HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Խորհրդարանն ընդունեց ՄԻԵԴ-ում Հայաստանի ներկայացուցչին ներկայացվող պահանջների մասին օրենքի նախագիծը

Խորհրդարանն արտահերթ նիստով քննարկեց Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի ներկայացուցչի մասին օրենքի նախագիծը։

Տեղեկացնենք, որ գործող իրավակարգավորմամբ այս խնդիրները համակարգում է Արդարադատության նախարարությունը: Այժմ առաջարկվում է, որ ՄԻԵԴ-ում Հայաստանի ներկայացուցիչը համարվի վարչապետի աշխատակազմի ներկայացուցիչ։ Ըստ առաջարկվող նախնական օրենքի՝ ՄԻԵԴ-ում Հայաստանի ներկայացուցիչ կարող է նշանակվել 25 տարին լրացած, բարձրագույն իրավաբանական կրթություն ունեցող, ինչպես նաեւ մարդու իրավունքների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը, միջազգային ակտերին, հայերենին եւ անգլերենին կամ ֆրանսերենին տիրապետող Հայաստանի Հանրապետության քաղաքացին:

Ներկայացուցիչը նշանակվում եւ ազատվում է Հայաստանի Հանրապետության վարչապետի կողմից:

ԲՀԿ խմբակցությունն առաջարկել է պահանջվող 25 տարվա շեմը բարձրացնել՝ դարձնելով 30 տարեկան և սահմանել 5 տարվա մասնագիտական ստաժի պահանջ, ինչը ընդունվել է պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում։ Առաջարկ է եղել նաև այդ մարմնին տալ վարչապետին կից առանձին մարմնի կարգավիճակ, ինչը մերժվել է։

Ընդդիմադիրների գնահատմամբ՝ այդ մերժումը հիմնավորված չէ։ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն իր ելույթում ասաց՝ այսօր էլ կան գործող պաշտոնյաներ, ում յուրաքանչյուր ելույթ «Եռալաշի» համար փայլուն թեմա է։

«Կարծում եմ՝ «Եռալաշի» համար իրենց համար ամեն մի ելույթ մի օր քաղաքագիտական մտքի մեջ մնալու է որպես աբսուրդի ելույթ, էնպես որ մի զարմացեք, որ կարող են լինել նման նշանակումներ։ Եկեք անձնական էմոցիաները թողնենք մի կողմ, եկեք օրենքով ամրագրենք այն, ինչը հաստատել է հանձնաժողովը»,- ասաց նա։

«Իմ քայլը» խմբակցության որոշ պատգամավորների, սակայն, դուր չէր եկել առաջարկի այն մասը, որը վերաբերում էր տարիքային շեմի բարձրացմանը։ Թե՛ Սուրեն Գրիգորյանը, թե՛ Վաղարշակ Հակոբյանն իրենց ելույթներում անդրադարձան այդ հարցին։ Սուրեն Գրիգորյանն առաջարկել էր տարիքային շեմը թողնել 25, իսկ մասնագիտական նվազագույն ստաժը 5 տարվա փոխարեն դարձնել 3, ինչը հանձնաժողովը չէր ընդունել։

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանն էլ ասաց՝ շարունակում են հին, «խայտառակ մտածողության» մեջ լինել։

«Մի հատ հոդաբաշխ հիմնավորում չի բերվել, թե ինչի ենք էս օրենքն ընդունում, ինչի է ՄԻԵԴ-ում Հայաստանի ներկայացուցիչն առանձնանում։ Ես առաջարկում եմ ԴԱՀԿ-ն հանել Արդարադատության նախարարության կազմից, մտցնել վարչապետի աշխատակազմ, մեկ է՝ վարչապետն է նշանակում: Առաջարկում եմ Քրեակատարողական ծառայությունը մտցնել վարչապետի աշխատակազմ, առաջարկում եմ լուծարել բոլոր նախարարությունները, դարձնել բաժիններ վարչապետի աշխատակազմում, և լինի խորհրդարան ու վարչապետ, կամ էլ ցրենք խորհրդարանը, լինի վարչապետ»,- ասաց Մարուքյանը։

Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանն արձագանքեց՝ Արդարադատության նախարարությունը զբաղվում էր խնդրով մնացորդային սկզբունքով՝ պայմանավորված ծանրաբեռնված գրաֆիկով։

«Իսկ ՄԻԵԴ-ում մենք դեռ անելիքներ ունենք՝ և՛ մեր քաղաքացիների իրավունքների պաշտպանության հետ կապված, և՛ որոշ անպատասխանատու երկրների կողմից մեծ քանակությամբ հայցեր ներկայացնելու հետ կապված»,- ասաց նա։

Վլադիմիր Վարդանյանը ներկայացրեց վերջնական փոփոխությունները, որոնք դրվել են նախագծում:

Նախագիծը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ դրվեց քվեարկության և ընդունվեց 72 կողմ, 21 դեմ, 7 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ։ Տեղեկացնենք, որ «Իմ քայլը» խմբակցության որոշ պատգամավորներ՝ Ռուբեն Ռուբինյանը, Վաղարշակ Հակոբյանը, Սուրեն Գրիգորյանը դեմ քվեարկեցին նախագծին։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter