HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տիրայր Մուրադյան

Դատավորը դիմեց գլխավոր դատախազին Վլադիմիր Գասպարյանի ներկայացուցչի դեմ քրգործ հարուցելու պահանջով

Երևան քաղաքի դատարանում շարունակվում է նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի, նրա կնոջ` Սուսաննա Գասպարյանի, և զոքանչ՝ Հեղուշ Գալստյանի դեմ ներկայացված հայցի քննությունը: Վլադիմիր Գասպարյանի փաստացի տիրապետման տակ գտնվող առանձնատան նախկին սեփականատեր Աղասի Դանիելյանը 2018 թ-ի սեպտեմբեր ամսին դիմել է դատարան և պահանջում է, որպեսզի Գասպարյանի զոքանչը իրեն վճարի առանձնատան գումարը՝ 900 միլիոն դրամը: Հետագայում հայցի պահանջը փոփոխել է և պահանջ ներկայացրել Վլադիմիր Գասպարյանի դեմ:

Նախորդ նիստերում դատարանը բավարարել էր Աղասի Դանիելյանի միջնորդությունը և հայցի ապահովման միջոց էր կիրառել՝ պատասխանողների գույքի և դրամական միջոցների վրա արգելանք էր դրվել:

Այսօր՝ հուլիսի 1-ին, տեղի ունեցավ Գասպարյանի ընտանիքի անդամների ներկայացուցիչ, փաստաբան Տիգրան Աթանեսյանի՝ դեռևս ամիսներ առաջ ներկայացրած միջնորդությունների քննությունը: Բոլոր միջնորդությունների էությունը նույնն էր՝ վերացնել վերը նշված անձանց գույքի և դրամական միջոցների վրա դրված արգելանքը:

Տիգրան Աթանեսյանն ասաց, որ ձևափոխվել է հայցվորի պահանջը, ուստի պետք է վերացվի Հեղուշ Գալստյանի գույքի և դրամական միջոցների վրա դրված արգելանքը: Երկրորդ միջնորդությունը վերաբերում էր Գասպարյանի կնոջ՝ Սուսաննա Գասպարյանի գույքի և դրամական միջոցների վրա դրված արգելանքի վերացմանը: «Կիրառված հայցի ապահովման միջոցը կրում է ակնհայտ ապօրինի բնույթ և, ըստ էության, հանդիսանում է անարդար դատական ակտ, ինչպես նախատեսված է Քրեական օրենսգրքի 352 հոդվածով: Պատասխանող Սուսաննա Գասպարյանը երբևէ առնչություն չի ունեցել հայցվոր Աղասի Դանիելյանի հետ, նրա հետ որևէ քաղաքացիաիրավական գործարք չի կնքել, ուստի ներկայացված պահանջը կրում է բացահայտ անհիմն և ապօրինի բնույթ և հիմք է տալիս կասկածելու, որ հայցվորը հովանավորվում է դատարանի կողմից, քանի որ հակառակ դեպքում հայցի ապահովման միջոց, նմանատիպ որոշում երբևէ չէր կարող կայացվել»,- ասաց Տիգրան Աթանեսյանը: Երրորդ միջնորդությունը վերաբերում էր Վլադիմիր Գասպարյանի մասով կիրառված հայցի ապահովման միջոցի մասին որոշման վերացմանը:

Հայցվոր Աղասի Դանիելյանը հայտարարեց, որ երեք միջնորդություններին էլ դեմ է: Դատավոր Արթուր Մկրտչյանը հարցրեց հայցվորին՝ Հեղուշ Գալստյանի մասով միջնորդությանն ինչո՞ւ է առարկում, չէ որ նրա մասով հայցում պահանջ ներկայացված չէ: Աղասի Դանիելյանը պատասխանեց, որ առարկում է, քանի որ իր առանձնատունը հենց նրան է վաճառել:

Դատավոր Մկրտչյանը, դիմելով Վլադիմիր Գասպարյանի ներկայացուցչին, հարցրեց՝ երեք միջնորդության դեպքում էլ գտնում է, որ հայցի ապահովման միջոց կիրառելն ապօրինի՞ է: Տիգրան Աթանեսյանն ասաց, որ երեք միջնորդությունների էությունն էլ նույնն է: Դատավորն ընթերցեց միջնորդության մեջ «ապօրինի որոշման» վերաբերյալ հատվածը և ասաց, որ ՀՀ դատարանները քաղաքացիական գործերով գրեթե ամեն օր կայացնում են հայցի ապահովում կիրառող որոշումներ:

«Դուք գտնում եք, որ հայցի ապահովման միջոց կիրառելու որոշումները կրում են անկհայտ ապօրինի բնույթ, հանդիսանում են, ըստ էության, ակնհայտ անարդար դատական ակտ, ինչը նախատեսված է ՀՀ Քրեական օրենսգրքի 352-րդ հոդվածով, քանի որ այն, ինչ բոլորի պարագայում կիրառվում է, ձեր վստահորդի պարագայում կիրառվելն արդեն համարում եք, որ հիմքում պարտադիր պետք է ընկած լիներ այն, որ հովանավորվել է դատարանի կողմի՞ց և բացահայտ անհիմն և ապօրինի դատական ա՞կտ է, քանի որ այն կայացվել է պարոն Գասպարյանի և վերջինիս կնոջ նկատմամբ»,-  դիմելով Տիգրան Աթանեսյանին՝ հարցրեց դատավոր Արթուր Մկրտչյանը: Տիգրան Աթանեսյանը բացասական պատասխան տվեց և շարունակեց, որ ակտի ապօրինությունն այն է, որ արդեն իսկ կիրառված է 900 մլն դրամի չափով հայցի ապահովում, սակայն կրկին դրվում է նույն գումարի չափով արգելանք Գասպարյանի և նրա կնոջ գույքի վրա:

«Այսինքն, արգելանքը դառնում է 1 միլիարդ 800 մլն դրամ, երբ որ նման պահանջ չկա... Հենց այդ հանգամանք է, որ թույլ է տվել իմ վստահորդներին հանգել այդ եզրակացությանը, որ կայացված դատական ակտերը, որոնց վերացման համար ես միջնորդում եմ, կրում են հենց այդ բնույթը»,- ասաց Տիգրան Աթանեսյանը: Դատավորը ևս մեկ անգամ նույն հարցը տվեց դատարանի կողմից հովանավորչության և ակնհայտ ապօրինի դատական ակտի վերաբերյալ և ստացավ նույն պատասխանը:

Դատավոր Արթուր Մկրտչյանը հայտարարեց. «Դատավարական ինձ տրված լիազորությունների ուժով առանձին ակտի տեսքով կայացնում եմ որոշումներ: Որոշում եմ դիմել Փաստաբանական պալատին՝ փաստաբան Տիգրան Աթանեսյանին պատասխանատվության ենթարկելու դիմումով: Միառժամանակ դիմում եմ ՀՀ գլխավոր դատախազին փաստաբանի նկատմամբ քրեական գործ հարուցելու միջնորդությամբ»: Իսկ միջնորդություների վերաբերյալ դատական ակտը կհրապարակվի հուլիսի 3-ին:

Նիստից հետո Տիգրան Աթանեսյանը «Հետք»-ի հետ զրույցում ասաց, որ դատարանի որոշումը կամայական էր և նշանակում էր, որ փաստաբանի արտահայտած դիրքորոշումները ճիշտ են: «Դատավորը դիմում է նման քայի՝ փորձելով լռեցնել փաստաբանին: Կստանամ որոշումները, կհրապարակեմ, կքննարկենք»: Հարցին՝ սպասելի՞ էր նման որոշում, Տիգրան Աթանեսյանը պատասխանեց. «Սա ծիծաղելի էր, ցույց է տալիս մեր փաստաբանության խայտառակ վիճակը: Ցավով պետք է ասեմ, որ իմ միջնորդություններում արտահայտած դիրքորոշումը, որ արգելանք դնելու որոշումները կրում են ակնհայտ ապօրինի բնույթ, ճիշտ են: Ես էլ համապատասխան դիմում կներկայացնեմ գլխավոր դատախազին, որպեսզի քննարկեն դատավորին պատասխանատվության ենթարկելու հարցը»: Տիգրան Աթանեսյանը նշեց նաև, որ այս գործով 2 անգամ դիմել է դատավորների ընդհանուր ժողովի կարգապահական հանձնաժողովին: Մի դեպքում վարույթը կարճել են, մյուս դեպքում՝ չեն հարուցել: Փաստաբանն ասաց, որ փետրվարի 18-ին է հայցի ապահովման միջոցի վերացման պահանջով միջնորդությունը ներկայացրել, որի քննության համար օրենքով 10 օր է սահմանված: «Հասկացանք՝ տեխնիկական խնդիրներ, թող լինի 20 օրում, բայց արդեն այսօր 131-րդ օրն է»,- ասաց փաստաբան Տիգրան Աթանեսյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter