Վարչապետը մասնակցել է Դատախազության աշխատողի օրվան նվիրված հանդիսավոր նիստին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Հայաստանի Հանրապետության դատախազության ստեղծման 101-րդ տարեդարձի և Դատախազության աշխատողի օրվան նվիրված հանդիսավոր նիստին: Վարչապետը հանդես է եկել ելույթով և շնորհավորական խոսք հղել դատախազության բոլոր աշխատակիցներին:
Վարչապետի պաշտոնական կայքը հրապարակել է նրա ելույթի տեքստը.
«Հայաստանի Հանրապետության մեծարգո՛ գլխավոր դատախազ,
Վճռաբեկ դատարանի մեծարգո՛ նախագահ,
Կառավարության հարգելի՛ ներկայացուցիչներ,
Պետական այրեր, հյուրեր,
Դատախազության հարգելի՛ աշխատողներ,
Սրտանց շնորհավորում եմ մեզ բոլորիս Դատախազության աշխատողի օրվա և Դատախազության կազմավորման 101-րդ տարեդարձի առիթով: Ինչո՞ւ եմ ասում՝ մեզ բոլորիս, որովհետև այն խոսակցությունը, որ այս դահլիճում սկսել ենք նախորդ տարի, ըստ էության, շարունակվում է և դեռ պիտի շարունակվի ոչ միայն դատախազությունում, այլև ընդհանարպես ողջ իրավապահ և պետական համակարգում:
Մեր նպատակադրումը և մտածումը հետևյալն է, որ Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի Դատախազության աշխատողի օրը համարի նաև իր օրը, որովհետև դատախազության բովանդակային ամենաէական գործառույթն ի վերջո քաղաքացիների իրավունքները և պետության շահերը և արժեքները պաշտպանելը և պահպանելն է:
Վերջերս առիթ ունեցա ընթերցելու հայ լուսավորականներից Միքայել Նալբանդյանի մի հանրահայտ հոդված: Այդ հոդվածից երկու նշում եմ արել ինձ համար, որ ուզում եմ հիմա մեջբերել: Մեջբերում առաջին. «Օրենքը պատժում է հանցավորը. ասիացին տեսանում է այստեղ մի լոկ վրեժխնդրություն, բայց մեք այդ արդարացի հատուցումի մեջ տեսանում ենք հասարակաց իրավունքի պաշտպանություն»: Երկրրորդ մեջբերում. «Իրավադատության մեջ է ազգի կյանքը, և այս օրենքի վերա միայն կարող է մի ազգ առաջանալ», այսինքն՝ առաջընթաց ունենալ:
Մեր երկարամյա պատմության աղետալի էջերից բազմաթիվների պատճառը մեր իրականության մեջ արդարության և արդարադատության պակասն է, որը ազգը, ժողովուրդը պառակտող ամենահզոր գործոնն է. երբ մարդիկ բաժանվում են առաջին և երկրորդ կարգի, երբ իրավունքը լինում է էլիտար կիրառման գործիք: Եվ այս իրողությունը մեր դասական գրականության մեջ բազմաթիվ արտահայտություններ է ունեցել և մեր բանահյուսության մեջ: Ինչպես, օրինակ, հանրահայտ պատվածքներ կան այս թեմայով: Ես այս պահին մտաբերում եմ «Աղքատի պատիվը» հանրահայտ պատմվածքը, որը մի օրինակ է այն մասին, թե ինչպես շարքային քաղաքացու, նյութապես անապահով քաղաքացու իրավունքները կարող են ոտնատակ արվել այն դեպքերում, երբ թվում էր, թե արդարությունը և արդարադատությունը պիտի կանգնի այդ քաղաքացու կողքին: Պատահական չէ, որ մեր իրականության մեջ դեռևս մինչև այսօր ամենատարածված ասույթներից մեկը հետևյալն է. «տերովին տերն է տարել, անտերին՝ գելը»:
Ցավոք սրտի, շատ երկար ժամանակ մեր իրավական համակարգը, իրավապահ համակարգը հաճախ գործել է այս տրամաբանությամբ: Ես հատուկ մեջբերեցի դասականներին, որպեսզի իմ խոսքն ընթացիկ ժամանակի կոնյուկտուրայի համատեքստում չքաղաքականացվի: Ես մեջբերեցի մեր դասական գրականությունից, մեր պատմության համատեքստում, որպեսզի ցույց տամ, որ դա ամենևին էլ նոր խնդիր չէ, վերջին տասնամյակիների խնդիր չէ: Այդ խնդիրը շատ երկար ժամանակ, երբեմն հատվածաբար ուղեկցել է մեզ, և հիմա հենց այս խնդրի լուծումն է մեր և առաջին հերթին՝ դատախազության ամենակարևոր առաքելությունը: Հենց դատախազության և իրավապահ համակարգի գործունեության արդյունքում է, որ «տերովին տերն է տարել, անտերին՝ գելը» արտահայտությունը պետք է դառնա որպես թանգարանային բանահյուսական պատմություն և որևէ աղերս չպետք է ունենա մեր այսօրվա իրականության հետ, որովհետև Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի պետք է զգա, որ պետությունն ամուր կանգնած է իր թիկունքին: Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի և յուրաքանչյուր մարդ Հայաստանի Հանրապետությունում պետք է զգա, որ ինքը մեր երկրում պաշտպանված է այնպես, ինչպես կայացած ընտանիքներում են մարդիկ իրենց պաշտպանված զգում, և ընտանիքում մարդիկ իրենց պաշտպանված պիտի զգան նույնքան, ինչպես կայացած պետությունում են պաշտպանված զգում: Սա չափազանց կարևոր առաքելություն է, և այդ առաքելության մեջ, իհարկե, դատախազությունն ունի առաջնորդող դերակատարում:
Իրավունքը Հայաստանի Հանրապետությունում այլևս էլիտար շնորհ չպետք է լինի: Յուրաքանչյուր քաղաքացի պետք է վստահ լինի, որ այս համազգեստը և այս ուսադիրները կրող մարդիկ անմնացորդ ծառայում են յուրաքանչյուր քաղաքացու իրավունքին՝ անկախ նրա կարգավիճակից, սոցիալական դիրքից, ծագումից, ապրելու վայրից, աշխատանքից և զբաղմունքից: Եվ այս առաքելությունը, իսկապես, պատմական, շրջադարձային և, ես չեմ վախենա ասել նույնիսկ՝ հեղափոխական նշանակություն ունի:
Այս առումով ուզում եմ ասել, որ վերջին մեկ տարվա ընթացքում դատախազության գործունեությունը գնահատում եմ արդյունավետ: Սա չի նշանակում՝ անթերի, ես կարծում եմ՝ մեզանից ոչ մեկի գործունեությունն անթերի չէ, և, ցավոք, դժվար է ասել` կկարողանանք մենք հասնել կատարելիության, թե ոչ: Բայց վերջին մեկ տարվա ընթացքում ես կարծում եմ, որ Հայաստանի Հանրապետության դատախազությունը հստակ ի ցույց դրեց, որ Հայաստանի Հանրապետության դատախազությունն իսկապես նոր Հայաստանի դատախազություն է և պատրաստ է իրականացնել այն առաքելությունը, պատրաստ է կատարել այն գործառույթը, որ Հայաստանի Հանրապետության իշխանության բարձրագույն կրողը՝ Հայաստանի Հանրապետության ժողովուրդը, դնում է նրա առաջ:
Այս առումով ես ուզում եմ դատախազության բոլոր աշխատողներին շնորհակալություն հայտնել իրենց կատարած աշխատանքի համար և հույս հայտնել, որ առաջիկայում այդ աշխատանքը կլինի ավելի արդյունավետ և ամեն օրվա, ամեն տարվա հետ Հայաստանի Հանրապետության ավելի ու ավելի շատ քաղաքացիներ, բոլոր քաղաքացիները կտեսնեն, որ դատախազությունն իրենց դատախազությունն է, իրենց ապագան ապահովող դատախազությունն է:
Առաջիկա մեր անելիքներն այս առումով շատ պարզ են. հանցագործը պետք է ստանա իր անխուսափելի պատիժը: Հայաստանի Հանրապետությունից պետք է արմատախիլ արվի քրեական ենթամշակույթը: Հանցագործի տեղը բանտում է և հանցագործի տեղն այնտեղ է, հանցագործն ազատության մեջ պիտի հայտնվի այն պայմաններում, երբ մենք բոլորս ունենանք երաշխիքներ, որ հանրության համար նրա ազատության սպառնալիքներն առնվազն կառավարելիության տիրույթում են: Գլխավոր դատախազը նշեց, ես ուզում եմ շեշտել, որ կոռուպցիայի դեմ պայքարում, այո՛, մեր գործունեությունը, դատախազության գործունեությունը պետք է լինի առավել արդյունավետ: Ընդ որում, կոռուպցիա ասելով մենք չպետք է հասկանանք, այսպես ասած, նախկին կամ ներկա կոռուպցիա: Կոռուպցիան կոռուպցիա է՝ անկախ նրանից դա թույլ է տրվել նախկինում գործած պաշտոնյայի կողմից, թե թույլ է տրվում այսօր գործող պաշտոնյայի կողմից: Այս առումով մենք իսկապես անցյալի և ապագայի ճամփաբաժանի և խաչմերուկի առաջ ենք կանգնած, և ես կարծում եմ, որ իրավապահ համակարգի ամենակարևոր առաքելությունն անցյալի առաջ, բառիս նաև փոխաբերական իմաստով, կարմիր լույս վառելն է և ապագայի առաջ կանաչ լույս վառելը, և այդ ապագայի հասանելիությունը, այդ պաշտպանված, իրավական, օրինական ապագայի հասանելիությունն ապահովելը:
Հայաստանի Հանրապետության մեծարգո՛ գլխավոր դատախազ,
դատախազության հարգելի՛ աշխատակիցներ,
թույլ տվեք ևս մեկ անգամ շնորհավորել Դատախազության աշխատողի օրվա և Դատախազության կազմավորման 101-րդ տարեդարձի կապակցությամբ: Շնորհակալ եմ»:
Դատախազության աշխատողի օրվա կապակցությամբ ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարելու համար ՀՀ վարչապետի հուշամեդալով պարգևատրվել են Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության պետի տեղակալ Էդուարդ Գասպարյանը և թիվ 2 կայազորի զինվորական դատախազ Արայիկ Պետրոսյանը։ Օրինականության և իրավակարգի ամրապնդման գործում ներդրած ավանդի համար Մխիթար Գոշի մեդալով են պարգևատրել Գլխավոր դատախազության միջազգային-իրավական համագործակցության վարչության պետ Եղիազար Ավագյանը, կոռուպցիոն և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետ Արսեն Սիմոնյանը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել