
ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչը հանդիպել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահին
Հուլիսի 8-ին Միավորված ազգերի կազմակերպության Ժնևյան գրասենյակում ՀՀ մշտական ներկայացուցիչ Անդրանիկ Հովհաննիսյանը հանդիպում է ունեցել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) նախագահ Պետեր Մաուրերին (Peter Maurer)։
ԱԳՆ տեղեկացմամբ, զրուցակիցներն անդրադարձել են վերջերս Ժնևում Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի և ԿԽՄԿ նախագահ Պետեր Մաուրերի միջև կայացած հանդիպմանը, քննարկեցին դրա ընթացքում արծարծված հարցերի իրագործման ընթացքը։
Դեսպան Հովհաննիսյանը բարձր է գնահատել ԿԽՄԿ մարդասիրական առաքելությունը ինչպես Հայաստանում, այնպես էլ Արցախում` շեշտելով կազմակերպության կողմից Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի շրջանակներում իրականացվող գործունեության կարևորությունը։
Անդրանիկ Հովհաննիսյանն ու Պետեր Մաուրերը մտքեր են փոխանակել Հայաստանի և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի փոխգործակցության օրակարգային հարցերի շուրջ։ Զրուցակիցները կարևորեցին Հայաստանի տարբեր գերատեսչությունների հետ ԿՄԽԿ ոլորտային համագործակցությունը, այդ թվում՝ միջազգային հումանիտար իրավունքի վերաբերյալ իրազեկվածության բարձրացման գործում։
Դեսպան Հովհաննիսյանն ընդգծել է ԼՂ համակարտության գոտում բնակվող մարդկանց անօտարելի իրավունքների ապահովման կարևորությունը, նրանց հումանիտար իրավունքի անշեղ իրագործումը։ Հայաստանի մշտական ներկայացուցիչն առանձնահատուկ շեշտել է խաղաղությանը նպաստող միջավայրի ձևավորման անհրաժեշտությունը խաղաղ գործընթացի առաջմղման գործում։
Մեկնաբանել