
Վրացի հաղորդավարը դիմեց Պուտինին․ Վրաստանում կրքերը նորից թեժացան
Երեկ երեկոյան «Ռուսթավի 2» հեռուստաընկերության հայտնի հաղորդավար Գեորգի Գաբունիան սկսել է իր հաղորդումը՝ ուղիղ եթերով դիմելով Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին։ Մեկ րոպե տևող դիմումի մեջ հաղորդավարը հայտնում է Պուտինի հանդեպ իր ունեցած հակակրանքը, հայհոյում է նրան՝ հնչեցնելով տարբեր վիրավորանքներ։
18+
Եթերից հետո «Ռուսթավի 2» հեռուստաալիքը հեռացրել է տեսանյութը իր «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի էջից։
Ալիքի գլխավոր տնօրեն Նիկա Գվարամիան հայտարարություն է տարածել․ «Հեռուստատեսությունը կտրականապես չի կիսում ոչ միայն Գաբունիայի կարծիքը, այլեւ նրա արտահայտման ձեւը: Կարծում եմ, որ դա չի համապատասխանում թե՛ խմբագրական քաղաքականությանը, թե՛ հեռուստաընկերության բարձր չափանիշներին՝ սա Վրաստանի համար առաջին ալիքն է ... Համապատասխանաբար, մենք կքննարկենք այդ հարցը եւ անպայման որոշում կկայացնենք հեղինակի վերաբերյալ»։
Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն Թվիթերի իր էջում դատապարտել է հաղորդավարի արարքը՝ որակելով այն որպես «զզվելի սադրանք և մեր երկիրը ապակայունացնելու փորձ»։
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին նույնպես հայտարարություն է տարածել․ «Դատապարտում ենք հեռուստաընկերություններից մեկի հաղորդավարի՝ հարևան երկրի ղեկավարի հանդեպ հնչեցրած սադրիչ և վիրավորական հայտարարությունները»։
Նույն օրը գիշերը «Ռուսթավի 2» ալիքի շենքի մոտ սկսվեց ինքնաբուխ ցույց։ Հավաքվածները դատապարտեցին հաղորդավարին և պահանջեցին, որ նա ներողություն խնդրի Պուտինից։
Հեռուստաընկերության գլխավոր տնօրեն Նիկա Գվարամիան, ի պատասխան ցույցերի հայտարարեց, որ ալիքը դադարեցնում է ուղիղ եթերը, նշելով, որ ցույցերի ընթացքում ալիքի լրագրողների հանդեպ բռնության կոչեր էին հնչում։
Վրաստանի ԱԳՆ-ն նույնպես հանդես է եկել հայտարարությամբ․ ««Ռուսթավի 2» հայտարարությունները սադրանք են, որոնք ուղղված են ռուս-վրացական առանց այն էլ բարդ հարաբերությունների վատթարացմանը»։ ԱԳՆ-ն նաև կոչ է արել խոսքի ազատությամբ զբաղվող միջազգային կազմակերպություններին համապատասխան գնահատական տալ հաղորդավարի գործողություններին և միջազգային լրագրության նորմերի և ստանդարտների կոպիտ խախտմանը։
Ուկրաինական «Ստրանա» օնլայն թերթը հայտնում է, որ ըստ իր ունեցած տեղեկությունների, հուլիսի 10-ին Ուկրաինայի նախկին նախագահ Պյոտր Պորոշենկոյին պատկանող «Պրյամոյ» հեռուստաալիքի լրագրողները անցկացնելու են ֆլեշմոբ ի աջակցություն Գիորգի Գաբունիային։ Ֆլեշմոբից մանրամասներ դեռ հայտնի չեն։
«Ռուսթավի 2»-ը Վրաստանի ամենամեծ մասնավոր հեռուստաընկերությունն է։ Այն 2003 թվականին տեղի ունեցած Վարդերի հեղափոխության հիմնական մեդիա հարթակն էր։ Չնայած այն հանգամանքին, որ Սաակաշվիլին հեռուստաընկերության բաժնետերերից չէ, շատերը նշում են, որ նա շարունակում է ազդեցություն ունենալ հեռուստաընկերության քաղաքականության վրա։ «Ռուսթավի 2»-ը նաև կապում են «Միացյալ ազգային շարժում» ընդդիմադիր կուսակցության հետ։
Ռուսաստանի ԱԳՆ-ն այսօր հայտարարություն է տարածել․ «Սա համարում ենք վրացական արմատական ուժերի ևս մեկ սադրանք, ուղղված ռուս-վրացական հարաբերությունների խզմանը։ Ներկայիս խայտառակ միջադեպը վառ օրինակ է այն բանի, թե ինչի է բերում սանձազերծ ռուսաֆոբիան»։
Հիշեցնենք, որ այսօրվանից ուժի մեջ է մտնում Պուտինի հրամանագիրը և դադարում են Վրաստանի և Ռուսաստանի միջև բոլոր ավիափոխադրումները Վրաստանում վերջերս տեղի ունեցած դեպքերից հետո։
Մեկնաբանել