Ալավերդու պղնձաձուլական գործարանի 200-ից ավելի աշխատողների կրճատել են. գործազուրկները փակել էին երկաթգիծը
Այսօր վաղ առավոտյան՝ ժամ 9:00-ից, մոտ 30 աշխատող էր հավաքվել Ալավերդու պղնձաձուլական գործարանի վարչական շենքի առաջ: Գործարանի աշխատակից Գագիկ Մանուկյանի տեղեկություններով՝ պղնձաձուլական գործարանում հուլիսի 1-ից մոտ 200 մարդ է կրճատվել աշխատանքից:
Հավաքվածները կրճատվողների մասին ուզում էին հավաստի տեղեկություններ ստանալ գործարանի ղեկավարներից: «Գործարանի ղեկավարները մեզ միշտ խոստացել են, որ ամեն ինչ լավ է լինելու: Մենք էլ սպասել ենք: Մինչև հիմա պղնձաձուլական գործարանի ադմինիստրացիայի կողմից 1/3 աշխատավարձ է մեզ վճարվել, հիմա վճարելու այլևս չունեն: Իսկ մենք այսօր փաստի առաջ ենք կանգնած, արդեն մեզ բացահայտ ասում են, որ պղնձաձուլական գործարանը չի աշխատելու: Մենակ իմ այգով ընտանիք ո՞նց կարող եմ կերակրել»,- ասում է Գագիկը:
Վերջինս գործարանի մետալուրգիական արտադրամասում ավագ կոնվենտորավար է աշխատել: Նա մտածում է, որ այդ մասնագիտությունը այլևս իրեն պետք չի գա: «Այս պահին տեղեկություններ ենք ուզում իմանալ ղեկավարներից, թե մեզանից կոնկրետ ով է կրճատված, և ինչ է սպասվում մեզ հեռանկարում»,- հայտնեց Սամվել Բադալյանը:
Հավաքվածներին գործարանում ստեղծված իրավիճակի մասին տեղեկություններ հաղորդեց գործարանը շահագործող «Էյ-Սի-Փի» ընկերության տնօրեն Լուսինե Մեջլումյանը: Նա հայտնեց, որ ապրիլի 20-ին ընկերությունը նամակով դիմել է Կառավարությանը, ներկայացրել է պղնձաձուլական գործարանի աշխատելու երեք տարբերակներ: Դրանցից մեկը առաջարկություն է եղել աշխատողների կրճատումների մասին: Երկրորդ տարբերակով ընկերությունը Կառավարությանն առաջարկել է թույլատրել, որ համեմատաբար փոքր քանակով մարդիկ աշխատեն գործարանի աղացագնդերի արտադրամասում, և պատրաստակամություն է հայտնել դրա համար կատարել համապատասխան ներդրումներ: Երրորդ տարբերակով «Էյ-Սի-Փի»-ն Կառավարությունից թույլտվություն է խնդրել պղնձաձուլական գործարանը ժամանակավոր՝ առավելագույնը երկու տարով, գործարկելու համար:
Լուսինե Մեջլումյանի ասելով՝ նամակում Կառավարությանը տեղեկացրել են, որ գործարանի ժամանակավոր գործարկման թույլտվություն տալու դեպքում պատրաստ են կատարել 4-5 մլն դոլար ներդրում: «Եւս մեկ խնդրանք ունեինք Կառավարությունից, որպեսզի ՎՏԲ բանկից ստանանք գրավոր համաձայնություն՝ «Էյ-Սի-Փի» ընկերության նկատմամբ ոտնձգություն չկատարելու համար: Անցել է երկու ամսից ավելի, ընկերության կողմից Կառավարության առջև բարձրացրած ոչ մի հարցի լուծում չի տրվել: Հասկանում եք, դե մեր հնարավորություններն էլ են սահմանափակ, Կառավարությունն էլ մեզ ասում է՝ դուք ձեզ թույլատրված սահմաններում՝ 5600 տ ծծմբի դիօքսիդի արտանետումներով կարող եք աշխատել: Աշխատելիս մենք արտանետում ենք տարեկան մինչև 38 հազար տոննա արտանետումներ: Այդ արտանետումների մասով, բացի այն, որ մենք վճարում են բավականին մեծ բնապահպանական վճարներ, նաև բնապահպանական տեսչությունն է գալիս մեզ ստուգում և տուգանում: Պահանջում է՝ մի հատ էլ լրացուցիչ գումար վճարեք դրա համար: Մենք ի վիճակի չենք դա կատարելու, ժողովուրդ ջան: Մեր ֆինանսական վիճակն այնպիսին է, որ մենք դա ի վիճակի չենք: Մարժան, որը տրվում է խտանյութի և սև պղնձի մշակման համար, տարեցտարի քչանում է: Նույնիսկ շահույթի մասին չենք էլ խոսում, պարզապես զրոյի շրջանակներում մնալու համար գոնե այդ մինիմալ պայմանները պետք է ապահովեն: Հիմա ոչ մի հարցը տեղից չի շարժվում»,- դժգոհեց Լ. Մեջլումյանը:
Աղացագնդերի արտադրամասի մասով Լ. Մեջլումյանը հայտնեց, որ այնտեղ բնապահպանական առումով ռիսկեր չկան, և ընկերությունը Կառավարությունից ստացել է դրական պատասխան: Լուսինե Մեջլումյանը «ցավալի» որակեց Կառավարության որոշումը. «Մինչև վերջին օրը մենք մտածում էինք, որ կարող է ինչ-որ մի բան լինել, Կառավարության մակարդակներում քննարկումներ և հանդիպումներ են եղել, ոչ մի ձևով հարցը լուծում չի ստացել: Դրա համար ստիպված ենք գնալ այս քայլին: Այս պահի դրությամբ մոտ 210 մարդ կրճատվում է, երկու ամսից հնարավոր է՝ 80-90 մարդ ևս կրճատվի»:
Հավաքվածները տնօրենին խնդրեցին հրապարակել աշխատանքից կրճատվողների անուները. «Ձեր ղեկավարները ձեզ կհաղորդեն»,- պատասխանեց Լ. Մեջլումյանը:
«Այսինքն ստացվում է, որ Կառավարությունը փաստացի խոչընդոտ է հանդիսանում գործարանի աշխատելու գործում: Ալավերդու վիճակը այսօր ողբերգական վիճակ է»,- ասաց գործարանի աշխատակից Սամվել Բադալյանը:
«Ես չէի ցանկանա դա այդպես մեկնաբանել»,- նրան հակադարձեց Լ. Մեջլումյանը: Վերջինս ներկաներին բացատրեց, որ աշխատավարձ տալու համար գործարանում ինչ-որ արտադրամաս պետք է աշխատի, մինչդեռ դա իրենց չի հաջողվում իրականացնել: «Մենք սպառել ենք մեր բոլոր ռեսուրսները: Մենք խնդրել ենք 38 հազար տոննա արտանետումների թույլտվություն, ախպեր, թող 20 հազար տոննայի թույլտվությունը տան, բայց ոչ էն կա, ոչ՝ էն: Հասկանում ե՞ք»,- ասաց Լ. Մեջլումյանը:
Պղնձաձուլական գործարանի անելանելի վիճակում հայտնված գործազուրկները այս անգամ էլ փակեցին պղնձաձուլական գործարանի հարևանությամբ անցնող երկաթգիծը: Ժամեր անց նրանք բացել են երկաթգիծը և գնացել մարզկենտրոն՝ մարզպետի հետ խորհրդակցելու: Ասում են՝ եթե իրենց պահանջները չբավարարվեն, վաղը կրկին կփակեն երկաթգիծը:
Մեկնաբանել