
Լեւոն Հովհաննիսյան. «Կավի հետ աշխատելիս դու էլ մի պահ արարիչ ես դառնում»
«Ինձնից այդպես էլ դիվանագետ չստացվեց»,-ծիծաղելով ասում է 34-ամյա Լեւոն Հովհաննիսյանը՝ ձեռքի մեջ պտտեցնելով կավի փոքր գունդը, որ քիչ հետո չարխի կախարդական շրջապտույտում նոր ձեւ ու բովանդակություն էր ստանալու: «Բայց սա էլ իր տեսակով կարելի է դիվանագիտություն համարել՝ ավանդույթների, մշակույթի»,-նկատում եմ ես՝ զգուշորեն տեղավորվելով պատին ամրացված թարեքների տակ դրված թախտին: Լեւոնը գլխով է անում, որպես համաձայնության նշան ու միացնում բրուտանիվը՝ մեղմ գվվոցով լցնելով արհեստանոցը: Սկսվում է կախարդանքը՝ ձեռքի ու կավի սերտ միահյուսումից, վեր ու վար շարժումներից: Կավի ձեւավորվող ու փոփոխվող տեսքից փորձում ենք հասկանալ, թե ինչ առարկայի է ծնունդ տալու բրուտի երեւակայությունը:
Մեր աչքի առաջ, 10-15 րոպեի ընթացքում ծնվում է հերթական կավե սափորը: Լեւոնը մետաղալարով անջատում է այն՝ դնելով չորանալու, հետո ձեռքերը սրբելով տեղավորվում է սեղանի մոտ: «Մտքիս ծայրով անգամ չէր անցնի, թե բրուտագործությամբ պիտի զբաղվեմ: Ես իմ հասակակիցների մեջ ամենաուշ կողմնորոշվողներից եմ եղել մասնագիտության ընտրության հարցում,-ասում է Լեւոնը,-դպրոցից հետո գործերս մանկավարժականի կերպարվեստի բաժինն էի տվել, բայց կտրվեցի: Գնացել եմ բանակ, եկել եմ ու ընդունվել Երեւանի Հայբուսակի միջազգային հարաբերությունների ֆակուլտետը: Սկզբից սիրում էի, հետո հիասթափվեցի ընտրածս մասնագիտությունից: Տարբեր բաներով կզբաղվեի, ընդհանրապես պատկերացում չունեի, թե ապագաս ինչ պետք է լինի: Լրիվ ուրիշ բան կմտածեի, լրիվ ուրիշ բան դուրս եկավ»:
2006թ-ին ընկերը հայտնում է, որ Գյումրիում Իտալիայի հյուպատոս Անտոնիո Մոնտալտոյի աջակցությամբ գործող կերամիկայի արհեստանոցում բանվորի կարիք կա, սակայն պահանջ է դրված, որ թեկնածուն ունենա նկարելու կարողություն: Լեւոնին սկզբում տարօրինակ է թվում այդ պահանջը, մանավանդ որ աշխատանքը բնավ էլ ստեղծագործական պրոցես չէր ընթադրում՝ ընդամենը կավ պիտի շաղախեր:
«Դե ես նկարչական դպրոց չէի գնացել, բայց նկարում էի: Մի երկու գործ ունեի, հետս տարա, նայեցին, ասին լավ՝ ընդունված ես: Ընկերս արհեստանոցում պիտի քանդակագործ աշխատեր, ես՝ բանվոր»,-հիշում է զրուցակիցս: Չորս ամիս աշխատել է՝ կավից ծնվող իրերի ողջ գործընթացին կողքից հետեւելով: Պատմում է, որ այդ ժամանակ՝ նկատելով իր հետաքրքվածությունը, արհեստանոցի ղեկավարն առաջարկել է որեւէ բան պատրաստել:
«Փորձեցի՝ չստացվավ, ըսեցին ավելի է լավ է դու քո գործով զբաղվես,-Լեւոնը ծիծաղում է,-դե ես օրավարձով աշխատող էի, իմ ֆունկցիաներն ունեի՝ կավը մաղել, ջրով թրջել, ձեռքով շաղվել, պատրաստել բուն աշխատանքի համար: Ինձի չէին սորվցնե, որովհետեւ ես աշակերտ չէի՝ բանվոր էի: Ինչ էլ, որ էդ 4 ամիսների ընթացքում սովորել եմ՝ նայելով է եղել»:
2006թ-ի դեկտեմբերին առաջարկ է ստանում գեղանկարչ Վազգեն Գեւորգյանից աշխատել իր նորաբաց արվեստանոցում եւ պատրաստել կավե իրեր: Համագործակցությունը տեւում է մոտ 4 տարի: Մեկնարկը տրվում է ծաղկամաններից, հետո անցում են կատարում պահանջարկ վայելող կավե ամանեղենին: Աշխատանքային գործունեության սկիզբը հիշելիս Լեւոնը չի կարողանում ժպիտը զսպել:
«Մի հատ չարխ ուներ Վազգենը՝ նկարիչ Պողոսյան Սամվելն էր տվել, վրեն կալոսի բանդաժ էր, լվացքի մեքենայի մոտոր՝ մի խայտառակ բան, բայց կաշխատեր,-պատմում է Լեւոնը ծիծաղելով,-ես դրա վրա սկսեցի պարապել, անընդհատ աշխատելով հմտացա: Բացի դրանից շատ էի ուսումնասիրում կավի տեսակները, փորձարկումներ անում: Ես հմի կավին օր ձեռք կուդամ, կզգամ լավն է, վատն է, վրան գործ կեղնի թե չէ, օդ կա մեջը թե չէ՝ ինչխոր մարմնիդ մասն էղնի, ինչխոր ես իմ ձեռքը բռնեմ»:
Երկու տարի ՌԴ-ում ապրելուց հետո Լեւոնը 2014թ-ին վերադառնում է Գյումրի ու հստակ որոշում սեփական արհեստանոցը բացել: Նպատակին ծառայում է տան չօգտագործվող սենյակներից մեկը: Արհեստանոցում առկա գործիքների մեծ մասն իր ձեռքով է պատրաստել՝ ընդհուպ թրծման վառարանները:
«Ես ինքս իմ աշխատելու տեխնոլոգիան եմ ստեղծել, որը բավական հեշտացրել է իմ գործն ու դա բազմաթիվ փորձերի արդյունքում է ծնվել: Կերամիկա բառը լատիներենից թարգմանած կնշանակե՝ կավ, մյուս թարգմանությունը՝ բրուտագործական արվեստ: Ինքը բարդ ճյուղ է, ինքը գիտություն է, իր մասին 7000 հատ գիրք կա գրված ու դեռ գրվում է, որովհետեւ ամեն մասնագետ իր նորմածությունը կբերե էս ոլորտ: Եթե ամեն վարպետ իր պրակտիկան գրի առնի, հետո տպագրե, հաստատ իր պրակտիկայով ստացածը տարբերվելու է մեկ ուրիշ մասնագետի օգտագործած տեխնոլոգիայից: Թվում է, որ ես էլ անում եմ նույնը ինչ մյուսները, բայց վստահեցնում եմ, որ մեկ է՝ տարբեր է»,-պնդում է զրուցակիցս:
Կավե ամանեղեն նախատեսված հիմնականում խաշի, չանախի պատրաստամն համար, բաժակներ, կուժ-կուլա, փոքր թոնիր խորոված պատրաստելու համար եւ շատ քիչ դեկորատիվ առարկաներ՝ ահա այն իրերի ոչ լիարժեք ցանկը, որ պատրաստում է Լեւոնը:
Երազում է Գյումրիում արմատավորել բրուտագործությունն, ավելի մեծ արհեստանոց ունենալ, աշակերտներ՝ իր գործը շարունակողներ պատրաստել: Մտածում է կավաթերապիայի դասերի մասին: Ասում է՝ մարդկանց մեծ մասը գիտեն, որ կավը լավ բան է, քանի որ բնական նյութ է, սակայն մեծ մասը տեղյակ չեն բուժիչ հատկությունների մասին: Կավով աշխատանքը մարդուն ինչ որ բան ստեղծելու զգացողություն է պարգեւում, ինչ որ բան փոխելու, վերակառուցելու: «Չմոռանանք, որ Աստված մարդուն կավից է ստեղծել,-ասում է Լեւոնը,-կավի հետ աշխատելիս դու էլ մի պահ արարիչ ես դառնում՝ քո իսկ մտածածին կենդանություն տվող»:
Լուսանկարները եւ տեսանյութը՝ Հակոբ Պողոսյանի
Մեկնաբանել