարձություններին և դատարանների մուտքերն արգելափակելու վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչին, այդ իրադարձություններին վերաբերող հարցերին չպատասխանեց՝ լրագրողներին հորդորելով իրենից քաղաքական հարցերի վերաբերյալ մեկնաբանություններ չպահանջել՝ ըստ էության քաղաքական գնահատելով լրագրողի հարցը:

Նշենք, որ Հատուկ քննչական ծառայությունը մերժել է մայիսի 20-ին տեղի ունեցած իրադարձությունների առթիվ ներկայացված բոլոր հաղորդումներով քրեական գործերի հարուցումը:

Հարցին, թե ինչպես կարձագանքի, եթե քաղաքացիները թույլ չտան իրեն և մյուսներին մտնել ՀՔԾ շենք ու աշխատել, Սասուն Խաչատրյանը պատասխանեց, թե իրավապահ մարմինների գործունեությունը առանձնանում է նրանով, որ շատ դեպքերում մի կողմը միշտ դժգոհ է մնում՝ հավելելով, որ եթե պետական պաշտոնյայի համար թույլատրելի է միայն այն, ինչ նախատեսված է օրենքով, քաղաքացու համար թույլատրելի է այն ամենը, ինչն արգելված չէ օրենքով:

Հարցին՝ Մարտի 1-ի գործի շրջանակներում ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը հարցաքննվել է, թե ոչ, ՀՔԾ պետը չպատասխանեց՝ նշելով, որ այսօր տոն է, և Մարտի 1-ի վերաբերյալ հարցերին չի պատասխանելու:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter