HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Դատարանը մերժել է 20 մլն դրամ գրավի դիմաց Արամ Հարությունյանին օժանդակելու և փողերի լվացման մեջ մեղադրվող անձին կալանքից ազատելու միջնորդությունը

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը` նախագահությամբ դատավոր Արմեն Վարդապետյանի, այսօր հրապարակել է որոշում, որով անփոփոխ է թողել բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանի կողմից կաշառք ստանալու գործից անջատված մասով մեղադրյալ Վիկտոր Մարտիրոսյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը: Այս մասին «Հետքի»  հետ զրույցում ասաց Մարտիրոսյանի պաշտպան Հրանտ Անանյանը:

Վերջինիս  խոսքով` երեկ տեղի ունեցած դատական նիստի ընթացքում Մարտիրոսյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը վերացնելու կամ այլընտրանքային խափանման միջոց գրավով փոխարինելու միջնորդություն էին ներկայացրել նա եւ Մարտիրոսյանի մյուս պաշտպան Հունան Բաբայանը:

Վիկտոր Մարտիրոսյանը, հիշեցնենք, մեղադրվում է գործարար Սիլվա Համբարձումյանից կաշառք ստանալու հարցում բնապահպանության նախկին նախարարին օժանդակելու և փողերի լվացման մեջ: Նրա, ինչպես նաև կաշառքի գործով մեկ այլ մեղադրյալ Արաքս Դիլանյանի գործը վերջերս անջատվել է կաշառքի վերաբերյալ բուն գործից և ուղարկվել դատարան: Գործը դատաքննության նախապատրաստելիս դատարանն անդրադառնում է մեղադրյալների խափանման միջոցի հարցին, և երեկ դռնբաց դատական նիստով քննվել է այդ հարցը:

Հրանտ Անանյանը մեզ հետ զրույցում ասաց, որ Վիկտոր Մարտիրոսյանին կալանքից ազատելու վերաբերյալ իրենց միջնորդության մեջ նշել են, որ գործի նախաքննությունն ավարտված է, և որևէ ողջամիտ հավանականություն չկա, որ Վիկտոր Մարտիրոսյանն, ազատության մեջ մնալու դեպքում կարող է գործով անցնող անձանց նկատմամբ ներազդել: Անանյանը շեշտեց, որ այս քրեական գործով կենտրոնական և վճռորոշ միակ վկան Սիլվա Համբարձումյանն է, բայց նրա նկատմամբ անվտանգության միջոց է կիրառված, այսինքն` տեղաշարժվում է ոստիկանության և ԱԱԾ աշխատակիցների ուղեկցությամբ:

«Նման պայմաններում անօրինական ազդեցության մասին խոսելը նոնսենս է»,- ասաց Հրանտ Անանյանը: Կալանավորման օրենքով սահմանված հիմք է նաև վարույթն իրականացնող մարմնից թաքնվելը: Անանյանի խոսքով` այս հիմքը ևս առկա չէ: Ըստ պաշտպանի` Վիկտոր Մարտիրոսյանն, իմանալով, որ վարույթ է իրականացվում, որ դրա թիրախում նաև ինքն է, անգամ այն պարագայում, երբ նրա բնակարանում խուզարկություն է իրականացվել, չի թաքնվել վարույթն իրականացնող մարմնից:

«Բացի դրանից` նա գիտությունների թեկնածու է, հարգված մարդ, բազմաթիվ հոդվածների ու մենագրությունների հեղինակ, թաքնվողը չէ»,- ասաց պաշտպանն ու նշեց, որ Մարտիրոսյանի հարազատները պատրաստ էին  20 մլն դրամ գրավի գումար վճարել նրա նկատմամբ կալանավորման այլընտրանքային խափանման միջոց գրավ կիրառելու դեպքում:  Ըստ պաշտպանի` իրենք դատարանին նաև կրթության ոլորտի մի շարք հեղինակավոր անձանց,  ազգային հերոսների երաշխավորագիր-նամակներ են ներկայացրել, որոնց թվում եղել է նաև Արկադի Տեր-Թադևոսյանը: Նամակ-երաշխավորություններ տված անձինք դատարանին հայտնել են, որ անձամբ ճանաչում են Մարտիրոսյանին, երաշխավորում, որ նա ազատության մեջ մնալու դեպքում չի թաքվի քննությանից,  հակաիրավական վարքագիծ չի դրսևորի, սակայն նման պայմաններում դատարանը մերժել է միջնորդությունը:

«Դատարանի որոշումը խիստ չպատճառաբանված է,  դրանում զուտ դեկլարատիվ ձևակերպումներ են այն մասին, որ առկա է վտանգ, որ Մարտիրոսյանը կարող է թաքնվել կամ խոչտնդոտել գործի քննությանը: Իսկ գրավի թույլատրության մասով ընդհանրապես պատճառաբանություն չկա»,- ասաց Անանյանը` հավելելով նաև, որ դատարանը գտել է, որ անձնական երաշխավորությունն  ինքնին հիմք չի կարող հանդիսանալ Մարտիրոսյանի վարքագիծը կանխորոշելու համար:

 Անանյանը նշեց նաև, որ ըստ դատական ակտի՝ այն բողոքարկման ենթակա չէ:

«Մենք պետք է բողոքարկման հնարավորությունն ուսումասիրենք: Վճռաբեկ դատարանն այս հարցի հետ իրավական դիրքորոշումները փոփոխում է, բայց մենք  դիրքորոշում ունենք բողոքարկելու»,- ասաց Հրանտ Անանյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter