
Ի՞նչ գներ են առաջարկում ավիաընկերությունները Երեւան-Մոսկվա եւ Մոսկվա-Երեւան ուղղությունների համար
Այս պահի դրությամբ «Ավիակոմպանիա Արմենիայի» տոմսերի ամրագրման համակարգն ամառվա ամիսների համար Երեւան-Մոսկվա միակողմանի չվերթի տոմսի (էկոնոմ դաս) ամենաէժան գին է ցույց տալիս 53.612 դրամ կամ 7143 ռուբլի, իսկ Մոսկվա-Երեւան չվերթի համար՝ 34.773 դրամ կամ 4620 ռուբլի: Տարբերության պատճառն առաջին հերթին «օդի տուրքն» է, որը գանձվում է Երեւանից մեկնողներից:
Ըստ ամրագրման համակարգի՝ «Արմենիան» հուլիսի 8-ից օրական նախատեսում է 2-3 չվերթ իրականացնել «Զվարթնոցից» դեպի «Վնուկովո» եւ հակառակ ուղղությամբ (առավոտյան, կեսօրին եւ երեկոյան): Ամենաէժանը կեսօրվա տոմսերն են, բայց ոչ բոլոր օրերին կան կեսօրվա թռիչքներ:
Հիմա տեսնենք, թե միակողմանի տոմսերի համար ինչ գներ են առաջարկում ռուսական որոշ փոխադրողներ:
«Aeroflot»-ը, որն իրար է կապում «Շերեմետեւո» եւ «Զվարթնոց» օդանավակայանները, ամառվա ամիսներին Մոսկվա-Երեւան թռիչքի էկոնոմ դասի ամենաէժան տոմսն այս պահին առաջարկում է 7552 ռուբլով, իսկ Երեւան-Մոսկվա չվերթի համար՝ 9185 ռուբլով:
«Ural Airlines»-ը, որը դեպի Երեւան թռիչքներ է նախատեսում «Դոմոդեդովո» եւ Ժուկովսկու օդանավակայաններից, Մոսկվա-Երեւան միակողմանի ամենաէժան տոմսի արժեք է ցույց տալիս 7234 ռուբլի, իսկ Երեւան-Մոսկվայի դեպքում՝ 6012 ռուբլի:
«S7 Airlines»-ն իր հերթին «Դոմոդեդովո»-«Զվարթնոց» չվերթի նվազագույն գին է առաջարկում 5178, իսկ «Զվարթնոց»-«Դոմոդեդովո» ուղղությամբ՝ 6026 ռուբլի:
«Utair»-ը «Վնուկովո»-«Զվարթնոց» ուղղությունը գնահատում է նվազագույնը 5763 ռուբլի, իսկ հակառակը՝ 7041 ռուբլի:
«Nordwind»-ի համակարգում «Շերեմետեւո»-«Զվարթնոց» տոմսի ամենաէժան գինը 5218 ռուբլի է, իսկ հակառակ ուղղության արժեքը՝ 5996 ռուբլի:
«Red Wings Airlines»-ը «Դոմոդեդովո»-«Զվարթնոց» թռիչքն այս պահին առաջարկում է նվազագույնը 5593 ռուբլով, հակառակ ուղղությունը՝ 6588 ռուբլով:
«Smartavia» ընկերությունն (նախկինում՝ «Nordavia») ամառվա ամիսներին «Դոմոդեդովոյից» դեպի «Զվարթնոց» թռիչքն առաջարկում է նվազագույնը 6473 ռուբլով, իսկ հակառակ ուղղությունը՝ 7038 ռուբլով:
Փաստորեն, նշվածներից Երեւան-Մոսկվա ուղղության համար ամենաէժանն այս պահին առաջարկում է «Nordwind»-ը՝ 5996 ռուբլի, իսկ Մոսկվա-Երեւան չվերթի նվազագույն գինը «Արմենիայի» համակարգում է՝ 4620 ռուբլի:
Երկկողմանի տոմս պատվիրելիս, բնականաբար, գները փոխվում են: Սակայն այս դեպքում եւս, որպես կանոն, Մոսկվա-Երեւան հատվածն ավելի էժան է, քան Երեւան-Մոսկվան:
Մեկնաբանել