HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ամալյա Մարգարյան

Բացվել է «Ռեստարտ» գիտակրթական հիմնադրամը

Եթե մենք ուզում ենք ստեղծել ժողովրդավարական պետություն, ապա կրթությունը պետք է լինի գլխավոր նախապայմաններից մեկը»,- «Ռեստարտ» գիտակրթական հիմնադրամի բացմանն ասաց հիմնադրամի անդամ Դավիթ Պետրոսյանը։

Այսօր տեղի ունեցավ «Ռեստարտ» հիմնադրամի բացումը, որի նպատակն է աջակցել ուսանողներին, հատկապես նրանց, ովքեր չեն կարողանում վճարել ուսման վճարը։ Հիմնադրամը ստեղծել են «Ռեստարտ» նախաձեռնության անդամ-ուսանողները։

Դավիթ Պետրոսյանը կարեւորեց կրթության դերը պետության կայացման գործում՝ շեշտելով, որ ոլորտում պետք է ներդնումներ անել. «Ես եւ ընկերներս մեր համալսարանական տարիներին բախվել եւ տեսել ենք, թե ինչպես ֆինանսական պատճառով շատ ուսանողներ չեն կարողանում ընդունվել համալսարան։ Նորություն չէ, որ համալսարանական շատ ֆակուլտետների վարձավճարներ, որտեղ նույնիսկ անվճար տեղեր չկան, շատ ուսանողների ընտանիքների համար ուղղակի մատչելի չեն, համալսարանում սովորելու ընթացքում չկա զեղչային ճկուն համակարգ, որը կարող է ուսանողին մոտիվացնել։ Ձեւավորվում է մի իրավիճակ, որ ուսանողը չի կարողանում սովորել»,- նշեց Դավիթ Պետրոսյանը։

Ըստ նրա՝ սա պատճառ է դառնում, որ շատ ուսանողներ աշխատում են կրթության հաշվին։ Ներկայացրեց, որ հիմնադրամի նպատակն է կայուն եւ երկարաժամկետ ծրագիր ունենալը։

Գիտակրթական- բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Միքայել Հովհաննիսյանը նշեց, որ ԵՊՀ-ում դասավանդելիս ականատես է եղել, թե ինչպես վարձը չվճարելու պատճառով ուսանողին արգելել են քննության ներկայանալ կամ ինչպես է աշխատանքի պատճառով ուսանողը դասի ժամանակ քնել։ «Հիմնադրամը հնարավորություն կտա, որպեսզի ուսանողները կարողանան որակյալ կրթություն ստանալ, որպեսզի սովորելու համար անհրաժեշտ պայմաններ ստեղծվեն։ Շատ կարեւոր է, որ այն ուսանողների կողմից է ստեղծվել»,- նշեց նա։

Հիմնադրամին կարող են դիմել նոր բուհ ընդունված ուսանողները, բակալավրում, մագիստրատուրայում, ասպիրանտուրայում սովորող ուսանողները։

Հիմնադրամն աշխատելու է երեք ուղղություններով՝ կրթաթոշակ, դրամաշնորհ, ուսման վարձի փոխհատուցում, որոնք կտրամադրեն բալային համակարգով՝ հաշվի առնելով կրթական-գիտական չափանիշը, որի մեջ ներառվում է մոգը, գիտական հոդվածների առկայությունը, գիտաժողովների մասնակցություն, եւ երկրորդ չափանիշը՝ կամավորական աշխատանքը, բալային համակարգի առավելագույն միավորը 100-ն է, նվազագույն շեմը՝ 65-ը։ Հոգաբարձուների խորհուրդը կվորոշի, թե ով է ստանալու դրամաշնորհը։

Կրթության, գիտության, մշակույթի, սպորտի փոխնախարար Արեւիկ Անափիոսյանը հիշեցրեց, որ «Ռեստարտի» հիմնադրման համար հիմք է հանդիսացել «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնությունը, որից սկսվել է «Տարկետում լինելու է» ակցիան։ «Նախաձեռնությունը քնից կարողացավ արթնացնել ուսանողներին։ Իսկ «Ռեստարտն» իր գաղափարախոսությամբ եկավ ասելու, որ ժողովուրդ մենք բուհում ենք սովորում եւ մենք բուհից պահանջելու իրավունք ունենք», - հավելեց Անափիոսյանը։

Հիմնադրամին ցանկացած անձ կարող է գումար փոխանցել, իսկ սեպտեմբերից կկարողանան տրամադրել կրթավճարները։

Լուսանկարները՝ «Ռեստարտ» հիմնադրամի ֆեյսբուքյան էջից

Մեկնաբանություններ (4)

Արմինե
Բարև ձեզ կներեք որ անհանգստացրի ձեզ ես 18 տ եմ ապրում եմ մայրիկիս և տատիկիս հետ Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում, վարձով ենք ապրում, որևէ եկամուտ չունենք սոցիալապես անապահով ենք տատիկս անգամ վարձի պատճառով չի կարողանում սնունդ կամ դեղորայք գնել , տան վարձը 50000 է իսկ տատիկիս թոշակը հենց 54000 և մենք գոյատևում ենք 4000 դրամով ու մայրիկս 18000 նպաստով ։ Ես սովորում եմ Երևանի Գլաձոր համալսարանի իրավաբանական ֆակուլտետը վարձս չեմ կարողանում տալ ու դրա պատճառով կանգնած եմ դուրս մնալու շեմին անգամ այն որ հիմա քննական շրջանն է սկսվում եթե կարող եք ինձ օգնել շատ շնորհակալ կլինեմ ։ Ինձ վարձս վճարելու վերջնաժամկետ տվել են մինչև դեկտեմբերի 6-ը ։ Շատ եմ խնդրում օգնեք ինձ եթե անհրաժեշտ է ես կարող եմ ձեզ տրամադրել նաև համալսարանի հաշվեհամարը ։ Մենակ թե օգնեք ինձ գոնե գումարի որոշ մասով։ Նախապես շատ շնորհակալություն։
Միլենա
Ես Միլենան եմ:Սովորում եմ Սլավոնական Համալսարանի 1-ին կուրսում(Լրագրություն ):Այս իրավիճակից ելբելով չեմ կարողանում վճարել 2-րդ կիսամյակի ուս.վարձն:Խնդրում եմ օգնեք այս հարցի լուծման համար:Հուսամ ինձ չեք մերժի:
Սյուզաննա
Բարև Ձեզ, ես ԵՊՀ-ի ավարտական կուրսի ուսանողուհի եմ,եղբայրս նույնպես ավարտական կուրսի ուսանող է ,բայց ՀՊՄՀ-ի։ Մեր ուսումնառության մոգերը 80-ից բարձր են իսկ 90-ից ցածր այդ իսկ պատճառով չօգտվեցինք կառավարության կողմից տրվող աջակցությունից։ Ծնողներս այս պահին չեն աշխատում ոչ միայն ներկա կորոնավիրուսային իրավիճակի պատճառով այլ քանի որ աշխատանքի վայրը քաղաքումն էր, իսկ մենք ապրում ենք Նոր Խարբերդում։ ՈՒստի խնդրում եմ ձեզ եթե հնարավոր է աջակցեք մեզ քանի որ դիպլոմային աշխատանքների պաշտպանությունը մայիսի 26-ին է, եթե մինչ այդ վարձերը չմուծենք չենք կարող մասնակցել։ Նախապես շնորհակալություն;
Վարդուհի Գույումջյան
Ես Վարդուհի Գույումջյանս, բնակվում եմ Գյումրիում , 207/232ա տնակում երկու երեխաներիս հետ միասին: Աղջիկս Եվրոպական համալսարանի Միջազգային հարաբերություններ բաժնի՝ վճարովի համակարգի , երկրորդ կուրսի գերազանց սովորող ուսանողուհի է , տարեկան վարձը 300.000(երեք հարյուր հազար) դրամ է, իսկ տղաս Եվրոպական քոլեջի երկրորդ կուրսի ուսանող է , առաջին կուրսում սովորել է անվճար համակարգում, իսկ այս տարի դարձել է վճարովի վարձը 120.000(հարյուր քսան հազար) դրամ է : Ես աշխատում եմ Գյումրու աթլետիկայի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցում որպես բուժքույր եվ ստանում եմ 60000 (վաթսուն հազար) դրամ աշխատավարձ: Խնդրում եմ Ձեզ օգնել հնարավորինս կիսով չափ երկրորդ կիսամյակի վարձավճարները վճարելու հարցում: ԿԱՆԽԱՎ ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter