HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տեղի է ունեցել ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման նախագծային ժամկետի երկարաձգման ծրագրի համատեղ համակարգող հանձնաժողովի նիստը

Տարածքային կառավարման և  ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի և ՌԴ ատոմային էներգիայի «Ռոսատոմ» պետական կորպորացիայի գլխավոր տնօրենի առաջին տեղակալ, զարգացման և միջազգային բիզնեսի գծով տնօրեն Կիրիլ Կոմարովի համանախագահությամբ այսօր  Երևանում տեղի է ունեցել Հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման նախագծային ժամկետի երկարաձգման ծրագրի համատեղ համակարգող հանձնաժողովի 9-րդ նիստը։ 

 Նիստին մասնակցել են ՏԿԵ նախարարության, ՀՀ ԿԱ միջուկային անվտանգության կառավարման պետական կոմիտեի, «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ-ի, «Հայատոմ» ՓԲԸ-ի, Ռուսաստանի Դաշնության ատոմային էներգիայի «Ռոսատոմ» պետական կորպորացիայի, «Ռոսէներգոատոմ» կոնցերնի, ինչպես նաև  «Ռուսատոմ Սերվիս» ընկերության ներկայացուցիչներ:

Ողջունելով ներկաներին՝ նախարար Սուրեն Պապիկյանը նշել է, որ ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման նախագծային ժամկետի երկարաձգման ծրագիրը ռազմավարական կարևոր նշանակություն ունի Հայաստանի համար և դրա հաջող իրականացումը բխում է երկու կողմի շահերից։ Արդյունավետ աշխատանք մաղթելով նիստի մասնակիցներին՝ նախարարը հույս է հայտնել, որ քննարկումները կլինեն կառուցողական և միտված կլինեն արդեն իսկ ձեռք բերված ու նախատեսվող  պայմանավորվածությունների կյանքի կոչմանն ու առկա խնդիրների հնարավորինս արագ լուծմանը։ 

«Ռոսատոմ» պետական կորպորացիայի գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Կիրիլ Կոմարովը իր հերթին կարևորել է նիստի աշխատանքները և կողմերի միջև մտքերի փոխանակումը ատոմակայանի ճակատագրի շուրջ՝ ընդգծելով, որ դրա հետագա շահագործմանն ու  անվտանգության մակարդակի բարձրացմանն ուղղված միջոցառումների իրականացումը միջազգային հետաքրքրություն է ներկայացնում։ 

Նիստին ներկայացվել է երկարաձգման ծրագրով պլանավորված աշխատանքների իրականացման ընթացքը և նախատեսված աշխատանքների կատարման  ժամանակացույցը, քննարկվել են Հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման պայմանները՝ պլանային նախազգուշական վերանորոգման աշխատանքներից հետո, ինչպես նաև Հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի արդիականացման շրջանակում Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև համագործակցության մասին միջկառավարական համաձայնագրի գործողության ժամկետի երկարաձգման հարցը: 

Ներկայացվել է նաև «Ռոսատոմ» պետական կորպորացիայի գործունեությունը հումանիտար ոլորտում, անդրադարձ է եղել ատոմային էներգետիկայի բնագավառում կադրերի պատրաստման ուղղությամբ Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության երկկողմ համագործակցությանը վերաբերող հարցերի:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter