HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լիլիթ Ավագյան

«Ուրվականների» հանրաքվեով ընդունված Սահմանադրություն

1991-ից Հայաստանի քաղաքական համակարգի հիմքում «Հանրապետության նախագահի» և «Գերագույն խորհրդի» մասին օրենքներն էին: Սահմանադրության ընդունումն անհրաժեշտություն էր: 1995 թ. հուլիսի 5-ին Սահմանադրությունը դրվեց համաժողովրդական հանրաքվեի:

Իշխանությունների համար Սահմանադրությունը եղել է և կա իշխանության պահպանության և վերարտադրության գործիք: 95-ին հանրաքվեի ներկայացված Սահմանադրությունը նախագահին անսահմանափակ իշխանությամբ էր լիազորում: 1992-ից արդեն իսկ անվստահություն էր գեներացվում նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հանդեպ, հետևաբար՝ նաև վստահություն չէր ներշնչում նաև 1995-ին հանրաքվեի ներկայացրած նրա Սահմանադրությունը: Հատկապես որ, ըստ սահմանադրագետների՝ այն անձնակենտրոն, իշխանակենտրոն էր: Սահմանադրության առանցքը ոչ թե մարդն էր՝ իր հիմնական իրավունքներով, այլ հանրապետության նախագահը՝ իշխանության բոլոր ճյուղերի նկատմամբ իր գերակա դիրքով:

1998թ. փետրվարի 3-ի Տեր-Պետրոսյանի հրաժարականից հետո, ՀՀ նախագահ դարձավ Ռոբերտ Քոչարյանը (երկրորդ փուլ էին անցել Կարեն Դեմիրճյանն ու Ռոբերտ Քոչարյանը: Քոչարյանին վերագրվեց ձայների 59 %, Դեմիրճյանին՝ 41 %):

2001 թ-ին, երբ Հայաստանը դարձավ Եվրոպայի խորհրդի անդամ, Սահմանադրությունը բարեփոխելու անհրաժեշտություն առաջացավ (դատական համակարգի, տեղական ինքնակառավարման մարմինների բարեփոխումներ, անկախ օմբուդսմենի ներդրում, հեռարձակումը կարգավորող անկախ մարմինների ստեղծում, ՍԴ լիազորությունների եւ դիմելու իրավունք ունեցողների շրջանակի փոփոխում և այլն):

2003-ի փետրվարի 19-ի նախագահական ընտրությունները դարձյալ կեղծիքներով անցան, և սկսվեց Քոչարյանի պաշտոնավարման երկրորդ փուլը: Նույն թվականի մայիսի 25-ին հանրաքվեի դրվեց սահմանադրական փոփոխությունների փաթեթը: Ըստ «Հանրաքվեի մասին» օրենքի՝ սահմանադրական փոփոխությունների ընդունման համար անհրաժեշտ էր քաղաքացիների ընդհանուր թվի 1/3-ի հավանությունը: ՀՀ ընտրողները զանգվածաբար բոյկոտեցին հանրաքվեն. այն ձախողվեց: Նախագահական ընտրությունների ընտրակեղծարարություններից ուժասպառ իշխանություններն այս հանրաքվեն ևս կեղծելու լրացուցիչ ջանքեր չգործադրեցին:

Արդեն 2005-ի նոյեմբերի 27-ին, սահմանադրական փոփոխությունների «բարեփոխված» փաթեթը դարձյալ դրվեց հանրաքվեի: Ընդդիմությունն այս հանրաքվեն ընտրակեղծարարության առումով «ռեկորդային» համարեց՝ հայտարարելով, քվերակության արդյունքն առնվազն 1 միլիոն ձայնով կեղծված է: Սա իրականությանը մոտ հայտարարություն էր, եթե հաշվի առնենք 2003-ի բոյկոտը: Հանրաքվեին իբրև թե մասնակցած 1 514 093 ընտրողից «կողմ» չէր կարող քվեարկել 1 411 711-ը:

Սրան ավելանում է նաև արտագաղթի գործոնը: «Առաջադեմ սոցիալական տեխնոլոգիաներ» ՀԿ-ի տվյաներով՝ 2002- 2005 թթ. Հայաստանից մեկնած աշխատանքային միգրանտների բացարձակ թիվը կազմել է 116-147 000 մարդ (ՀՀ մշտական բնակչության 3,5- 4,6 %-ը):

Նման նախադեպերով, երբ ունեցել էինք Սահմանադրությանն առնչվող երեք հանրաքվե, որոնցից երկուսի արդյունքները կեղծվել էին, մեկինը՝ տապալվել, առաջարկվեց Սահմանադրության հերթական տարբերակը՝ կիսանախագահական կառավարման համակարգից անցում խորհրդարանականին:

Սահմանադրության այս տեքստն ապահովում էր սուպերվարչապետական համակարգ, երբ վարչապետին առընթեր են ոստիկանությունը, ԱԱԾ-ն, Վերահսկողական ծառայությունը, Պետական պահպանության ծառայությունը: Սերժ Սարգսյանն այսպես էր հիմնավորել վարչապետի սուպերլիազորությունները. «Եթե պատասխանատվությունը շատ է, ինչու՞ լիազորությունները քիչ պետք է լինեն»:

Սերժ Սարգսյանի «հագով կարած» Սահմանադրությանը դեմ էին արտահայտվել Լևոն Տեր-Պետրոսյանն ու Ռոբերտ Քոչարյանը. նախագահներ, որոնք իրենք էլ կեղծիքներով էին անցկացրել արդեն իրե՜նց համար կարած սահմանադրության տեքստերը:

«Սերժ Սարգսյանի նախաձեռնած սահմանադրական փոփոխությունները քանդում են պետության հիմքերը»,- հայտարարել էր Լևոն Տեր-Պետրոսյանը:

«Սահմանադրության նախագիծը իր մեջ էական ռիսկեր է պարունակում, որ երկիրը կգլորվի դեպի դե ֆակտո միակուսակցական համակարգ, դեպի քաղաքական մենաշնորհ ու լճացում: Սովետական սահմանադրությունը լեցուն էր գեղեցիկ բառերով, սակայն ԽՄԿԿ ղեկավարող և ուղղորդող դերի մասին 6-րդ հոդվածը օրինականացնում էր կոմունիստների քաղաքական մենաշնորհը: Թե արդյունքում ինչ եղավ ԽՍՀՄ-ի հետ, հայտնի է բոլորին»,- ասել էր Ռոբերտ Քոչարյանը:

«Միանշանակ է, որ ոստիկանությունը և Ազգային անվտանգության ծառայությունը պետք է փոխեն իրենց կարգավիճակը և դառնան նախարարություններ: …Կարծում եմ, որ այն պարագան, որ նախագահի ինստիտուտից, ըստ էության, վերցվել են բոլոր հնարավոր գործառույթները և նրան վերապահել օֆիսային աշխատողի կարգավիճակ, ուղղակի խփում է Հայաստանի Հանրապետության հեղինակությանը»,- գործող Սահմանադրության մասին ասել էր Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում՝ որպես վարչապետի թեկնածու:

Այսօր ուժի մեջ է հենց այդ Սահմանադրությունը: Ժամանակին  մտավախություն կար, որ գործող Սահմանադրությամբ՝ ՀՀԿ-ն կդառնա պոլիտբյուրո: ՀՀԿ-ն հեռացվեց իշխանությունից, և պոլիտբյուրո դառնալու  էվոլյուցիայի ճանապարհին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն է:

Սահմանադրությունը փոխելու, սուպերվարչապետական համակարգը վերացնելու, իշխանական թևերի միջև իրական փոխզսպող մեխանիզմեր ներդնելու, նախագահի լիազորությունները վերանայելու խոստման փոխարեն վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՍԴ է գործուղում ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանին ու նրա շուրթերով հայտարարում ՍԴ ճգնաժամի մասին:
Կրկնենք. ՍԴ-ն եղել է և այսօր էլ կա գործող իշխանության գործիքը: Ոչ ոք չի վիճարկում, որ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին այդ պաշտոնը տրվել էր՝ որպես փոխհատուցում «Ընտրական օրենսգրքի»՝ ռեյտինգայինի հնարամիտ ձևը հեղինակելու, իշխանության ապօրինություններին սահմանադրական լեգիտիմություն հաղորդելու պատրաստակամության համար:
Սակայն ՍԴ-ի նախագահի պաշտոնին իր նախընտրելի թեկնածուի ինքնահռչակումը՝ որպես ՍԴ նախագահ, արդեն իսկ անլրջացնում է ՍԴ-ի ինստիտուտը:

Սահմանադրությունը փոխելու խոստման փոխարեն ՍԴ-ում ճգնաժամային իրավիճակ հայտարարելն ու ՍԴ-ն հիմա էլ ա՜յս իշխանությունների ճաշակով ձևելն է ճգնաճամ:

Նիկոլ Փաշինյանը պատասխանատվություն է կրում այն գնահատականների ու խոստումների համար, որոնք հնչեցրել է մինչ վարչապետ ընտրվելը: Համաժողովրդական աջակցությունը նա ստացել է ոչ թե երկրի վարչապետի պաշտոնին գալու և սուպերվարչապետական լիազորություններից կառչելու, այլ եղած մերժելի համակարգը փոխելու նպատակով:

Հակառակ դեպքում, ստացվում է ինչպես Կուրտ Վոնեգուտի «Կատվի ճոճք» վեպի նախաբանում. «Բոլոր այն ճշմարտությունները, որոնք կներկայացնենք ստորև, ստոր ստեր են»…

Մեկնաբանություններ (1)

Մարատ
Հայաստանի անխտիր բոլոր կառավարիչների համար Սահմանադրությունը եղել է ու կա սոսկ որպես թղթի կտոր եւ ընդամենը քողարկել է նրանց հավատամքը՝ «մեկ ա, 100 %-էլ ձայն տաք՝ իշխանությունը չենք տա»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter