HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Դատարանն արձանագրել է, որ Էջմիածնի քաղաքապետը օրենքի խախտումով է աշխատանքից ազատել ՔԿԱԳ պետին

Էջմիածին համայնքի ղեկավարի դեռևս պաշտոնակատար Դիանա Գասպարյանը 2018թ. օգոստոսի 1-ին աշխատանքից ազատել էր Էջմիածնի համայնքապետարանի քաղաքացիական կացության ակտերի գրանցման բաժնի պետ Արմինե Խուդոյանին: Հիմքը եղել է այն, որ Խուդոյանը նշանակելու սահմանված կարգի խախտումով է նշանակվել համայնքային ծառայության պաշտոնում: Արմինե Խուդոյանը 2018թ. օգոստոսի 21-ին հայցադիմում էր ներկայացրել Վարչական դատարան ընդդեմ Էջմիածնի քաղաքապետարանի: Խուդոյանը պահանջում էր անվավեր ճանաչել համայնքային ծառայության պաշտոնից ազատելու մասին Էջմիածին համանքի ղեկավարի պաշտոնակատարի թիվ 97 կարգադրությունը, ինչպես նաև վերականգնել նախկին աշխատանքին: Պահանջել է նաև հարկադիր պարապուրդի գումարը, չվճարված արձակուրդայինը և այլ հասանելիք գումարները, ինչպես նաև պարտավորեցնել համայնքի ղեկավարին աշխատանքային գրքույկում համապատասխան ուղղում կատարել և վերականգնել Արմինե Խուդոյանի խախտված իրավունքները:

Այդպիսով, դատարանը վճռել է Արմինե Խուդոյանի հայցը բավարարել մասնակի` անվավեր ճանաչել Էջմիածին համայնքի ղեկավարի պաշտոնակատարի թիվ 97 կարգադրությունը և որպես հետևանք` Արմինե Խուդոյանին վերականգնել զբաղեցրած պաշտոնին ու նրան վճարել միջին աշխատավարձը` հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար: Մնացած մասով հայցը մերժվել է: Էջմիածնի քաղաքապետարանից հօգուտ Արմինե Խուդոյանի կբռնագանձվի 150 000 դրամ` որպես ներկայացուցչի վճարի գծով դատական ծախսի գումար:

Նշենք, որ Արմինե Խուդոյանը Էջմիածնի քաղաքապետարանի բնակարանային կոմունալ վարչության նախկին պետ Նորիկ Միրզախանյանի կինն է: Նորիկ Միրզախանյանը լավ հարաբերություն ուներ ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի հետ:

ՔԿԱԳ նախկին պետի ներկայացուցիչը դատարանում պնդել է, որ հայցվորին աշխատանքից ազատելու հիմքեր չեն եղել, գործատուն աշխատողին ազատել է անօրինական կերպով` քաղաքական նկատառումներից ելնելով: Ըստ նրա՝ Արմինե Խուդոյանը նախքան ՔԿԱԳ բաժնի պետի հիմնական աշխատանքի նշանակվելն ունեցել է համայնքային ծառայության ավելի քան 4 տարի և 9 ամիս ստաժ, ապա՝ 11 տարվա մասնագիտական աշխատանքային ստաժը: Նշել է, որ Ա. Խուդոյանն ունեցել է կենսաբանության ուսուցչուհու մասնագիտական որակավորում և կատարել է կենսաբանության ուսուցչուհու աշխատանք, ինչը համարվում է հայցվորի համար «մասնագիտական աշխատանքային ստաժ»: Այդ ամենն ինքնին բավարար էր նշված պաշտոնին ներկայացվող պահանջները բավարարելու համար:

Հայցվոր կողմը պնդել է, որ Արմինե Խուդոյանը բավարարել է համայնքային ծառայության գլխավոր պաշտոնների խմբում ներառված ՔԿԱԳ բաժնի պետին ներկայացվող բոլոր պահանջներին և նրան ազատելու հիմքերը բացակայել են, ուստի վերջինիս պետք է վերականգնել իր աշխատանքում և վճարել հարկադիր պարապուրդի գումարն ու հասանելիք այլ գումարները, ինչպես նաև վերականգնել հայցվորի խախտված իրավուքները: Աշխատանքային պայմանագրի լուծման հիմքը աշխատանքային գրքույկում լրացվում է միայն աշխատողի պահանջով: Տվյալ դեպքում գործատուն խախտել է նշված նորմի պահանջը և աշխատանքային գրքույկում լրացրել է պայմանագրի լուծման հիմքն առանց աշխատողի գիտության և այդ պահանջի բացակայության պայմաններում, ավելին` վերջինիս կամքին հակառակ:

«Վարչական ակտի ուժի մեջ մնալը չի կարող որևէ վնաս պատճառել համայնքին, քանի որ հայցվորը լիովին համապատասխանել և ներկայումս էլ համապատասխանում է ՔԿԱԳ պետի պաշտոնին ներկայացվող բոլոր պահանջներին և չափորոշիչներին: Պրակտիկ աշխատանքով հիմնավորել է իր համապատասխանությունը, այդ թվում նաև` ատեստացիաների ժամանակ պաշտոնին համապատասխանելու վերաբերյալ եզրակացությունների առկայության պարագայում»,- այսպիսին է հայցվոր կողմի դիրքորոշումը:

Էջմիածնի համայնքապետարանն էլ պնդել է, որ Արմինե Խուդոյանը Էջմիածնի քաղաքապետի 27.09.2013թ. թիվ 93 կարգադրությամբ Էջմիածնի քաղաքապետարանի աշխատակազմի ՔԿԱԳ բաժնի պետի համայնքային ծառայության պաշտոնում նշանակվել է սահմանված կարգի խախտմամբ: Տվյալ դեպքում Ա. Խուդոյանը, որպես Էջմիածնի համայնքապետարանի աշխատակազմի ՔԿԱԳ տարածքային բաժնի պետի համայնքային ծառայության պաշտոնին ներկայացվող պահանջների համապատասխանություն, դիտարկում է առնվազն հինգ տարվա մասնագիտական աշխատանքային ստաժի առկայությունը: Ըստ քաղաքապետարանի՝ համայնքային ծառայողի պաշտոնի անձնագրով ներկայացվող «մասնագիտական աշխատանքային ստաժը» տրամաբանորեն ենթադրում է տվյալ պաշտոնը զբաղեցնելու համար հանրային (համայնքային) ծառայողի մասնագիտական գործունեությանը, ոչ թե ցանկացած մասնագիտական որակավորման համապատասխանող մասնագիտական աշխատանքային ստաժ: Հակառակ պարագայում` ցանկացած մասնագիտական որակավորում ստացած և այդ մասնագիտությամբ աշխատանքային ստաժ ունեցող յուրաքանչյուր անձ կարող է հավակնել ՔԿԱԳ տարածքային բաժնի պետի համայնքային ծառայության պաշտոնին, ինչն ուղղակիորեն հակասում է համայնքային ծառայության մասնագիտական գործունեության և պաշտոնի անձնագրով ներկայացվող տվյալ պաշտոնը զբաղեցնելու համար հանրային ծառայողի մասնագիտական գիտելիքների ու աշխատանքային ունակությունների տիրապետման սկզբունքի էությանը:

Վարչական դատարանն էլ արձանագրել է, որ Էջմիածին համայնքի ղեկավարի պաշտոնակատարի 01.08.2018թ. թիվ 97 կարգադրությամբ Արմինե Խուդոյանը երկու օր անց ազատվել է զբաղեցրած պաշտոնից: Կարգադրության ընդունմանն ուղղված վարչական վարույթի լսումներ անցկացնելու և դրա մասին Արմինե Խուդոյանին ծանուցելու վերաբերյալ որևէ ապացույց գործում առկա չէ, ավելին` Էջմիածնի քաղաքապետարանը սույն գործի քննության ընթացքում ընդունել է, որ նման լսումներ չեն անցկացվել, քանի որ դրանց անցկացման իրավական հիմքը բացակայել է: Դատարանը գործով հաստատված է համարել, որ Էջմիածին համայնքի ղեկավարի պաշտոնակատարը Արմինե Խուդոյանին ծանուցելու իր պարտականությունը չի կատարել: Մինչդեռ վարչական վարույթում անձի լսված լինելու իրավունքը սահմանադրական և կոնվենցիոն նորմերի ուժով երաշխավորված վարչական մարմինների առջև իրավական պաշտպանության արդյունավետ միջոցների իրավունքի անբաժանելի մասն է կազմում, որի ապահովման երաշխիքները սահմանված են նաև օրենքներով, որպիսի հիմնարար իրավունքն էլ տվյալ դեպքում խախտվել է:

Դատարանը եզրակացրել է, որ Արմինե Խուդոյանի հայցը` հիմնական պահանջի մասով, հիմնավոր է և ենթակա է բավարարման, քանի որ Էջմիածին համայնքի ղեկավարի պաշտոնակատարի կարգադրությունն ընդունվել է նշված նորմերի խախտմամբ` հանգեցնելով Սահմանադրությամբ և օրենքով երաշխավորված հայցվորի իրավունքների խախտման, իսկ այդ խախտումներն իրավական հիմք են հանդիսանում վիճարկվող կարգադրությունն անվավեր ճանաչելու համար:

Վերոգրյալ պատճառաբանությամբ հայցը հիմնական պահանջի մասով բավարարելու պայմաններում դատարանն այլևս չի անդրադարձել հիմնական պահանջին վերաբերող կողմերի մյուս փաստարկներին, քանի որ դրանք գործի լուծման տեսանկյունից այլևս չունեն որևէ էական իրավական նշանակություն:

Նշենք, որ դատական ակտը դեռ չի մտել օրինական ուժի մեջ և կողմերը բողոքարկելու իրավունք ունեն:

Լուսանկարը՝ Ա. Խուդոյանի ֆեյսբուքյան էջից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter