HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գյումրու տնակում ապրող «ջրաներկի վարպետը»

Սաթենիկ Սիմոնյան

Գեղանկարիչ Սամվել Գալստյանը 29 տարի ապրում է Գյումրու «Անտառավան» թաղամասի տնակներից մեկում: 1988-ի երկրաշարժի ժամանակ փլվեց նկարչի բնակարանը և արվեստանոցը: Նա բազմաթիվ անօթևանների հետ ժամանակավոր տեղավորվեց Երեւանի Երիտասարդական պալատում:

«Երկրաշարժից հետո, երբ Երիտասարդական պալատում ժամանակավոր կացարան էինք գտել, ինչ նկարում էի, դագաղ ու սարսափելի պատկերներ էին ստացվում: Երևի աբսուրդի ժանրից է, բայց քաղաքն ամբողջությամբ դագաղներով էր լցված: Բացի այդ, մեզ հետ միասին ծեծված-ջարդված բազմաթիվ փախստականներ կային Բաքվից, մյուս կողմից հարազատների կորուստ ու անհայտ ապագա: Էտ ամենը մեծ ազդեցություն թողեց ստեղծագործական կյանքիս վրա: Պատկերները, որ նկարում էի, անկախ ինձանից էին ստացվում, բայց չէի էլ կարող այլ բան նկարել»,- պատմում է Սամվել Գալստյանը:

Երկրաշարժից երկու տարի անց Լեհաստան-Գյումրի արվեստագետների սիմպոզիում կազմակերպվեց, որին մասնակցում էր նաև Սամվել Գալստյանը:

Պատմում է, որ նկարիչների խմբով մեկնեցին Լեհաստան: Լյուբին քաղաքի գլխավոր դատախազի արվեստագետ կինը նկարչին առաջարկեց մնալ և հինգ տարի ժամկետով աշխատել այնտեղ: 

«Իհարկե, համաձայնեցի: Դրանից անմիջապես հետո հետ վերադարձա Հայաստան, որպեսզի նկարիչների նոր խումբ տանեի Լեհաստան: Այդ ծրագրով մեծ գումարներ պետք է աշխատեինք, որոնք ուղղելու էինք Գյումրիում նկարիչների համար բնակարան-արվեստանոցներ կառուցելուն: Այնտեղ մեծ հաջողությունների կհասնեի, իսկ գումարով էլ մեր միտքը կիրագործեինք, եթե Լեհաստան հետ դարձի ճանապարհին կտավներս անցկացնելիս, մաքսատուրքերի խնդիր չառաջանար: Այսօրվա պես հիշում եմ՝ ինչպես աչքիս առաջ պատռեցին վիզաներն ու թույլ չտվեցին լքեմ երկիրը»,-պատմում է Սամվել Գալստյանը:

Ասում է՝ ոչինչ չուներ՝ ո՛չ աշխատանք, ո՛չ էլ մնալու տեղ: Փլված արվեստանոցից կարողացել էր փրկել միայն մեկ ինքնանկար, որը կախված է տնակում: 

1992թ.-ին պետությունը Սամվելին տնակ հատկացրեց, իսկ  որպես նախկին ԽՍՀՄ նկարիչների միության անդամ նաև երկու արվեստանոց ստացավ: Սակայն պատմում է՝ այդ օրերին այնպիսի իրավիճակ էր Գյումրիում, որ անօթևաններ լցվեցին արվեստանոցներ ու որքան էլ փորձեց հետ վերադարձնել՝ չկարողացավ: 

«Երբ արդեն տնակում էինք ապրում, աշխատանքային շատ հետաքրքիր առաջարկ ստացա հոգեբանական կենտրոնում արտ թերապիայով զբաղվել: Մոտ չորս տարի աշխատեցի, զգում էի՝ որքան օգուտ է տալիս երեխաներին, սակայն հակառակ էֆեկտն ունեցավ ինձ վրա: Պատկերացրե՛ք՝ երկրաշարժի հետևանքներն ու պատերազմական ներկան, որքան են ազդում երեխայի հոգեբանության վրա: Բայց երբ մոտիկից ես ծանոթանում խնդիրներին, առնվազն պետք է զգացմունքայնությունդ կորցրած լինես, որ դա ցավագին չընդունես: Երևի թե չկարողացա անտարբեր անցնել ու նյարդային մի շարք հիվանդություններ ձեռք բերեցի: Այդ շրջանից պահպանված մի ինքնանկար ունեմ, որը պատռել եմ՝ հոգեբանական լարված վիճակի պատճառով: Բայց, փառք Աստծո, շրջապատիս ու արվեստի շնորհիվ հաղթահարեցի»,-պատմում է նկարիչը:

Նա մի քանի տարի ղեկավարեց Գյումրու Մերկուրովի անվան նկարչական  դպրոցը: Ապրելով տնակ-արվեստանոցում՝ շարունակում է ստեղծագործել ու աշակերտներ կրթել տնակի պատերի ներսում: Ասում է՝ աշակերտներից երկուսը պատրաստվում են Սանկտ Պետերբուրգի Ռեպինի ինստիտուտ ընդունվել.

«Ունեմ և ունեցել եմ աշակերտներ, ովքեր դոմիկում են ապրել և ապրում, ու անկասկած իրենց ապրելակերպը ազդում է ստեղծագործական մտքի վրա: Բայց չկա չարիք, առանց բարիքի: Երբ արվեստի ես վերածում այն, ինչից երեխան ընկճվում էր, ինքն արդեն վատի մեջ սկսում է լավը տեսնել: Հոբը՝ աշակերտս, 14 տարեկան է: Երևանում մեծ ցուցահանդես ունեցավ. բոլոր նկարները վաճառվեցին: Դոմիկում են ապրում, հիմա պատրաստվում է այդ գումարներով և հովանավորների օգնությամբ տուն կառուցել: Այդ տարիքում արդեն բավականին հասուն նկարիչ է: Չպետք է միջակություն լինի: Ես ուզում եմ, որ աշակերտներս գրագետ նկարիչներ դառնան, որովհետև անգրագետ արվեստագետը արվեստագետ չէ»,-ասում է Սամվել Գալստյանը: 

Տնակ-արվեստանոցում հերթով ցույց է տալիս նկարներն ու էսքիզներն ու ներկայացնում դրանց պաատմությունները: Հիշում է՝ ինչպես տարիներ առաջ իրեն հայտնեցին, որ Գերմանիայի թանգարաններից մեկում հայտնվել է իր կտավը.

«Ինձ զանգեցին Երևանի գեղարվեստի ակադեմիայից և հայտնեցին, որ Գերմանիայում ցանկանում են կենսագրությանս մասին իմանալ, քանի որ կտավներիցս մեկը գտնվում էր Լայպցիգի թանգարաններից մեկում: Եվս մեկ նկար ունեմ, որն այժմ Իրանի ժամանակակից թանգարանում է: Ենթադրում եմ, որ գնորդները աճուրդի են հանել գործերս և այդ ճանապարհով են հասել թանգարաններ»: 

Սամվել Գալստյանն ասում է, որ Գյումրին իր հավերժ հերոսն է՝ հին ու նոր տարբերակով, աղքատիկ տնակային թաղամասերով, հարուստ մշակութային կառույցներով ու քաղաքին հատուկ կոլորիտով:

Լուսանկարները Անի Սարգսյանի

Մեկնաբանություններ (4)

Անդրանիկ
Բարև ձեզ իմ մոտ պարոն Գալստյանի 83թվականի Արարատ կտավը կա ամբողչովին օրիգինալ ձևով պահպանված։ կտավը պարոն Գալստյանը նվիրել է իմ պապիկին,կարծումեմ սա պարոն Գալստյանի առաչին կտավն է, կուզեի վաճառել հարմար գնով +37441221010
Լուսինե Շախբազյան
Բարև Ձեզ պարոն Սամվել,դուք հիմա պարաբում եք երեխանների հետ։Ձեր հասցեն կասեք բերեմ երեխայիս պայմանավորվենք։
Gustavo Amaral
Nice article, thanks for share this for us in english, congrats to Satenik for this amazing portrait of Galstyan's life!
Dee B
Dear Simonyan, where in Gyumri can I view Samvel Galstyan's work?

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter