HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Նախկին մարզպետն աշխատանքից ազատել էր դպրոցի տնօրենին. վերաքննիչ դատարանը գործն ուղարկվել է նոր քննության

«Վաղարշապատի մտավոր թերզարգացում ունեցող երեխաների համար 2 հատուկ /օժանդակ/ դպրոց» ՊՈԱԿ-ի նախկին տնօրեն Արտակ Միքայելյանը 2018թ. օգոստոսի 31-ից դատական գործընթաց է սկսել ընդդեմ Արմավիրի նախկին մարզպետ Գագիկ Միրիջանյանի: Նա պահանջում է անվավեր ճանաչել իրենք աշխատանքից ազատելու վերաբերյալ մարզպետի որոշումը, վերականգնել նախկին աշխատանքում և հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար բռնագանձել միջին աշխատավարձը:

Նշենք, որ Արտակ Միքայելյանը Արմավիրի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության նախկին պետ, ՀՀԿ անդամ Գայանե Սայադյանի որդին է:

Արտակ Միքայելյանը 2018թ. հունվարի 9-ին նշանակվել էր «Վաղարշապատի մտավոր թերզարգացում ունեցող երեխաների համար 2 հատուկ /օժանդակ/ դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրեն, և նրա հետ նույն օրը կնքվել է աշխատանքային պայմանագիր: Տնօրենի ամսական աշխատավարձը կազմել է 200.000 դրամ: Արմավիրի արդեն նախկին մարզպետ Գագիկ Միրիջանյանը օգոստոսի 3-ին Արտակ Միքայելյանի լիազորությունները դադարեցնելու և նրա հետ կնքված աշխատանքային պայմանագիրը լուծելու մասին որոշում է կայացրել: 

Արտակ Միքայելյանը, դիմելով դատարան, նշել է, որ մարզպետի որոշումն անօրինական է, աշխատանքային պայմանագիրը լուծվել է առանց օրինական հիմքերի և օրենսդրությամբ սահմանված կարգի խախտումով, ուստի իր խախտված իրավունքները ենթակա են վերականգնման:

Հակառակ տեսակետն է հայտնել մարզպետարանը: Համաձայն դրա՝ տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու մրցույթին մասնակցելու համար մասնակցության հայտին կից ներկայացվող փաստաթղթերի ցանկը, ի թիվս այլնի, ներառել է նաև հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագրի) պատճենը։ Փաստաթղթերի ընդունման ժամկետը սահմանվել է 2017թ. նոյեմբերի 20–ից մինչև նույն թվականի դեկտեմբերի 19-ը ներառյալ։ Մրցույթը կայացել է դեկտեմբերի 28-ին, որի արդյունքում հաղթող է ճանաչվել Արտակ Միքայելյանը։ 2018թ. հուլիսի 31-ին Արմավիրի մարզպետը կրթության և գիտության նախարարի տեղակալից ստացել է գրություն, որից պարզ է դարձել, որ թեև Արտակ Միքայելյանը մասնակցել է թեստավորման և հարցազրույցի փուլերին, սակայն տեղեկանք ստանալու համար դիմել է նախարարություն միայն 2017թ. դեկտեմբերի 28-ին, այսինքն՝ հենց մրցույթի կայացման օրը, մինչդեռ մրցույթին մասնակցելու համար փաստաթղթեր ներկայացնելու վերջին օրը եղել է դեկտեմբերի 19-ը։ 

«Նշվածն իր հերթին խոսում է այն մասին, որ գործով հայցվորը չէր կարող դեկտեմբերի 28-ին ստացած փաստաթուղթը ներկայացրած լինել մինչև դեկտեմբերի 19-ը, հետևաբար օրենքի իմաստով առկա է իրավիճակ, երբ անձը մասնակցել, հաղթող ճանաչվել և նշանակվել է համապատասխան պաշտոնին օրենքի պահանջների խախտմամբ, ինչը օրենսդիրը բավարար է դիտել վերջինիս լիազորությունները դադարեցնելու համար։ Տվյալ դեպքում կրթության նախարարի տեղակալի գրությունը ստացվել է 31.07.2018 թվականին, որից հետո 3-օրյա ժամկետում կայացվել է որոշում, որով 03.08.2018 թվականին հայցվորի լիազորությունները դադարեցվել են։ Նման պայմաններում ակնհայտ է, որ վեճի առարկա հանդիսացող որոշումն ընդունվել է օրենքի պահանջների պահպանմամբ, հետևաբար բացակայում է օրենքով սահմանված որևէ հիմք այն անվավեր ճանաչելու համար»,-դատարանին հայտնել է Արմավիրի մարզպետարանը:

Արտակ Միքայելյանն էլ փաստել է, որ իր հավաստագիրը տրվել է մինչև մրցույթին մասնակցելու համար փաստաթղթեր ներկայացնելու համար սահմանված ժամկետի ավարտը, ուստի խնդիր չէր կարող առաջանալ: 

Մարզպետարանը նշել է, թե կրթության նախարարի տեղակալի գրությունում նշված փաստերի մասին տեղեկացել է միայն 31.07.2018թ.: Հայցվորի դիրքորոշումն այն է, որ այդ փաստերի մասին մարզպետարանը տեղեկացել է դեռ այն ժամանակ, երբ որոշում է կայացվել Ա. Միքայելյանին նշված պաշտոնում նշանակելու մասին, քանի որ մրցույթի կազմակերպման լիազոր մարմնի խորհրդի կազմում ընդգրկված է եղել դպրոցի կառավարման մարմնի Արմավիրի մարզպետարանի և դպրոցի հիմնադիրի կառավարության ներկայացուցիչները: Վերջիններս ուսումնասիրել են Արտակ Միքայելյանի անձնական գործը և տվել են դրական եզրակացություն պաշտոնում նշանակվելու վերաբերյալ։

Նշենք, որ ՊՈԱԿ-ը ներկա պահին գոյություն չունի, այն ՀՀ կառավարության որոշմամբ վերակազմակերպվել է գնահատման կենտրոնի, անվանումն է՝ մանկավարժահոգեբանական տարածքային կենտրոն: 2018թ. օգոստոսի 15-ին կատարվել է գրանցում: Կազմակերպությունը գտնվում է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ենթակայության ներքո, իսկ Արմավիրի մարզպետարանն առանձին ակտով շենքը հանձնել է նախարարությանը: 

Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանը վճռել էր Արտակ Միքայելյանի հայցը մերժել: Պատճառաբանությունը եղել է այն, որ հայցը ներկայացնելու օրվա դրությամբ արդեն իսկ ՊՈԱԿ-ի լիազոր մարմինը փոփոխվել է, հետևաբար գործով պատասխան պետք է տա նախարարությունը՝ անկախ այն հանգամանքից, որ վիճարկվող որոշումը կայացրել է ՊՈԱԿ-ի նախկին լիազոր մարմինը՝ Արմավիրի մարզպետը: 

«Նշված եզրահանգումը հիմնված է այն հանգամանքի վրա, որ ՊՈԱԿ-ի հիմնադրի որոշման ուժով Արմավիրի մարզպետարանն այլևս ՊՈԱԿ-ի կառավարման հարցում որևէ դերակատարություն չունի, ուստի չի կարող պատասխան տալ ՊՈԱԿ-ի գործունեության արդյունքում ծագած աշխատանքային վեճով, թեկուզև այդ վեճն առաջացել է հենց նրա՝ որպես ՊՈԱԿ-ի նախկին լիազոր մարմնի որոշման արդյունքում: Այսինքն՝ սույն գործով հայցը հարուցվել է ոչ պատշաճ պատասխանողի (ոչ այն անձի) դեմ, որը պետք է պատասխանի դրանով, ինչը հայցը մերժելու հիմք է»,-եզրակացրել է դատարանը:

Հայցվորը պնդում է, որ վճռում չի նշվել այն նորմը, որի հիման վրա դատարանը եզրակացություն է արել, թե ՊՈԱԿ-ի նախկին լիազորի կողմից կայացված որոշման արդյունքում ծագած աշխատաքային վեճով վերջինս չի կարող պատասխան տալ: Արտակ Միքայելյանի լիազորությունները դադարեցնելու որոշման մեջ հիշատակված նորմի համաձայն՝ Արտակ Միքայելյանի լիազորությունները կարող էին դադարեցվել միայն տնօրենի պաշտոնում նշանակվելու օրվան հաջորդող մեկ ամսվա ընթացքում, մինչդեռ Արմավիրի մարզպետը նրա լիազորությունները դադարեցնելու մասին որոշում է կայացրել տնօրենի պաշտոնում նշանակվելու օրվանից 7 ամիս անց:

Արտակ Միքայելյանը վերաքննիչ բողոք է ներկայացրել: Օրեր առաջ վերաքննիչ քաղաքացիական դատարանը առաջին ատյանի դատարանից տարբերվող դիրքորոշում է հայտնել, և Արտակ Միքայելյանի վերաքննիչ բողոքը բավարարել է: Մասնակի՝ Արմավիրի մարզպետի` աշխատանքից ազատելու որոշումն անվավեր ճանաչելու և հարկադիր պարապուրդի գումարը բռնագանձելու պահանջների մասով Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի վճիռը բեկանել և այդ մասերով գործն ուղարկել է ստորադաս դատարան՝ ամբողջ ծավալով նոր քննության: 

Վերաքննիչ դատարանի գնահատմամբ, անկախ այն հանգամանքից, որ «Վաղարշապատի մտավոր թերզարգացում ունեցող երեխաների թիվ 2 հատուկ (օժանդակ) դպրոց» ՊՈԱԿ-ի նկատմամբ Արմավիրի մարզպետի լիազորությունները դադարեցված են եղել Կառավարության որոշմամբ, գործով Արմավիրի մարզպետը հանդես է գալիս որպես պատշաճ պատասխանող, քանի որ, ի թիվս այլնի, ներկայացված է նաև վերջինիս որոշումն անվավեր ճանաչելու մասին պահանջ: Այսինքն՝ հայցվորը հայցապահանջը ներկայացրել է այն սուբյեկտի դեմ, որն իր պատկերացմամբ խախտել է հայցվորի իրավունքները:

«Դատարանը, առնվազն ՀՀ Արմավիրի մարզպետի որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասով, ունեցել է գործում ներգրավված պատշաճ պատասխանող, սակայն վեճին ըստ էության չի անդրադարձել և նկատի ունենալով, որ ներկայացված մյուս՝ հարկադիր պարապուրդի գումար բռնագանձելու պահանջը կապված և ածանցվում է ՀՀ Արմավիրի մարզպետի որոշումն անվավեր ճանաչելու պահանջին լուծում տալու հետ, ուստի Վերաքննիչ դատարանը գտնում է, որ անհրաժեշտ է բեկանել Դատարանի վճիռը՝ ՀՀ Արմավիրի մարզպետի որոշումն անվավեր ճանաչելու, իսկ որպես ածանցյալ պահանջ՝ հարկադիր պարապուրդի գումար բռնագանձելու մասով գործն ուղարկել ստորադաս դատարան ամբողջ ծավալով նոր քննության, որի ընթացքում էլ պետք է լուծվի նոր պատասխանող ներգրավելու հարցը»,-որոշել է վերաքննիչ դատարանը։ 

Լուսանկարում Արմավիրի նախկին մարզպետ Գագիկ Միրիջանյանն է

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter