HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Պաշտպանը կարծում է, որ Արման Մկրտումյանի գործողությունները դուրս են եկել անհրաժեշտ պաշտպանության տիրույթից(տեսանյութ)

Վճռաբեկ դատարանի նախկին նախագահ Արման Մկրտումյանի առանձնատան վրա հարձակման գործով մեղադրյալ Հովհաննես Ռիժենկոյի պաշտպան Արման Արզումանյանը կարծում է, որ Մկրտումյանի գործողություններին պատշաճ քրեաիրավական գնահատական չի տրվել և նրա նկատմամբ պետք է քրեական հետապնդում իրականացվի: Պաշտպանը նախաքննության ավարտին նման միջնորդություն է արել, որը, սակայն, մերժվել է: Մերժման որոշումն Արման Արզումանյանը բողոքարկել է դատարան:

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում, նախագահությամբ դատավոր Վարդան Արմենակի Գրիգորյանի, այսօր տեղի ունեցավ դատական նիստ, որի ընթացքում Արման Արզումանյանը ներկայացրեց բողոքը:

Վճռաբեկ դատարանի նախկին նախագահի առանձնատան վրա հարձակումը, հիշեցնենք, տեղի է ունեցել 2018 թվականի օգոստոսի 28-ին: Մկրտումյանն ու որդին՝ Գոռ Մկրտումյանը, անձամբ են վնասազերծել իրենց բակ մուտք գործած անձանց: Վերջիններս գործով տուժողի կարգավիճակ ունեն:

Հարձակման բուն գործն արդեն դատարանում է, ամբաստանյալի կարգավիճակ ունի երեք անձ` Հովհաննես Ռիժենկոն, Գագիկ Դանոյանը և Մայիս Մկրտչյանը, որոնք մեղադրվում են ավազակային հարձակման, ապօրինի զենք պահելու և սպանության փորձի մեջ:

Ըստ պաշտպան Արման Արզումանյանի՝ նախաքննական մարմինն, ինչպես նաև քրեական գործի նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազը տարբերակված մոտեցում են ցուցաբերում միևնույն դեպքի ընթացքում նույնանման արարքներ կատարած դատավարության մասնակիցների՝ տուժողի և մեղադրյալի գործողություններին իրավական գնահատական տալու հարցում:

Մասնավորապես՝ մի դեպքում ծայրահեղ խիստ՝ սպանության մեղադրանք է առաջադրվել հարձակման գործով անցնող անձանց՝ հիմնվելով ենթադրությունների և սուբյեկտիվ դատողությունների վրա, մյուս դեպքում՝ օբյեկտիվ հիմք ունեցող սպանության փորձն անհրաժեշտ պաշտպանություն է որակվել:

Մասնավորապես, ըստ Արման Արզումանյանի՝ քննիչը եզրահանգման է եկել, որ «Հովհաննես Ռիժենկոն ավազակային հարձակում կատարելու նպատակով ինքնաձիգով զինված ապօրինի մուտք է գործել Արման Մկրտումյանին պատկանող Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղի առանձնատուն: Առանձնատան բակում տեղադրված տեսանկարահանող սարքավորումների տեսագրություններով տեսնելով առանձնատուն ապօրինի մուտք գործած Հովհաննես Ռիժենկոյին և մյուսներին` առանձնատան սեփականատեր Արման Մկրտումյանը և վերջինիս որդին՝ Գոռ Մկրտումյանը դուրս են եկել առանձնատան բակ: Հովհաննես Ռիժենկոյի, Մայիս Մկրտչյանի և Գագիկ Դանոյանի կողմից զինված հարձակումը կանխելու նպատակով Գոռ Մկրտումյանը «Վալտեր» տեսակի գազային ատրճանակով կրակել է Հովհաննես Ռիժենկոյի դեմքին, ապա ծեծկռտուք է սկսվել վերջիններիս միջև, ուստի տուժողներ Արման և Գոռ Մկրտումյանների կողմից Հովհաննես Ռիժենկոյին վնասազերծելիս և այդ ընթացքում նրան մարմնական վնասվածքներ պատճառելով անհրաժեշտ պաշտպանության սահմանազանցում տեղի չի ունեցել, քանի որ պաշտպանվողները կիրառել են պաշտպանական այնպիսի միջոցներ և հնարքներ, որոնց կիրառումն ակնհայտ կերպով բխել է ոտնձգության բնույթից, վտանգավորությունից և իրադրությունից: Այսինքն՝ Հովհաննես Ռիժենկոյին Արման և Գոռ Մկրտումյանների պատճառած մարմնական վնասվածքները եղել են իրավաչափ»:

Մինչդեռ, ըստ Արման Արզումյանի, գործում առկա տեսանյութերից մեկում երևում է, թե ինչպես է Արման Մկրտումյանն ատրճանակի բռնակով հարվածում Հովհաննես Ռիժենկոյին՝ չնայած այն հանգամանքին, որ վերջինս դիմադրություն ցույց չէր տալիս:

Ըստ պաշտպանի՝ Մկրտումյանի տան անվտանգության տեսախցիկների ֆիքսած կադրերում երևում է, որ Գոռ Մկրտումյանը սկզբում իր մոտ գտնվող «Վալտեր» տեսակի գազային ատրճանակով կրակում է Հովհաննես Ռիժենկոյի դեմքին, և այդ ընթացքում Արման Մկրտումյանը ինչ-որ առարկայով հարվածներ է հասցնում Ռիժենկոյի մարմնի տարբեր մասերին: Տեսանյութերից  երևում է, որ ինքնաձիգն արդեն գտնվում է Գոռ Մկրտումյանի ձեռքում և դրանով հարված է հասցնում Հովհաննես Ռիժենկոյին: Ըստ պաշտպանի՝ այդ պահին զինված հարձակումն արդեն դադարած է եղել:

Արման Արզումյանի խոսքով՝ վայրկյաններ անց Արման Մկրտումյանը ատրճանակի բռնակով մի քանի հարված է հասցնում Հովհաննես Ռիժենկոյի գլխի շրջանում, տեսանյութից ակնհայտ է դառնում, որ բռնության են ենթարկվում ոչ թե Արման և Գոռ Մկրտումյանները, այլ Հովհաննես Ռիժենկոն, այսինքն՝ վերջինիս կողմից բռնությունը և/կամ դիմադրությունը դադարել է, նա արդեն պաշտպանվում է: Պաշտպանի գնահատմամբ՝ Հովհաննես Ռիժենկոն գրեթե ուշաթափ է եղել, չի կարողացել կառավարել մարմինը՝ կոորդինացիան կորցրել և տեսողությունը մթագնել է՝ հաշվի առնելով, որ դեմքին կրակել են գազային ատրճանակով:

«Նկատվում է, որ վերջինս գնում է դեպի տան ելքը, չի դիմադրում անգամ Գոռ Մկրտումյանին, անգամ ի վիճակի չէ փախչել, բայց այնուհետև տեսանյութի ժամը 22:24:55-ից Արման Մկրտումյանը մոտենում է արդեն իսկ անպաշտպան և բազմաթիվ վնասվածքներից հյուծված Հովհաննես Ռիժենկոյին ու ատրճանակի բռնակով մի քանի հարվածներ է հասցնում վերջինիս գլխին, և, աներկբա, հարվածները դադարում են ատրճանակը Արման Մկրտումյանի ձեռքից ընկնելու հետևանքով»,- ասաց Արման Արզումանյանը:

Ըստ պաշտպանի՝ ատրճանակի մետաղական բռնակով բազմաթիվ հարվածներ գլխին հասցնելը կարող էր հանգեցնել մահվան: Արզումանյանի տպավորությամբ՝ Արման Մկրտումյանի հարվածներն անմիջականորեն ուղղված են եղել Ռիժենկոյին կյանքից զրկելուն, և հանցանքն ավարտին չի հասցվել անձի կամքին հակառակ հանգամանքներով, այն է՝ ատրճանակը ձեռքից ընկնելու հետևանքով:

 

 

Պաշտպանը, մեջբերելով իրավական մի շարք դիրքորորոշումներ, հանգեց հետևության, որ Արման Մկրտումյանի գործողությունները դուրս են եկել անհրաժեշտ պաշտպանության տիրույթից և դատարանին խնդրեց վերացնել «քրեական հետապնդում չիրականացնելու մասին» Հատուկ քննչական ծառայության կոռուպցիոն, կազմակերպված և պաշտոնեական հանցագործությունների քննության վարչության հատկապես կարևոր գործերի քննիչ Վոլոդյա Սիմոնյանի որոշումը և որոշում կայացնել Հովհաննես Ռիժենկոյի իրավունքների և ազատությունների խախտումը վերացնելու` վարույթն իրականացնող մարմնի պարտականության մասին:

Արզումանյանը դատարանին միջնորդեց նաև նիստի ընթացքում հետազոտել գործում առկա տեսանկութերը: Կասկածի տակ չդնելով քննիչի անաչառությունը՝ Արզումանյանն, այնուամենայնիվ, չբացառեց, որ տեսանյութի` իր կողմից մատնանշված հանգամանքները կարող է նկատած չլինել: Դատարանը, սակայն, մերժեց միջնորդությունը, և տեսանյութը չհետազոտվեց:

Քննիչ Վոլոդյա Սիմոնյանն, անդրադառնալով պաշտպանի հայտնած այն մտքին, թե գուցե քննիչի ուշադրությունից որևէ հանգամանք վրիպած լինի, նշեց, որ մի քանի անգամ մանրամասն ուսումնասիրվել է տեսանյութը, որ դրանում շատ պարզ երևում է անձանցից յուրաքանչյուրի գործողությունը: Քննիչը նաև նշեց, որ Հովհաննես Ռիժենկոյի ատրճանակն, ըստ քրեական գործով ստացված փորձաքննության եզրակացության, բերված է եղել մարտական դիրքի: Ըստ Սիմոնյանի՝ Արման և Գոռ Մկրտումյանները անհրաժեշտ պաշտպանության են դիմել:

Կողմերին լսելուց հետո դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ բողոքի վերաբերյալ որոշում կայացնելու, որը կհրապարակվի հուլիսի 19-ին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter