HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Ամերիկաբնակ գրող, թարգմանիչ Մարո Մադոյան-Ալաջաջյանի հետ հանդիպում էր կազմակերպվել ծննդավայր Գյումրիում

«Երկրաշարժից հետո, երբ եկա այստեղ, օտար ընտանիքներ էին ապրում եւ օտար էր ամեն ինչ: Տարիներ անց, երբ կրկին այցելեցի հայրական տուն, այստեղ տեղավորված էր քաղաքի գրադարանն ու նույն օտարությունը դիմավորեց ինձ, եւ հիմա, երբ Մերկուրովի նկարչական դպրոցն է գործում, վերջապես զգացի հարազատ, ջերմ մի բան: Գուցե արվեստի, գուցե սենյակներում եղած ազատության շունչն է, հնարավոր է գույները, սակայն սեփական տուն վերադարձածի զգացողությունը չի լքում ինձ»,- ասում է Մարո Մադոյան-Ալաջաջյանը:

Ծնունդով լենինականցի, գրող, գրականագետ, թարգմանիչ Մարո Մադոյան-Ալաջաջյանն ապրում է Միացյալ Նահանգներում: Գյումրու Ջիվանի 78 հասցեում գործող Մերկուրովի նկարչական դպրոցի ներկայիս շենքը նախկինում պատկանել է գրող, թատերագետ, երկար տարիներ «Հայֆիլմը» ղեկավարած Ռազմիկ Մադոյանի ընտանիքին: Լենինականի այս տանը Մադոյանները բնակվել են մինչեւ 1962թ-ը: 

«Մենք տեղափոխվեցինք, որովհետեւ ուզում էին այստեղ գրադարան բացել: Ես դեռ դպրոց էլ չէի գնում եւ իմ բոյը հազիվ էր հասնում մեր տան դռան բռնակին»,- հիշում է Մարո Մադոյան-Ալաջաջյանը, ով հայ հանրությանն առավել հայտնի դարձավ մոտ 10 տարի առաջ՝ թուրք վիպագիր Էլիֆ Շաֆաքի «Ստամբուլի ընկեցիկը» երկի թարգմանությունից հետո: Հայ թատերասերին Մարո Մադոյան-Ալաջաջյանը հայտնի է «Քաջ Նազարի թոռները» պիեսով, որի բեմադրությունը 2015թ-ին իրականացրել է ռեժիսոր, դերասան Ռաֆայել Գրիգորյանը եւ «Վաղը ուշ կլինի» ստեղծագործությամբ, որ բեմադրվել է այս տարի, Պարոնյանի անվան կոմեդիայի թատրոնում:

1981թ-ից ապրելով ԱՄՆ-ում՝ Մարո Մադոյան-Ալաջաջյանը մշտապես կապ է պահպանել հայրենիքի հետ: Երկրաշարժից հետո Սան Ֆրանցիսկոյում հիմնել է «Արձագանք» շահույթ չհետապնդող ընկերությունը եւ պարբերաբար աջակցություն տրամադրել Գյումրու մանկապարտեզներին ու մանկատներին: Մարո Մադոյան-Ալաջաջյանի հունիսի 30-ի այցը Գյումրի կազմակերպել էին ամուսիններ` ռեժիսոր, դերասան Ռաֆայել Գրիգորյանն ու Գայանե Կարապետյանը: Հավաքվածներին ներկայացվեց նաեւ Մարոյի թարգմանությամբ Ռիք Ռիորդանի «Մագնուս Չեյսը եւ Ասգարդի աստվածները» գիրքը, որի շնորհանդեսը տեղի էր ունեցել հունիսի 25-ին Երեւանում, Ավ. Իսահակյանի տուն-թանգարանում:

«Ռազմիկ Մադոյանի եւ Մարոյի ընտանիքի հետ ծանոթացել ու մտերմացել ենք Ամերիկայում 1994թ-ին,- պատմում է Գայանե Կարապետյանը,- Մարոյի քույրը մահացել է երկրաշարժին: Մադոյաններն այս տարիներին մշտապես աջակցել են Գյումրիում գործող տարբեր հաստատությունների: Ես միշտ ասում էի՝ Մարո ջան, ամեն անգամ գալիս ես, բայց Գյումրիում չես մնում, Գյումրին լիարժեք հասկանալու համար պիտի մնաս: Ինստիտուտ, մանկատուն հովանավորելը դա ոնց որ աշխատանքային պրոցես լինի, դրանով Գյումրին քոնը չի դառնա: Ու Մարոն ինձ պատասխանեց՝ գիտես, թե երբ կուզենամ քո ասած տարբերակով Գյումրի գալ, երբ որ գնամ գերեզմանոց ու ձենով լամ: Ես անակնկալի եկա պատասխանից, սակայն որոշեցի որեւէ հարմար պահի Մարոյին անպայման բերել հայրական տուն»:

«Երկար տարիներ անց, ես կրկին զգացի հայրական տան ջերմությունը,- ասում է Մարո Մադոյան-Ալաջաջյանը:- Երբ շրջում էի շենքում, հիշեցի մի դեպք, որ տեղի է ունեցել, երբ վեց տարեկան էի: Ուզում էի հաց վերցնել, երբ մեր դիմացի հարեւանը հարցրեց, թե արդյո՞ք լվացել եմ ձեռքերս: Ես զարմացա ու ասեցի, որ ձեռքերս մաքուր են: Նա պնդեց, որ լվանամ, քանի որ ձեռք եմ տվել դռան բռնակին, իսկ այն կեղտոտ է, քանի որ շատ մարդիկ են ձեռք տալիս: Երբ նա գնաց, ես մտածեցի, իսկ ովքե՞ր են մեր տանը ձեռք տալիս դռան բռնակին՝ հայրս, մայրս, քույրերս, հարազատներս, իսկ ես պաշտում եմ բոլորին: Ես ձգվեցի որքան կարող էի եւ համբուրեցի դռան բռնակը: Այսօր հրաշք տեղի ունեցավ, այսօր ես իրապես վերադարձա հայրական տուն»: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter