HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բնակարանային գողությունների թիվն աճում է, իսկ բացահայտումների մակարդակը՝ մնում ցածր

«Սիրելի գողեր, մեզ պետք են այդ գողացված համակարգիչների գոնե միայն կրիչները։ Բերեք, գցեք մեր դռան մոտ էլի։ Թեկուզ գիշերով, առավոտ շուտ, խնդրում եմ։ Ձեզ մի բան կլինի էլի էս կյանքում դրա համար»,- այսպիսի հաղորդագրություն էր գրել գրող Արփի Ոսկանյանը՝ իրենց տնից գողություն կատարած անձանց՝ Ֆեյսբուքի միջոցով։

Անցյալ տարվա ձմեռային մի օր, երբ ինքն ու ամուսինը նախընտրական քարոզարշավ էին իրականացնում Երևանի տարբեր համայնքներում, անհայտ անձինք մուտք էին գործել նրանց բնակարան և գողացել համակարգիչներ, ոսկյա զարդեր՝ այդ թվում նրանց ամուսնական մատանիները, տեսախցիկ և 80 000 դրամ, որն ընտանիքի այդ ամսվա ապրուստի գումարն էր։ Հասցված վնասի չափը գնահատվել է մոտ մեկ միլիոն դրամ։ Արփին ծիծաղով պատմում է, թե գողերը միանգամից հասկացել են, որ գրող ամուսիններն իրենց գումարը կարող էին պահել գրքերի մեջ և հեշտությամբ հայտնաբերել են այն։

Ամուսիններն ամենից շատ ափսոսում են համակարգիչների համար, քանի որ միայն այնտեղ էր պահպանված եղել նրանց դեռևս չտպագրված ստեղծագործությունները։ «Դա շատ ցավոտ թեմա է, որովհետև իմ կորած ստեղագործություներն այդքան շատ չէին, ես այնուամենայնիվ պահում էի ուրիշ կրիչների վրա։ Ամուսնուս ամբողջական, ավարտած վեպից 60 էջ՝ մեկ երրորդը, կորավ և դա պրակտիկորեն անվերականգնելի բան է, որովհետև երբեք հնարավոր չէ արձակ տեքստը նույնությամբ վերականգնել»,- ասում է Արփի Ոսկանյանը։

Ոստիկանները փորձել են նրանց բնակարանից գողություն կատարած անձանց մատնահետքերը վերցնել, սակայն չի հաջողվել, պատճառաբանել են, թե գողերը որևէ մատնահետք չեն թողել։

Արփին գողության բացահայտմանն ուղղված սեփական քննությունն է իրականացնել։ Նա նկատել է, որ իր գողացված համակարգիչը միացրել են, մուտք գործել իր ֆեյսբուքյան էջ, սակայն, տեսնելով, որ համակարգչի մկնիկն ու ստեղնաշարը լավ չի աշխատում ու չեն կարողանում կառավարել այն, կրկին անջատել են։ Ըստ Արփիի, մոտ երեք նմանատիպ փորձ է եղել։ «Ես տեսա, որ իմ համակարգիչ մտան ուրիշ IP հասցեից ու այդ տվյալները հանձնեցի քննիչին»,- ասում է նա։

Համակարգիչ մուտք գործողի իրական հասցեն ոստիկանությունն այդպես էլ չի կարողացել պարզել։ Արփին կարծում է՝ պատճառն ընթացակարգային բարդություններն էին։ Ոստիկանությունը հարցում էր արել ինտերնետ մատակարարին, վերջինս էլ իր հերթին 10 օր է պահանջել՝ հարցմանը պատասխանելու համար։ Նշված ժամկետի վերջին օրը ինտերնետ մատակարարը հայտնել էր, որ հստակ տեղեկատվություն տրամադրելու համար անհրաժեշտ է իմանալ նաև Արփիի ֆեյսբուքյան էջ մուտք գործելու ժամը։ «Այդ բոլոր գործողություններն ուղեկցվում էին դատարանի թույլտվությամբ։ Այսինքն՝ ոստիկանությունն ամեն անգամ պետք է դիմեր դատարան, որ դիմեր ինտերնետ մատակարարին։ Այնուհետև պետք է ստանար թույլտվություն, որ խուզարկություն իրականացներ։ Այդ բոլոր գործողությունների արանքում ժամանակ էր կորչում և օպերատիվ կերպով գողին հայտնաբերելն ու բռնելը բարդանում էր»,- պատմում է Արփի Ոսկանյանը։ 

Բնակարանի մուտքի երկու կողմերում եղել են տեսախցիկներ, Արփին, հաշվի առնելով ոստիկանների աշխատանքային ծանրաբեռնվածությունը, առաջարկել է իր օգնությունը՝ վերծանել այդ տեսագրությունները։

«Ասացին, որ դա անհնար է։ Մի հետաքրքիր բան ասաց ոստիկանը. ասաց՝ մենք գիտենք իրենց, բայց դատարանում տեսախցիկների այդ նյութը չի կարող հիմք ծառայել, որովհետև դրանք հիմնականում վատորակ ձայնագրություններ են, ինչը հիմք չի հանդիսանում դատարանում այսպես թե այնպես»։ 

Գողությունից կես տարի անց Արփի Ոսկանյանը նամակ է ստացել ոստիկանությունից այն մասին, որ քրեական գործը կասեցվել է, քանի որ հայտնի չէ անձը, որը գործով պետք է ներգրավվի որպես մեղադրյալ: 

Հայաստանում տարեցտարի նկատվում է գողության, ավազակության և կողոպուտի դեպքերի աճ։ Միևնույն ժամանակ, ըստ Արդարադատության նախարարության, ցածր է այդ դեպքերի բացահայտման մակարդակը։

Articles_Theft_Armenia_final.png (199 KB)

2017թ-ին Հայաստանում գրանցվել էր գողության 885 դեպք, ավազակության՝ 3 և կողոպուտի 27 դեպք։ Նույն թվականին նշված հոդվածներով ոստիկանությունը հայտնաբերել է 182 հանցանք կատարած անձի, որոնցից 176-ի գործն է ուղարկվել  դատարան։

2018թ-ին Հայաստանում գրանցվել է գողության 1433, ավազակության 3 և կողոպուտի 27 դեպք։ Ոստիկանությունը հայտնաբերել է 220 հանցանք կատարած անձի, որոնցից 208-ի գործն է ուղարկվել դատարան։

2019թ-ի առաջին եռամսյակում Հայաստանում գրանցվել է գողության 377, ավազակության 1 և կողոպուտի 8 դեպք։ Նույն ժամանակահատվածում հայտնաբերվել է նշված հոդվածներով հանցանք կատարած 40 անձ։ Նրանցից 39-ի գործն ուղարկվել է դատարան։

Ամենաշատ գողության դեպքերը գրանցվում են Երևանում, Կոտայքի մարզում և Շիրակում։

Երևանում այս տարվա առաջին հինգ ամիսներին կատարվել է բնակարային գողության 321 դեպք, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կրկնակի աճել է։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում գրանցվել էր 165 դեպք։

Միջինում ամենաշատ գողության դեպքերը գրանցվել են Նոր-Նորք, Ավան, Արաբկիր, Շենգավիթ և Կենտրոն համայնքներում։

«Այսօր ոստիիկանության համար բնակարանային գողությունների դեմ պայքարը թիվ մեկ խնդիրն է՝ թե կանխարգելման և թե բացահամյան առումով»,- ասում է Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի պետ Վահե Մուշեղյանը։

Ըստ նրա, բնակարանային գողերին հիմնականում գրավում է փողն ու ոսկյա զարդերը։ «Նախկինում՝ այսինքն 2000-ականներին, կտանեին հեռուստացույց, համակարգիչ, հեռախոս։ Հիմա դրանք արժեք չունեցող բաներ են։ Նախ չի տանի հեռուսացույցը, որ այդպես դուրս չգա մուտքից»,- նշում է նա։

vahe musheghyan.jpg (565 KB)
Վահե Մուշեղյանը

Ըստ քրեական հետախուզության բաժնի պետի, երևանյան բնակարանային գողությունների հիմնական աճը գրանցվել է տարվա սկզբի ամիսներին։

Մուշեղյանը դժվար բացահայտելի է համարում Վրաստանից եկած խմբերի կողմից կատարված գողությունները, քանի որ գողությունը կատարելուց հետո նրանք հատում են սահմանը և գտնվում մեր իրավապահների վերահսկողությունից դուրս։ Ըստ պաշտոնյայի՝ այս տարի ազգությամբ վրացի գողություն կատարած անձանց թիվը մեծ չէ, սակայն վերջին նրանց կողմից կատարված գողությունների դեպքեր գրանցվել են։

«Սահմանային հսկողություն էլ չես կարող անել, որովհետև Վրաստանից օրական, եթե չեմ սխալվում, 3000-4000 մարդ է մտնում Հայաստան, դուրս գալիս»,- ասում է Վահե Մուշեղյանը։

Գողություն կատարած անձանց մեծ մասը 18-49 տարեկան տղամարդիկ են, սակայն հանցանք կատարած անձանց մոտ 13 տոկոսն անչափահասներ են։

Վահե Մուշեղյանի պնդմամբ՝ վերջին համաներումը նույնպես գործոն է հանդիսացել՝ բնակարանային գողությունների թվի աճի համար։ «Բոլոր ժամանակներում համաներումից հետո հանցագործությունների թիվն ավելանում է, դա աքսիոմա է։ Բնակարանային գողության կանխարգելման ամենալավ եղանակը բացահայտումն է»,- եզրափակում է նա։

Արդարադատության նախարարությունն այս տարվա ապրիլի17-ին օրենքի փոփոխության նախագիծ է ներկայացրել, որով առաջարկում է խստացնել բնակարան ապօրինի մուտք գործելով կատարված ավազակության, կողոպուտի և գողության համար քրեական պատասխանատվությունը։ Նախագիծն առաջարկում է 2-4 տարով ավելացնել այս հոդվածներով դատապարտվող անձանց ազատազրկման չափը։ Մասնավորապես, ավազակության համար նախատեսել ազատազրկում՝ 7-12 տարի ժամկետով, կողոպուտի համար՝ 6-10 տարի ժամկետով, իսկ գողության համար՝ 5-10 տարի ժամկետով։

Ըստ արդարադատության նախարարության` բնակարան ապօրինի մուտք գործելով կատարված հափշտակությունների էական աճը, կրկնահանցագործությունների զգալի թիվը վկայում է դրանց դեմ պայքարի քրեաիրավական միջոցների և վարվող պատժողական քաղաքականության ոչ արդյունավետ լինելու մասին:

Նախագծի քննարկման փուլն ավարտվել է, այն պետք է ուղարկվի Ազգային ժողով՝ հաստատման։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter