Տեղեկատվություններն ու ռեսուրսները կփոխանակեն
Այսօր ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը, ՀՀ առևտրաարդյունաբերական պալատը, Զարգացման հայկական գործակալությունը և Հայաստանի արդյունաբերողների և գործարարների (գործատուների) միությունը ստորագրել են «Տեղեկատվության և ռեսուրսների փոխանակման ուղղությամբ համագործակցության մասին» փոխըմբռնման հուշագիր:
«Շատ եմ կարևորում «Տեղեկատվության և ռեսուրսների փոխանակման ուղղությամբ համագործակցության մասին» փոխըմբռնման հուշագրի ստորագրումը, քանի որ բոլոր չորս կառույցները պետք է աշխատեն միասին` ի նպաստ երկրի տնտեսության զարգացմանը»,- ասել է Տիգրան Դավթյանը:
Շեշտելով կառույցներից յուրաքանչյուրի մարդկային, տեղեկատվական, տեխնիկական ռեսուրսներն ու կազմակերպչական հնարավորությունները` նախարարն անհրաժեշտ է համարել այդ ռեսուրսների համադրումը և միմյանց համար դրանց հասանելիության ապահովումը:
«Այս հուշագրի ստորագրումը անհրաժեշտ քայլ է գործարար աշխարհը ներկայացնող կառույցների հետ համագործակցությունը սերտացնելու և համատեղ աշխատանքի արդյունավետությունը բարձրացնելու ուղղությամբ»,- ասել է Էկոնոմիկայի նախարարը:
«Տեղեկատվության և ռեսուրսների փոխանակման ուղղությամբ համագործակցության մասին» փոխըմբռնման հուշագիրը նպատակ ունի ստորագրող կողմերի միջև ընդլայնել տեղեկատվության և ռեսուրսների փոխանակմանն ուղղված համագործակցության շրջանակները և գործարար միջավայրի բարելավման և նորարարությունների ներդրման միջոցով զարգացնել պետական-մասնավոր հատվածների համագործակցությունը` հիմք ընդունելով հավասարության և փոխադարձ շահերի պաշտպանության սկզբունքները:
Նախատեսվել է, որ այս համագործակցությունը լայն հնարավորություններ կընձեռի կողմերին սերտացնելու սոցիալական գործընկերությունը, նպաստելու արդյունաբերության զարգացմանը, ինչպես նաև միմյանց միջև ակտիվացնելու երկխոսությունը, տեղեկատվության փոխանակումը և գործարար կապերը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել