HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ինչպե՞ս լինել լավ ծնող. մեկնաբանում է հոգեբանը

Արտերկրում արդեն մի քանի տասնյակ տարի գոյություն ունեցող ծնող-երեխա հարաբերությունների մասին քննարկումները վերջին մի քանի տարում մեծ թափով տարածվում են նաև Հայաստանում: Հոգեբան, ԵՊՀ փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի Անձի հոգեբանության ամբիոնի դասախոս, հ.գ.թ. Սոնա Մանուսյանը նկատում է, որ հանրային գիտակցության մեջ տեղաշարժ է եղել, եթե նախկինում «չի կարելիները» ավելի շատ երեխային էին վերաբերում, ապա այսօր դրանք հաճախ առաջին հերթին ծնողներին են ուղղված՝  նպատակ ունենալով պատասխանել «ինչպե՞ս լինել լավ ծնող» հարցին:

Չնայած այս տենդենցին, հայաստանցի շատ ծնողների համար արդյունավետ, դրական ծնողավարության գաղափարը շարունակում է մնալ անընդունելի կամ առնվազն անհասկանալի: Մեր զրուցակից Հեղինեն երկու երեխաների մայր է, դաստիարակության սեփական մոտեցումներն ու մեթոդներն ունի. «Ո՞նց կարող է ինչ-որ անծանոթ մարդ ինձանից լավ իմանա, թե իմ երեխաներին ոնց դաստիարակեմ: Ինչ-որ սեմինարի գնա՞մ՝ ինձ սովորացնեն, աբսուրդ է: Իրենք ինձանից շա՞տ են մտածում իմ երեխայի մասին: Ես շատ սիրում եմ իմ աղջիկներին, եթե պետք է լինում կամ ասենք հունից դուրս եմ գալիս, գոռում էլ եմ նրանց վրա, մի հատ էլ կարող է թեթև խփեմ»: Հեղինեն համոզված է, որ իր վարքում ոչ մի վատ բան չկա, ընդհակառակը՝ երեխաները զգաստանալու, «սաստվելու» կարիք ունեն, դրա համար «երեսներին շատ ժպտալ պետք չէ»: Որպես ասածի հիմնավորում, օրինակ է բերում իր ծնողներին. «Ժամանակին իմ մայրն էլ ինձ հետ է խիստ եղել, լավ ծեծ եմ կերել, բայց արժանի եմ եղել: Դրա համար էլ կարգին մարդ եմ մեծացել»: Թե որքանով է Հեղինեի փաստարկը հիմնավոր, մեկնաբանում է հոգեբան Սոնա Մանուսյանը: 

Բազային ընդհանուր դիրքորոշումների փոփոխություն. ծնողն էլ կարող է սխալվել

Որ այսօր ծնողավարության մեջ կրթական ու ինքնակրթական ասպեկտ է մտել, հոգեբանը թեև վերապահումով, բայց առաջընթաց է համարում: Ըստ նրա՝ պետք է գիտակցել, որ չնայած ուսուցումն արդյունավետ ծնողավարության հիմքն է, սակայն այն ծնող-երեխա հարաբերությունների բոլոր նրբերանգները, հակասություններն ու բարդությունները չի ընդգրկում: Բացի այդ, ծնող-երեխա հարաբերություններում կան անգիտակցական, ինտուիտիվ շերտեր. «Եթե հնարավոր լիներ լավ ծնող լինել դասընթացով, ապա բոլորը գոնե ուսուցման արդյունքում հրաշալի ծնողներ կլինեին»: Դա է պատճառը, որ Սոնա Մանուսյանն առավել կարևորում է բազային ընդհանուր դիրքորոշումների փոփոխությունը. «Բազային դիրքորոշումներից մեկը սխալականության հնարավորությունն է, որից ծնողը շատ երկար ժամանակ ապահովագրված է եղել: Այս մտածողության ելակետն այն է, որ դու՝ որպես ծնող, ինչ անում ես՝ ճիշտ ես ու անում ես երեխայի բարօրության համար: Սակայն հենց միանշանակ ճիշտ լինելու դիրքորորշումն է, որ կարիք կա կոտրելու: Որպեսզի ծնողը պատկերացնի, որ ինքն էլ կարող է սխալվել, օրինակ՝ անտեղի բարձր խոսել, հանդիմանելիս անտեղի կամ վիրավորական բաներ ասել ու կարողանա այդ սխալի մասին ասել երեխային կամ պարզապես ներողություն խնդրել (օր.՝ կներես, ես երևի գոռացի, կարող է դու վախեցար), սրա համար մտածողության, գիտակցության փոփոխություն է պետք: Պարզ մոտեցումներ կան, որոնք իրավիճակը փրկում են ոչ միայն ծնողի, այլև հենց երեխայի համար»: 

«Անընդհատ ծնողներիցս ստացել եմ ազդակներ, որ ԻՐԵՆՑ ՈՒԶԱԾ տղան չեմ»

29-ամյա Արեգը քննադատաբար է վերաբերում ծնողներին, թեև ընդգծում է, որ վերջիններս նույնիսկ 90-ականների ծանր պայմաններում իրենց ամեն ինչով ապահովել են, լավ կրթություն տվել, ոչնչի կարիք չեն ունեցել. «Շատ եմ մտածել ծնողներիս մասին, եկել եմ այն եզրահանգման, որ իրենք էլ իրենց ծնողներից են ստացել այն կաղապարները, որոնցով հետո ես ու քույրս ենք մեծացել: Հայրս անընդհատ ուզում էր ամեն բան՝ սկսած մանրուքներից, վերահսկել, ամեն ինչ իր ուզածով պիտի լիներ: Հայրս վերլուծական մտածողություն ունի, խելացի մարդ է, ուղղակի շատ էմոցիոնալ էր արձագանքում, իմ բոլոր ասածներին արագ դատավճիռ էր տալիս՝ հիմար գաղափար է, կսխալվես, կձախողվես և այլն... Լինելով վառ արտահայտված էքստրովերտ՝ հայրս շատ էր ուզում, որ ես էլ լինեի այդպիսին: Բայց, ի դժբախտություն ծնողներիս, ես ավելի լուռ եմ, մի կողմ քաշված ու անընդհատ ծնողներիցս ստացել եմ ազդակներ, որ իրենց ուզած տղան չեմ: Համ զգում եմ, որ իռացիոնալ համոզմունք ունեմ, համ էլ չեմ կարողանում ինքս ինձ այլ կերպ տրամադրել, որովհետև փոքր ժամանակ ծնողներիս ասածներից շատ եմ դա զգացել: Մայրս էլ ուղղակի իդեալական մայր է, բայց մեկ-մեկ անտակտ բաներ էր ասում օրինակ՝ մեր արտաքինի հետ կապված, հատկապես քույրս շատ էր վիրավորվում մորս անզգույշ ասածներից: Ես չեմ կենտրոնանում շատ, բայց քույրս իր ցածր ինքնագնահատականի համար մեր ծնողներին է մեղադրում»: 

Անհամազորության խնդիրը

Ըստ հոգեբան Սոնա Մանուսյանի՝ արագ և էմոցիոնալ արձագանքը հայաստանյան ծնողներին բնորոշ վարք է. «Մենք հաճախ բաներ ենք խոսում՝ զուտ իրավիճակից դրդված, տվյալ պահի տրամադրությունն արտացոլող, բայց հաշվի չենք առնում, որ երեխան դա այդպես չի ընկալում: Ծնողը կարող է ինչ-որ բան ասել գոռալով, որպեսզի, օրինակ՝ թոթափի տվյալ պահի զայրույթը: Այդ ընթացքում ծնողը կարող է նաև ավելորդ բաներ ասել ուղղված երեխային՝ դու սենցն ես, դու նենցն ես, դու միշտ սենց ես անում, նենց ես անում: Ծնողի հոգեբանության մեջ դրանք ընդամենը չզսպված զայրույթի արտահայտություններ են, որը գտել է իր օբյեկտին: Իսկ երեխայի գիտակցության մեջ դա արդեն կոնկրետ ուղերձ է իր մասին»: Նման իրավիճակներում անհրաժեշտ է, որ ծնողը փորձի պատկերացնել, թե երեխան ինչպես է իր մանկական աչուկներով տեսնում ու ընկալում չզսպված, բուռն արձագանքը: Խնդիրն այն է, որ դա տրվում է երեխայի համար թե ֆիզիկական, թե հոգեբանական առումով շատ կարևոր, իրենից մեծ ու վեր կանգնած մարդու կողմից: Դա է պատճառը, որ ծնողի ասած իրավիճակային անմեղ մի խոսքը երեխան կարող է ընկալել՝ որպես ձևակերպում իր մասին:

Անհամազորությունը ցույց տվող բազմաթիվ օրինակներ կան, դրանցից մեկը լռությունն է: Մեզ հետ զրույցում Արեգն էլ է խոսում դրա մասին. «Երեխա ժամանակ ուղղակի անտանելի էր, երբ ինչ-որ բանից դժգոհ էին հայրս կամ մայրս ու դադարում էին խոսել ինձ հետ: Ուղղակի ժամերով լռում էին, խռովում  (ծիծաղում է): Հիմա էլ հիշեցի, սկսեցի վատ զգալ…Ես էլ պտտվում էի իրենց շուրջը, զգում էի, որ մեղավոր եմ, փորձում էի խոսեցնել մերոնց, զվարճալի բաներ անել, բայց անօգուտ»: Ծնողների այս վարքն, ըստ Սոնա Մանուսյանի, խոսում է այն մասին, որ ծնողն էլ տվյալ պարագայում հոգեբանական իմաստով երեխա է, որը կամակորություն է անում՝ լռելով և ցույց տալով, որ ինքը ինչ-որ բանի հետ համաձայն չէ, իսկ երեխաները դա ընկալում են որպես մերժում՝ դու չկաս ինձ համար: Երեխան ի վիճակի չէ ռացիոնալ հասկանալ այդ իրավիճակը, դա չափազանց շատ է երեխայի համար, ահա թե ինչ է նշանակում անհամազորություն: 

Ինչպե՞ս կանխել անհամազորությունը

Անհամազորությունը կանխելու կամ քչացնելու համար հոգեբանը խորհուրդ է տալիս «առաջին ռեակցիայից» դուրս գալ ու նոր միայն արձագանքել երեխայի վարքին: «Առանց վախենալու կասեմ, որ դադարի բացակայությունը, միանգամից ասվող բաները շատ բնորոշ են հայաստանյան ծնողներին. միանգամից ոնց ռեակցիան գալիս է, այդպես էլ խոսում են: Օրինակ՝ զգույշ չընկնես, շունիկը կկծի, սուս մնա՝ քեզ ոչ-ոք չհարցրեց»:

Սոնա Մանուսյանը շեշտում է ծնողների՝ դադար տալու ու նոր խոսելու անհրաժեշտությունն ու կարևորությունը: Ըստ հոգեբանի՝ բավական է մարդ մի անգամ կանգնի, դադար տա, որ առաջին էմոցիոնալ արձագանքը թուլանա, առաջին ռեակցիայից երկրորդային ռեակցիայի անցումը ծնողին հետ կպահի գոռալուց ու երեխային վիրավորելուց. «Իհարկե ծնող-երեխա հարաբերություններում բաներ կան, որ հենց էդ առաջին ինտուիտիվ կապի  վրա են հիմնված՝ գգվանքը, սերը, անպայմանականորեն ու անմիջապես արտահայտվող սերն առանձնապես մտածվածություն չի, բայց երևի կարելի է առանց վախենալու ասել, որ առնվազն նեգատիվ էմոցիաների դեպքում մի պահ ինտերվալ արեք, որովհետև վնասներն առաջանում են այդտեղ: Դուք չեք կարող վստահ լինել, որ այն, ինչ դուք հենց հաջորդ պահին մոռանալու եք, ձեր երեխան կմոռանա»,- զգուշացնում է հոգեբանը: 

Ծնողների խոսքի արժեզրկում

Ըստ հոգեբանի՝ պարտադիր չէ, որ ոչ արդյունավետ ծնողավարության հետևանքով երեխան անպայման խեղճանա կամ ցածր ինքնագնահատական ձեռք բերի: Բացասական ազդեցությունների մյուս ձևն այն է, երբ երեխան ընկալողունակությունն ու զգայունությունը ծնողի խոսքի նկատմամբ կորցնում է. «Երբ ծնողները շարունակաբար իմպուլսիվ վիճակում են կամ երբ երեխային շատ են վիրավորում, վերջինս քիչ-քիչ ռազմավարութուն է մշակում, որ մայրն ուղղակի գոռգոռում է, ի վերջո, երեխան ինքն իրեն անջատելու է»: Վտանգն այն է, որ հնարավոր է՝ պաշտպանական բնույթ ունեցող ցինիզմ զարգանա երեխայի մոտ: Այսինքն՝ ծնողի խոսքին նշանակություն չտվող մարդ մեծացնելը կարելի է սխալ ծնողավարման բացասական կողմնակի էֆեկտ համարել:

Իսկ արդյո՞ք հնարավոր է անթերի ծնող լինել, հարցի պատասխանն, ըստ հոգեբանի, բացասական է: Չի կարող ծնողը երբևէ «վնաս» չտալ երեխային, որովհետև նրանց հարաբերությունները շատ էական, նշանակալից ու ինտենսիվ են, ինչպես նաև հագեցած են հուզական դժվարություններով: Բայց եթե ծնողը ուշադիր հետևի սեփական արձագանքներին, եթե կարողանա երկրորդային ռեակցիա տալ, ապա այդ աշխատանքի արդյունքում ամեն հաջորդ անգամն ավելի հղկված ու բնական կհաղորդակցվի երեխայի հետ: Հոգեբանը խորհուրդ է տալիս մտածել համազորության պրոբլեմի մասին, ինչպես նաև բարդություններին և ճգնաժամային իրավիճակներին բաց լինել. «Անհրաժեշտ է հիշել, որ դու՝ որպես ծնող, կարող ես ինքդ քեզ համար էլ անցանկալի դրսևորումներ ունենալ: Պետք է պատրաստ լինել դրանք տեսնել, նկատել ու հաջորդ անգամ ավելի հղկված արձագանքել»,- հորդորում է հոգեբան Սոնա Մանուսյանը:

Մեզ հետ զրույցում Արեգն ասում է, որ տարիների հետ ծնողների նկատմամբ ունեցած զայրույթը մեղմացել է. «Առաջ ագրեսիա կար մեջս, կատաղում էի, որ հիշում էի, թե մերոնք ինչքան բան են կոտրել մեջս, հիմա ինչ-որ տեղ հասկանում եմ, էն ժամանակ ռեսուրս չկար, հիմա կարող ես երկու «քլիքով» համացանցում ասենք հոգեբանական գրականություն կամ լավ նյութեր գտնել: Էն ժամանակ ուրիշ էր, նրանք հաստատ չէին պատկերացնում, որ ինձ կամ քրոջս ճնշում են: Բայց ես իմ երեխաների հետ հաստատ ավելի նրբանկատ կլինեմ, պետք լինի՝ մասնագիտական օգնության էլ կդիմեմ»:

Արմինե Հովհաննիսյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter