HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ջրային կոմիտեն ոռոգման համակարգի զարգացման հայեցակարգ է մշակել

Ջրային կոմիտեում այսօր հանրային քննարկումներ են կայացել։ Ջրային կոմիտեն տեղեկացնում է, որ ոռոգման ոլորտի վերջին տարիների ցուցանիշները վկայում են համակարգի հրատապ բարեփոխման ու արդիականացման անհրաժեշտության մասին։ Ըստ այդմ, աճում են ծախսերը, նվազում՝ արդյունավետությունը։ Մասնավորապես, 2006 թվականից մինչև 2018 թվականի օգոստոսի 1-ը, փաստացի ոռոգվող հեկտարները միջինը նվազել են 2.4%-ով, սակայն ոռոգման համակարգի կազմակերպություններին (ՋՕԸ-ներ և «Ջրառ» ՓԲԸ) ՀՀ պետական բյուջեից տրամադրված սուբսիդիան աճել է մոտ 23.2%-ով, որից միջինը 3.5%-ով աճել են ՋՕԸ-ներին տրամադրվող սուբսիդիաները, իսկ 43%-ով «Ջրառ» ՓԲԸ-ի սուբսիդիաները:

Փաստացի ոռոգվող հեկտարների՝ 2.4%-ով նվազման ֆոնին մեկ հեկտարին բաժին ընկնող շահագործման ծախսերն աճել են միջինը 4.4%-ով, 2006 թվականի նկատմամբ փաստացի աճը 2017թ․ կազմել է 35%: Մեկ այլ տվյալ․ 2018-ին ոռոգման ջրի հասույթն, ըստ ՋՕԸ-ներից ստացված ամփոփ տվյալների, կազմել է շուրջ 6․5 մլրդ դրամ, որից գանձվել է ընդամենը 3․3 մլրդ դրամը։

Ջրային կոմիտեում ոլորտի զարգացման հայեցակարգ է մշակվել, որտեղ ներկայացված են իրավիճակի հստակ գնահատականները, առկա խնդիրներն ու դրանց լուծման ճանապարհները։ Փաստաթուղթն այսօր ներկայացվել է հանրությանը։

«Ոռոգման համակարգի զարգացման և ՋՕԸ-ների ինստիտուցիոնալ հզորացման տեսլականի ներկայացում» թեմայով այսօր հանրային քննարկում է կայացել Ջրային կոմիտեում, որին մասնակցել են նաև հասարակական ու մասնագիտական կազմակերպությունների ներկայացուցիչներ, անկախ փորձագետներ։ Ջրային կոմիտեի նախագահ Վարդան Մելքոնյանը ողջունել է քննարկման մասնակիցներին, վստահեցրել, որ համակարգի համար կարևոր են հստակ ռազմավարության առկայությունն ու սթափ գնահատականը, որպեսզի ճիշտ ուղղությամբ շարժվենք։

Ջրային կոմիտեի փոխնախագահ Հարություն Գուլյանը փաստերով ներկայացրել է, թե տարեցտարի ինչպես է նվազել ջրօգտագործողների ընկերությունների արդյունավետությունը, հատկապես վերջին տարիներին իրականացված՝ ՋՕԸ-ների խոշորացումից հետո։

2017-2018 թվականներին հանրապետության ամբողջ տարածքում ՀԲ-ի ֆինանսավորմամբ անցկացվել է ոռոգման ակտիվների տեղակայվածության գույքագրում, որի տվյալներն այժմ ներմուծվում են արդեն իսկ գոյություն ունեցող էլեկտրոնային համակարգ՝ մշակված ՋՏԾԻԳ-ի կողմից։

Հայեցակարգը ներառում է նաև համակարգի ընդհանուր գույքագրումը, ՋՕԸ-ների ինստիտուցիոնալ հզորացումը, կառուցվածքային բարեփոխումները, կառավարման բարելավման և կոնկրետ գործողությունների պլանների մշակումն ու իրականացումը:

Քննարկման մասնակիցները բարձր գնահատական են տվել հայեցակարգի նախագծին, բազմաթիվ հարցեր ուղղել Ջրային կոմիտեի պատասխանատուներին։ Մասնավորապես, անդրադարձ է եղել ՋՕԸ-ների գործունեության ու կառավարման արդյունավետությանը, ջրի կորուստներին, համակարգի տեխնիկական վիճակին ու ֆինանսական խնդիրներին, սպառիչ պարզաբանումներ են տրվել։

Հանրային քննարկման ավարտին մասնակիցներին առաջարկվել է հետագայում ևս դիտարկումներ ու առաջարկություններ ներկայացնել՝ առաջիկա 2 ամսվա ընթացքում նախագիծը լրամշակելու նպատակով։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter