HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տիրայր Մուրադյան

Նախկին զինծառայողը հացադուլ է անում Կառավարության շենքի դիմաց. ՊՆ-ն խախտել է զինծառայողի իրավունքները

Նախկին զինվորական Ցոլակ Խաչատրյանը վերջին մեկ ամսում երկրորդ անգամ է հացադուլ անում Կառավարության շենքի դիմաց: Զինվորական ծառայությունից 2014 թ.-ին ազատված մայորը պահանջում է, որ Պաշտպանության նախարարությունն իրեն վճարի շաբաթ օրերին կատարած աշխատանքի համար, ինչպես նաև չօգտագործած արձակուրդի համար չվճարված գումարները տրամադրի:

Ցոլակ Խաչատրյանը չօգտագործած արձակուրդի համար չստացած գումարը ստանալու համար դիմել էր դատարան, հաղթել առաջին ատյանում (հայցը բավարարվել էր մասնակի), սակայն ՊՆ-ն բողոքարկել էր դատական ակտը: Այժմ արձակուրդի վճարի համար առաջին ատյանի վճռի դեմ ՊՆ-ի բողոքը քննվում է Վարչական վերաքննիչ դատարանում:

Բացի այդ, Մարդու իրավունքների պաշտպանի (ՄԻՊ) գրասենյակը Ցոլակ Խաչատրյանի դիմումի հիման վրա սկսած վարույթի արդյունքում 2019 թ.-ի մարտ ամսին որոշել է, որ խախտվել է նախկին զինծառայողի իրավունքները՝ ի թիվս այլնի նաև շաբաթ օրերին աշխատելու և վարձատրություն չստանալու մասով: ՄԻՊ-ի որոշումն ուղարկվել է և՛ ՊՆ-ին, և՛ Ցոլակ Խաչատրյանին, սակայն մինչ օրս Խաչատրյանի խախտված իրավունքները չեն վերականգնվել:

Ցոլակ Խաչատրյանը 2019 թ.-ի հունիսի 17-ին հացադուլ էր հայտարարել Կառավարության շենքի մոտ: Նախկին զինծառայողի խնդրին ծանոթացել է վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանը: Վերջինս Խաչատրյանին տեղեկացրել է, որ դիմել են ՊՆ-ին, և առաջարկել է դուրս գալ հացադուլից, քանի որ որոշակի ժամանակից հետո խնդիրը կկարգավորվի:

Մինչ հուլիսի 4-ը Ցոլակ խաչատրյանը, որևէ պատասխան չստանալով ո՛չ ՊՆ-ից և ո՛չ էլ Կառավարությունից, որոշել է այսօրվանից անժամկետ հացադուլ հայտարարել: Խաչատրյանը «Հետք»-ի հետ զրույցում ասաց, որ մինչ հուլիսի 4-ը ինքը հեռախոսազրույց է ունեցել Կառավարության՝ իր խնդրով վերահսկողություն իրականացնող աշխատակցի հետ և տեղեկացել, որ վարչապետի հանձնարարական կա, սակայն դա էլ չի օգնել:

«Ես իրեն հավատալով (Նաիրի Սարգսյանին. հեղ.) դուրս եմ գալիս հացադուլից: Հունիսի 20-ին տեղեկանում եմ խնդիրը վերահսկող Գրետա Մակարյանից, որ վարչապետը խիստ հանձնարարական է իջեցրել և 10-օրյա ժամկետ է սահմանվել, որը լրացել էր այս ամսվա 4-ին»,- պատմեց Ցոլակ խաչատրյանը՝ արձանագրելով, որ վարչապետի հանձնարարականը ՊՆ-ն չի կատարում:

Նախկին զինծառայողը տեղեկացրեց, որ ինքը առողջական խնդիրներ ունի, իսկ այսօր գրավոր դիմել է վարչապետին և նշել, որ իր առողջական վիճակի հնարավոր վատթարացման պատասխանատվությունը կրելու են պաշտպանության նախարարը և վարչապետը:

Խնդրի վերաբերյալ հունիսի 8-ին գրավոր հարցում էինք կատարել ՊՆ: Նախարարության լրատվական վարչությունն ինչպես նախկինում, այնպես էլ այս անգամ հարցումը ստանալուց օրեր անց տեղեկացրել են, որ լրացուցիչ ժամանակի անհրաժեշտություն կա:

 

Լուսանկարում՝ Ցոլակ Խաչատրյանը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter