
Ֆրանսիայի Հանրապետական գվարդիայի լարային քառյակը ելույթ կունենա Արամ Խաչատրյան համերգասրահում
Ֆրանսիայի ազգային տոնի կապակցությամբ, 2019թ. հուլիսի 13-ին ժամը 19:00-ին Երևանի Արամ Խաչատրյան համերգասրահում հանդես կգա Հանրապետական գվարդիայի լարային քառյակը, որը նվագակցելու է Ֆրանսիական բանակի երգչախմբի մենակատար Ժերեմի Դելվերին:
Հայ հանդիսատեսը Ժերեմի Դելվերին ճանաչում է որպես Շառլ Ազնավուրի «Ազգային հարգանքի տուրքի» արարողության ժամանակ հնչած «Հայկական վալսը» ստեղծագործության մենակատար:
Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության տեղեկացմամբ` համերգի առաջին մասը կառուցված է դասական ծրագրի շուրջ և հակիրճ ներկայացնում է այնպիսի մեծ կոմպոզիտորների, ինչպիսիք են Բախը, Հենդելը, Մոցարտը և Մենդելսոնը, ինչպես նաևֆրանսիացի հանճար Մորիս Ռավելը:
Երկրորդ մասը Շառլ Ազնավուրի կյանքը ներկայացնող երաժշտական ճամփորդություն է: Երեկոյի ընթացքում կկատարվեն նրա ամենահայտնիներից La Bohème և Emmenez-moi երգերը, կհնչեն նաև Մեծն Շառլի կյանքի հետ առնչություն ունեցող ուրիշ երգեր: L’hymne à l’amour և Les moulins de mon cœur երգերի միջոցով անդրադարձ կարվի Էդիտ Պիաֆի և Միշել Լըգրանի հետ նրաբարեկամությանը: Էկլեկտիկ համերգ՝ դասական և ժամանակակից ժանրերում և հարգանքի տուրք մեծն ֆրանսահային՝ Շառլ Ազնավուրին:
1848 թվականին ստեղծված Հանրապետական գվարդիայի նվագախմբի կազմում ընդգրկված է 120 արհեստավարժ երաժիշտ: Ֆրանսիայում մեծ ճանաչում ունենալուց բացի, նվագախումբը մեծհաջողություններ է արձանագրել նաև միջազգային ասպարեզում, մասնավորապես Միացյալ Նահանգներում, Չինաստանում, Ճապոնիայում, Սինգապուրում և այսօր՝ նաև Հայաստանում, որ առաջինանգամ այցելեց Ֆրանսիայի դեսպանության հրավերով: Նվագախումբը կարող է հանդես գալ տարբեր ձևաչափերով՝ փողային նվագախումբ, սիմֆոնիկ նվագախումբ, լարային նվագախումբ:
Համերգի մուտքն ազատ է:
Մեկնաբանել