HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Մարիխուանա օգտագործելու մասին հոդվածի համար դատարանը Բորիս Մուրազիին պարտավորեցրել է Տիգրան Ավինյանին վճարել 1 մլն դրամ

Արարատի և Վայոց ձորի մարզի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Գևորգ Բալյանի, հուլիսի 3-ին  մասնակի բավարարել է փոխվարչապետ Տիգրան Ավինյանի հայցն ընդդեմ Politic.am կայքի խմբագիր, եզդիների «Սինջար» ազգային միավորում հասարակական կազմակերպության նախագահ Բորիս Մուրազի Թամոյանի:

«Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգում առկա տեղեկատվության համաձայն` դատարանը Բորիս Թամոյանին պարտավորեցրել է վճռի օրինական ուժի մեջ մտնելուց հետո մեկշաբաթյա ժամկետում հրապարակայնորեն հերքել 2018թ. հոկտեմբերի 26-ին Politik.am կայքում «Փոխվարչապետ Ավինյանը մարիխուանա է օգտագործում կառավարությունում» վերտառությամբ և 2018թ. հոկտեմբերի 27-ին հրապարակված «Ավինյանը վախենում է. մարիխուանան փորձանք է բերել նրա գլխին» վերտառությամբ հոդվածներում քննարկված արատավորող փաստական տվյալների առկայությունը` տեղադրելով այդ նյութը նաև Politic.am-ում՝ «Հերքում» խորագրի ներքո այնպես, որ հերքման տեղակայման, ձևավորման, տառատեuակի չափը ու տեuակը չզիջի նշված հոդվածում հրապարակված տեղեկատվությանը:

Թեև Տիգրան Ավինյանը Մուրազիի դեմ ներկայացված հայցով պահանջել էր 2 մլն դրամ՝ որպես պատվին, արժանապատվությանը պատճառված վնասի հատուցում՝ դատարանը Մուրազիին պարտավորեցրել է փոխվարչապետին վճարել 1 մլն դրամ, բացի այդ, ըստ դատարանի վճռի, Բորիս Մուրազիից հօգուտ Տիգրան Ավինյանի, պետք է բռնագանձվի նաև 24 հազար դրամ՝ որպես վճարված պետական տուրքի գումար:

Պատասխանող Բորիս Մուրազին փոխվարչապետ Ավինյանի վերաբերյալ տվյալներ հրապարակելն, ի թիվս այլնի, հիմնավորել է հանգամանքով, որ առկա է հանրային գերակա շահ, դատարանը, սակայն, այս փաստարկը հիմնազուրկ է համարել:

Նշենք, որ փաստացի տվյալները հրապարակային ներկայացնելը չի կարող համարվել զրպարտություն, եթե առկա է գերակա հանրային շահ, անձն ապացուցում է, որ ողջամտության սահմաններում ձեռնարկել է միջոցներ` պարզելու դրանց ճշմարտությունը և հիմնավորվածությունը, հավասարակշռված և բարեխղճորեն է ներկայացրել այդ տվյալները, ըստ որում անհրաժեշտ է վերը նշված վավերապայմանների միաժամանակյա առկայություն:

«Սույն դեպքում ակնհայտորեն բացակայում են «անձն ապացուցում է, որ ողջամտության սահմաններում ձեռնարկել են միջոցներ` պարզելու դրանց ճշմարտությունը և հիմնավորվածությունը» և «հավասարակշռված և բարեխղճորեն է ներկայացրել այդ տվյալները» վավերապայմանները, հետևաբար պատասխանողի վկայակոչած «Գերակա հանրային շահ» պատճառաբանությունը հիմնազուրկ է»,- ասված է դատական ակտում:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 26-ին Politic.am կայքն անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի՝ Սյունիքի Կապան քաղաքում հանրահավաքի ժամանակ արած հայտարարությանն այն մասին, որ Սյունիքի մարզպետ է նշանակել Հունան Պողոսյանին, որպեսզի մարզով անցնող նարկոտրաֆիկի ողնաշարը կոտրի։ Հոդվածի հեղինակը գրել է, որ եթե Փաշինյանը ցանկանար նարկոտրաֆիկի ողնաշարը կոտրել, ապա պետք է սկսեր իր կառավարության անդամներից ու, հղում կատարելով կառավարության աղբյուրին՝ նշել, որ շաբաթներ առաջ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն իր մի քանի ընկերների հետ աշխատանքային ժամին, կառավարությունում մարիխուանա է օգտագործել։

Մեկ օր անց՝ հոկտեմբերի 27-ին, Politic.am-ում երկրորդ հոդվածն է հրապարակվել, որում հոդվածագիրը եզրակացնում է, որ իրենց դեմ դատական հայց է ներկայացվում, քանի որ  կայքի հրապարակած տեղեկությունը ճիշտ է, իսկ եթե գործը մտնի դատարան, ապա անհնար կլինի հերքել փաստը:

Նշենք, որ ընդդեմ Բորիս Թամոյանի դատարանի վճիռն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից մեկ ամիս հետո, դրա դեմ վերաքննիչ բողոք կարող է բերվել այն հրապարակվելու օրվանից մեկամսյա ժամկետում: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter