HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բարձրագույն դատական խորհուրդն ընդունել է ԵԽ, ԵՄ փորձագետների պատվիրակությանը

Այսօր՝ հուլիսի 9-ին, Բարձրագույն դատական խորհուրդը, նախագահի պաշտոնակատար Սերգեյ Չիչոյանի գլխավորությամբ, հյուրընկալեց դատաիրավական բարեփոխումների ԵԽ, ԵՄ փորձագետների պատվիրակությանը: Տեղեկացնում են Բարձրագույն դատական խորհրդի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայությունից։

Ողջունելով հյուրերին՝ Սերգեյ Չիչոյանը Խորհրդի և դատական իշխանության անունից շնորհակալություն հայտնեց Հայաստանում դատաիրավական բարեփոխումների իրականացման գործում Եվրոպայի խորհրդի և Եվրոպական միության ունեցած կարևոր առաքելության համար:

 Իր խոսքում նա նկատեց, որ Խորհուրդը, ստանձնելով իր պարտականությունների իրականացումը, կարճ ժամանակաշրջանում սերտորեն համագործակցել է կառավարության հետ, մասնավորապես՝ Արդարադատության նախարարության հետ դատաիրավական բարեփոխումների ռազմավարության 2018-2023 թթ. ծրագրի մշակման ուղղությամբ: Ամբողջացվել են արդարադատության արդյունավետության համալիր բարձրացման գերակա ուղղությունները, մշակվել դրանց լուծման հնարավոր ռազամավարական գործիքակազմերը, որոնք ամփոփված են Խորհրդի «Տարեկան հաղորդման» մեջ:

Ներկայացվեցին դատական համակարգում առկա այն գերակա խնդիրները, որոնք հրատապ լուծման կարիք ունեն: Դրանք վերաբերում են էլ-արդարադատության և մշտադիտարկման համակարգի ներդրմամբ դատարանների անհարկի գերծանրաբեռնվածության թեթևացմանը, դատարանների նյութատեխնիկական և շենքային պայմանների բարելավմանը, արդարադատության ծախսատարության կրճատմանը, դատական իշխանության նկատմամբ հանրային վստահության վերականգնմանն ու բարձրացմանը, որն ուղղակի ցուցիչն է մեկ այլ առանցքային խնդրի, որ այսօր դատավորի մասնագիտությունը չի գրավում երիտասարդ կադրերին, և կա դատավորների թափուր տեղերը որակյալ կադրերով համալրելու անհրաժեշտություն:

Առանցքային խնդիրների շուրջ տեղի ունեցավ կառուցողական քննարկում: Խորհրդի անդամներն իրենց հերթին անդրադարձան լուծում պահանջող նաև այլ առաջնահերթությունների, մասնավորապես՝ դատակենտրոնի ձևավորմանը, ուշացած արդարադատությանը, որն իր հերթին օբյեկտիվ հիմքեր ունի: Արձանագրվեց, որ դատավորների ներկա աշխատակազմով, տեխնիկական և օրենսդրական հնարավորությունների շրջանակում այսօր հնարավոր չէ իրականացնել այնպիսի արդարադատություն, որը կգոհացնի հանրությանը: 

Կարևորվեց ոչ միայն վերադաս ատյանների առավել արդյունավետ գործելու անհրաժեշտությունը, այլև այնպիսի օրենսդրական կարգավորումների մշակումը, ինչը Բարձրագույն դատական խորհրդին ևս հնարավորություն կտա առանձին դեպքերում հարուցելու դատավորների նկատմամբ կարգապահական վարույթներ: 

Շեշտվեց, որ դատական համակարգում որոշ հրատապ լուծում պահանջող խնդիրների համար համապատասխան ներդրումներ են անհրաժեշտ: 

Հանդիպմանն անդարադարձ եղավ նաև վեթինգի գործընթացին առնչվող որոշակի հարցերի:  

ԵԽ և ԵՄ փորձագիտական խմբի անդամներն իրենց հերթին շնորհակալություն հայտնեցին Խորհրդին հանդիպման, առարկայական ու բովանդակալից քննարկման համար և ընդգծեցին իրենց պատրաստակամությունը դատաիրավական բարեփոխումների իրականացման գործում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter