
Հրանտ Գրիգորյանը Արշալույսի ընտրությունները ժողովրդավարական է համարում
Արդեն տեղեկացրել էինք, որ Արմավիրի մարզի Արշալույս գյուղում համայնքապետի պաշտոնում վերընտրվել է ՀՀԿ անդամ Զարզանդ Գրիգորյանը՝ պատգամավոր Հրանտ Գրիգորյանի եղբայրը: Մյուս թեկնածու՝ Գրիգոր Գրիգորյանի վստահված անձիք «Հետքի» հետ զրույցում ասացին, որ իրենք խախտումներ չեն տեսել եւ ընդհանուր առմամբ բողոքներ չունեն:
Ընդհանրապես Արշալույսում անցկացված այս ընտրություններն աննախադեպ էին: 2 տեղամասերում գտնվող լրագրողներն այդպես էլ առավոտից մինչեւ արդյունքների հրապարակումը ոչ մի խախտում չարձանագրեցին, չնայած ժամը 19-ի մոտակայքում արդեն լարվածությունը հասնում էր գագաթնակետին:
Գյուղի կենտրոնում հավաքվել էր 150 ավտոմեքենա: Գյուղացիներից մեկը մեկ առ մեկ հաշվել էր ավտոմեքենաները եւ տեղեկացրեց, որ դրանք բոլորն էլ դրսի ավտոմեքենաներ են եւ համագյուղացիներին չեն պատկանում: Նույնիսկ հնարավոր էր ծեծկռտուք սկսվեր, եթե Զարզանդ Գրիգորյանի կողմնակիցները չնահանջեին:
Արդյունքների հրապարակումից հետո ԱԺ պատգամավոր Հրանտ Գրիգորյանը «Հետքին» տեղեկացրեց, որ ինքը գոհ է ընտրությունների արդյունքներից, քանի որ դրանք անցել են ազատ եւ ժողովրդավարության բալոր չափանիշներին համապատասխան:
Հիշեցնենք, որ Զարզանդ Գրիգորյանը ստացել էր 1460 ձայն, իսկ Գրիգոր Գրիգորյանը՝ 493: Շատ էին հատկապես այն քվեաթերթիկները, որտեղ ընտրողները միաժամանակ քվեարկել էին երկու թեկնածուների օգտին: Հանձնաժողովի անդամները կատակով նշում էին, որ այդ քվեարկողներն ամենաազնիվն են եղել՝ երկու թեկնածուներին էլ խոսք են տվել եւ երկուսին էլ միաժամանակ ընտրել են: Բնականաբար այդ քվեաթերթիկները ճանաչվեցին անվավեր:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել