HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Էջմիածնի պատմաազգագրական թանգարան. շփում հազարամյակների հետ

Էջմիածնի պատմաազգագրական թանգարանը գործում է 1964 թ.-ից:  2004 թ.-ին, երբ նախկին քաղաքապետներից մեկի` Հրաչիկ Աբգարյանի  որոշմամբ վաճառվեց գործող թանգարանի շենքը,  չօգնեցին ոչ վարչապետին և ոչ էլ նախագահին ուղղված դիմումները. թանգարանը միառժամանակ փակվեց: 2005 թ.-ին այն  տեղափոխվեց մեկ այլ շենք (քաղաքապետարանի հարևանությամբ) և գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանի հովանավորությամբ վերաբացվեց 2008 թ.-ի հոկտեմբերի  8-ին` Էջմիածին քաղաքի օրը:

Թանգարանը բաղկացած է 2 սրահներից. մեկը՝ պատմական, որտեղ ներկայացված են քարե դարից մինչև բրոնզե դարը ընկած ժամանակաշրջանի նմուշները, մյուսը` ազգագրական սրահ է: Թանգարանն այցելուներ շատ է ունենում: Դրա պատճառներից մեկն այն է, որ Հայաստանում եղած 2 անվճար թանգարաններից մեկն է (մյուսը`Ցեղասպանության թանգարանն է):

Քարե դարի ցուցանմուշների մեջ կարելի է տեսել նախնադարյան մարդու կացարանի մակետը` 2 անգամ փոքրացված, վանակատից աշխատանքային գործիքներ, կայծքարեր և այլն: Վերջիններս հայտնաբերվել են 2 տարի առաջ Ակնալիճ գյուղում:

«Այս և նմանատիպ այլ նմուշներն հավաստում են, որ Արարատյան հարթավայրը հանդիսացել է վաղ երկրգործական-անասնապահական մշակույթի կարևարագույն կենտրոններից մեկը,- նշում է թանգարանի գիտաշխատող, հնագետ  Անժելա Թադևոսյանը:-Ուսումնասիրություններից պարզ է դառնում, որ նեոլիթյան ժամանակաշրջանում մարդիկ բնության միջոցների յուրացումից անցնում են արտադրող տնտեսության: Այստեղ կարելի է տեսնել ամենահին երկաթից պատրաստված թևնոցը, որը  հայտնաբերվել է Թեղուտի տարածքից»:

Ուշագրավ նմուշներ կան նաև բրոնզե դարը ներկայացնող հատվածում: Դրանցից է, օրինակ, Հռիփսիմե եկեղեցու տարածքից հայտնաբերված 17-ամյա աղջկա դամբարանը, Վանի թագավորության շրջանի սափորը,  Էջմիածնի տներից մեկի  հիմքում հայտնաբերված դեմքը, որն օգտագործվել եկեղեցիներում 5-7-րդ դարերում:

Պատմական հատվածում ներկայացված նյութերի հիմնական մասը պեղվել է 1960-ական թվականներից մինչև 1980-ական թվականների սկիզբ: Բայց պեղման աշխատանքները շարունակվում են մինչ օրս. ամռանը կցուցադրվեն Աղավնատնից պեղված նմուշները:

 «Շատ զարմանալի նյութեր ենք գտել այնտեղից,- ասում է Ա. Թադևոսյանը,- էնտեղ մի  դամբարան կար, բացեցինք`ձիու դամբարան էր. մի ձի` թաղված հսկայական դամբարանում»: Նրա խոսքերով`Արմավիրի մարզն ընդհանրապես  հարուստ է պատմական նյութերով. այդպիսի տարածքներից են Ծաղկալանջը,  Ակնաշենը, Առատաշենը, Աղավնատունը, Ակնալիճը:

Պեղումների ժամանակ շատ են լինում հետաքրքիր պատմություններ: Դանցից մեկն է հիշում Ա. Թադևոսյանը. «Լեռնային Ղարաբաղի Զանգելանի շրջանի Կերեն գյուղն էր. ես բացեցի մի թաղում. այնտեղ ձեռքն էր, իսկ ձեռքի վրա զարդերն էին` թևնոց և մատանիներ»:

Այս ցուցանմուշը հանձնվել է Հայաստանի պատմության թանգարանին, որտեղ և շուտով կցուցադրվի:

Պատմական հատվածում իր ուրույն տեղն է զբաղեցնում մեր մայրցամաքում իր տեսակի մեջ  նախադեպը չունեցող  արջի արձանիկը, (քարի դար 4 հազարամյակ):

«Ոչ Ասիայում, ոչ Եվրոպայում  չկա նմանատիպ  ժամանակաշրջանի էսպիսի արձանիկ»,- ասում է Թադեւոսյանը,- անգամ` Հայաստանի պատմության թանգարանում»:

Արձանիկը  հայտնաբերվել է Թեղուտի տարածքում և ունի 7-8 հազար տարվա կենսագրություն: Մոտավորապես այդքան տարի առաջ էլ ձեռքով մշակել և նետասլաքներ են պատրաստել օբսիդիան քարերից. այժմ այդ քարերը մշակում են բացառապես լազերի օգնությամբ:

Գեղեցիկ դիզայներական լուծումները հնարավորինս  պատկերավոր  ներկայացնում են թանգարանի 2-րդ սրահի ազգագրական  նմուշները: Այստեղ կարելի է տեսնել թոնրատունը, որտեղ լավաշ էին թխում մեր տատերը,  խնոցին, որտեղ հարվում էր սարերի անուշահամ մածունը, տան սենյակի մի հատված` իր գորգերով ու կահ-կարասիով, դազգահ, գուռ, սպասք…

Ըստ Անժելա Թադեւոսյանի` դպրոցահասակ պատանիները շատ են զարմանում` տեսնելով այժմյան և անցյալի կենցաղային պայմանները. «Իրենք չեն էլ պատկերացրել, որ այդ ժամանակ լույս չի եղել, գազ չի եղել, ինտերնետ չի եղել…»:

Ազգային նմուշների մեջ իրենց հատուկ տեղն են զբաղեցնում հին գորգերը: Այժմ էլ որոշ մարդկանց տներում  կան արժեքավոր գորգեր, բայց նրանք նախընտրում են վաճառել դրանք, թեկուզ չնչին գումարով:

Այստեղ է գտնվում նաև Էջմիածնի  առաջին տպագրական մեքենան: 1894 թ.-ին  Մեծ Բրիտանիայի թագուհին այն նվիրել է Խրիմյան Հայրիկին: Իսկ արդեն 1970-ական թվականների վերջում մեքենան նվիրվել է թանգարանին: Դրանով տպել են գրքեր և թերթեր` հոգևոր թեմաներով:

Բոլոր նմուշները  զգուշությամբ խնամվում և ժամանակ առ ժամանակ վերանորոգվում են: Ու թեկուզ թանգարանում տեսածը մի չնչին հուլունք, մի մետաղ լինի, բայց կարևորն այն է, որ հենց այդ պահին շփվում ես հազարամյակներ անցած նյութի, քո տատերի ու պապերի պատմության  հետ:

Հ.Գ. Քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող թանգարանի նախկին տարածքում այժմ հագուստի և խաղալիքների խանութներ են:

Տաթև Խաչատրյան

ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետ, 4-րդ կուրս

Մեկնաբանություններ (1)

Laura
shaaat laver nerkayacvac tangarany

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter