
«Սասնա ծռեր» խմբի անդամ Մխիթար Ավետիսյանը, հնարավոր է, երկու ամիս չներկայանա նիստերին
«Սասնա ծռեր» խմբի անդամ Մխիթար Ավետիսյանի նկատմամբ դատաբժշկական փորձաքննություն կնշանակվի: ՊՊԾ գնդի գրավման գործով դատական նիստին քիչ առաջ նման որոշում կայացրեց դատավոր Մեսրոպ Մակյանը՝ բավարարելով մեղադրող Պետրոս Պետրոսյանի միջնորդությունը:
Մխիթար Ավետիսյանն այսօրվա դատական նիստին չէր ներկայացել: Նա վիրահատվել է և, ըստ բժշկական կենտրոնից դատարան ուղարկված տեղեկանքի՝ բուժումը կտևի մոտ երկու ամիս:
Դատախազ Պետրոս Պետրոսյանը նշեց, որ իրենք կաշկանդված են ամբաստանյալների՝ ողջամիտ ժամկետում արդար դատաքննության իրավունքով և այդ հանգամանքով պայմանավորված՝ միջնորդեց նշանակել դատաբժշկական փորձաքննություն՝ պարզելու Ավետիսյանի հիվանդությունների առկայությունը և փորձագետներին հարցեր առաջադրելու, թե արդյոք այդ հիվանդությունների առկայությունը խոչընդոտում է նիստերին Ավետիսյանի մասնակցությունը:
Բավարարելով մեղադրողի միջնորդությունը՝ դատարանը երկու շաբաթով հետաձգեց նիստը և նշեց, որ այս ընթացքում դատարանը կփորձի ստանալ փորձաքննության պատասխանը:
Մինչ նիստի ավարտը ոստիկան Գագիկ Մկրտչյանի սպանության մեջ մեղադրվող Արմեն Բիլյանի պաշտպան Զարուհի Փոստանջյանը միջնորդեց Բիլյանի նկատմամբ ազատազրկման հետ չկապված խափանման միջոց ընտրել՝ հիշեցնելով, որ Բիլյանը կալանքի տակ է գտնվում արդեն երեք տարի: Դատարանը, սակայն, նշեց, որ ամբաստանյալի բացակայությամբ միջնորդությունը չի կարող քննվել, և նիստը չի կարող շարունակվել:
Հիշեցնենք, որ «Սասնա ծռեր» խումբը ոստիկանության էրեբունու ՊՊԾ գունդը գրավել է 2016 թ. հուլիսի 17-ին: Հարուցված քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել 32 անձի, նրանցից 10-ի գործը քննվում է դատավոր Մեսրոպ Մակյանի վարույթում:
Մեկնաբանել