HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Հակակոռուպցիոն ծրագիրը հանրային քննարկման չի արժանանում

Հունիսի 10-ից հանրային քննարկման է ներկայացվել Կառավարության որոշման նախագիծը՝ «Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն ռազմավարությունը և դրա իրականացման 2019-2022 թվականների միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին»: Հրապարակային տիրույթում (e-draft.am) նախագծի քննարկման ակտիվություն չի նկատվում: Միակ առաջարկը փաստաթղթերի փաթեթը Լեզվի կոմիտե ուղարկելն է` լեզվական փորձաքննություն իրականացնելու հանձնարարականով, քանի որ առկա են լեզվական սխալներ. օրինակ` հոգնակի թվի, մեծատառերի անհարկի կիրառում, օտարաբանություն, քերականական սխալներ: Քաղաքացու առաջարկն ընդունվել է:

Արդարադատության նախարարությունը որոշել է հանրային քննարկումներ ծավալել մարզային այցելությունների միջոցով: Թե որքանով այն կլինի հանրային՝ ցույց կտա ժամանակը:

Փորձեցինք մի շարք իրավապաշտպաններից, փորձագետներից կարծիքներ լսել նախագծի վերաբերյալ: Սակայն ոմանք հրաժարվեցին՝ շահերի բախմում ունենալու կամ նախագծին ծանոթ չլինելու պատճառաբանությամբ: E-draft հարթակը, բացի կարծիք հայտնելուց, նաև քվեարկելու հնարավորություն է տալիս: Այս պահին քվեարկությանը մասնակցել է 14 հոգի, որոնցից 12-ը կողմ է, 2-ը՝ դեմ:

Նախագծով ամրագրվել է, որ Կառավարության ծրագրի տրամաբանական շարունակությունը և իրացման կենսաձևն, անշուշտ, պետք է համարել նոր հակակոռուպցիոն ռազմավարության ընդունումը, որով Հայաստանի կառավարության որդեգրած քաղաքականությանը համահունչ կնախանշվեն կոռուպցիայի դեմ իրական պայքարի հիմնական ուղղություններն ու ակնկալվող արդյունքները: Ռազմավարությամբ նախանշված ուղղությունների իրականացման հիմնական երաշխիքներից մեկն է հանդիսանալու նաև Կառավարության կողմից դրսևորած քաղաքական աննախադեպ կամքն ու վճռականությունը: Վերջինիս դրսևորմամբ անհրաժեշտ է ձեռնամուխ լինել կոռուպցիան ծնող ու դրա տարածումը խթանող պատճառների ու պայմանների վերացմանը, որն էլ իր հերթին կհանգեցնի կոռուպցիայի աստիճանական հաղթահարմանը:

Նախագծում նշված է, որ ռազմավարությունն, ի թիվս այլնի, ուղղված է լինելու հանրային կառավարման համակարգում բարեվարքության, թափանցիկության, մասնակցայնության արդյունավետ և իրագործելի կառուցակարգերի ստեղծմանն ու կատարելագործմանը, պետական համակարգում կոռուպցիայի հակազդմանն ուղղված միասնական կանոնների թելադրմանը, ինչպես նաև կոռուպցիայի դեմ պայքարի ինստիտուցիոնալ մոդելի ներդրմանը:

Համեմատելով նախորդ ծրագրի հետ` արձանագրվել է, որ նախկինում հակակոռուպցիոն ռազմավարության միջոցառումների շրջանակներում համարժեքորեն զատորոշված չէր հակակոռուպցիոն քաղաքականության իրացման ինստիտուցիոնալ մարմինների համակարգը, սահմանված չէր հատկապես կոռուպցիայի դեմ պայքարի հարցում որոշակի մասնագիտացված մարմնի առկայության պարտադիր պահանջ: Դրա հետևանքով կոռուպցիայի դեմ պետության կողմից վարվող քաղաքականությունն իրականում տարրալուծվում էր բազմաթիվ պետական մարմինների գործառութային իրավասության զանազան տիրույթներում՝ կորցնելով համակարգայնության և միասնականության հատկանիշները: Սա իր հերթին հանգեցնում էր կոռուպցիայի դեմ ապարդյուն պայքար մղելուն: Բացի այդ, նման տարբերակման պայմաններում օբյեկտիվորեն չէր ապահովվում կոռուպցիոն բնույթի հանցանքների քննության համարժեք մակարդակ՝ որոշակիորեն խաթարելով նաև քննչական պրակտիկայի միասնականությունը:

Արձանագրվել է նաև, որ Կառավարության 2015թ. փետրվարի 19-ի N 165-Ն որոշմամբ ստեղծված Կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդը որևէ էական արդյունք չի արձանագրել հակակոռուպցիոն քաղաքականության ամբողջական և արդյունավետ իրականացման և համակարգման, կոռուպցիայի առաջացման ու տարածման պատճառները վերացնելու տեսանկյունից՝ կրելով ձևական բնույթ: Ստեղծված իրավիճակն անուղղակի փաստել է, որ դրա ստեղծումը կոռուպցիայի դեմ պայքարի հռչակագրային բաղադրիչից անդին այլ գործնական նպատակ չի հետապնդել:

Կառավարությունը նախագծով կարևորում է հանրային մասնակցությունը: Մինչդեռ Կոռուպցիայի համաշխարհային բարոմետրի շրջանակներում իրականացված հարցման արդյունքները վկայում են, որ Հայաստանի քաղաքացիները հակված չեն ազդարարել կոռուպցիոն բնույթի դեպքերի մասին: Հետազոտությանը մասնակցածների 5 %-ը պատասխանել է, որ տեղյակ չէ ազդարարման ինստիտուտի մասին, 57 %-ը դրական է վերաբերում կոռուպցիայի մասին ազդարարելուն, եթե այդ մասին այլ մարդիկ ազդարարեն, 25 %-ը առհասարակ նման քայլի չի գնա՝ մտածելով, որ շրջապատում իրեն չեն հասկանա, հարցվածների 7 %-ը չի ազդարարի՝ համարելով, որ դրանից ոչ մի բան չի փոխվի, 1.5 % տոկոսն էլ նման քայլն իր սկզբունքներին դեմ է համարում, և միայն 9 %-ն է պատրաստ ինքն ազդարարել նման դեպքի մասին:

«Հետազոտության նման արդյունքները փաստում են հանրության՝ կոռուպցիայի դեմ պայքարում իր մասնակցության կարևորությունը ամբողջական ծավալով չգիտակցելը: Ուստի, սույն ռազմավարության ընդհանրական թիրախը պետք է լինի այս առումով քաղաքացիների իրավագիտակցության հետևողական բարձրացումը, և վերջիններիս հակակոռուպցիոն պայքարի պահանջատեր դարձնելը»,- նշված է նախագծում։

Իրավիճակի վերլուծության առումով առավել համապարփակ պատկերացում կազմելու նպատակով Կառավարությունը անհրաժեշտ է համարում ուսումնասիրել նաև քաղաքացիների հետհեղափոխական ընկալումները։ Միջազգային հանրապետական ինստիտուտի ծրագրի շրջանակներում 2018 թվականի հուլիսի 23-ից օգոստոսի 15-ը և հոկտեմբերի 9-ից 29-ն ընկած ժամանակահատվածում իրականացված հարցումների արդյունքները վկայում են այն մասին, որ հարցվածները երկրում ժողովրդավարության վերջնական հաստատումը հիմնականում պայմանավորում են կոռուպցիայի վերացման հետ։ Կոռուպցիայի դեմ պայքարում հաջողելու տեսանկյունից հարցման ենթարկվածները կարևորել են անպատժելիության բացառումը, գողացված ակտիվների վերադարձը և դրանց նպատակային օգտագործումը։ Միաժամանակ, հարցման ենթարկվածները որպես առավել կոռումպացված կառույցներ՝ մատնանշել են բանակը, ոստիկանության, դատական և կրթական համակարգերը, իսկ որպես կոռուպցիայի տարածված դրսևորում՝ հովանավորչությունը և աշխատանքի տեղավորման գործընթացում կոռուպցիոն ռիսկերը:

Հակակոռուպցիոն ռազմավարության հետապնդած առանցքային նպատակների և առաջադրված հիմնական խնդիրների բաժնում նշված է, որ ռազմավարությունը՝ որպես առաջադրված խնդիր, նախատեսում է՝ 

  1. հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ համակարգի վերափոխումը և զարգացումը, 
  2. վարչական կոռուպցիայի հաղթահարումը՝ ոլորտային կոռուպցիոն ռիսկերի վերհանման և դրանց նվազեցման, էլեկտրոնային ժողովրդավարության գործիքների ներդրման ու շարունակական կատարելագործման միջոցով,
  3. հանրային ծառայողի օրինավոր և բարեխիղճ կերպարի ձևավորումը՝ հաշվետվողականության, թափանցիկության և բարեվարքության ապահովման համապատասխան կառուցակարգերի ներդրմամբ,
  4. տարբեր ոլորտների իրավական կարգավորումների պարզեցումը և հստակեցումը, կարգավորման ազդեցության գնահատման ինստիտուտի դերի բարձրացումը. բիզնեսի և քաղաքականության տարանջատման հստակ սահմանների ապահովումը, տնտեսական գործունեության ազատության ու ազատ տնտեսական մրցակցության ապահովումը և երաշխավորումը,
  5. կոռուպցիոն իրավախախտումների համար պատասխանատվության անխուսափելիության սկզբունքի իրացման երաշխավորումը, օրենսդրության շարունակական կատարելագործումը, այդ թվում՝ կոռուպցիոն հանցագործությունների ցանկի օրենքով սահմանման միջոցով,
  6. ապօրինի ձեռքբերված գույքը և Հայաստանից ապօրինի դուրս բերված ակտիվները վերադարձնելուն ուղղված կառուցակարգերի սահմանումը և ներդրումը, միջազգային չափանիշներին դրանք համապատասխանության ապահովումը, միջազգային համագործակցության ամրապնդումը,
  7. հանրային կրթության և իրազեկման միջոցով կոռուպցիայի նկատմամբ ժխտողական վերաբերմունքի սերմանումը, ներառյալ՝ ազդարարման ինստիտուտի նկատմամբ վերաբերմունքի փոփոխման միջոցով, պահանջատեր քաղաքացու ձևավորումը,
  8. մոնիթորինգի արդյունավետ մեխանիզմի արդյունքում՝ ժամանակավրեպ միջոցառումների արդիականացման միջոցով կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետության բարձրացումը:

Ռազմավարությամբ առաջադրված խնդիրներն իրականացվելու են այլ ռազմավարություններով, այդ թվում՝ դատա-իրավական, ընտրական, առաջադրված միջոցառումների հետ համարժեք համադրելիությամբ՝ բացառելով դրանց միջև ժամանակային և բովանդակային խզումների առաջացումը: 

Կառավարությունը նախագծով կոռուպցիայի դեմ պայքարի հիմնական երեք ուղղություններ է առանձնացրել՝ կոռուպցիայի կանխարգելումը, կոռուպցիոն հանցագործությունների բացահայտումը և հակակոռուպցիոն կրթությունը և իրազեկումը:

Ինստիտուցիոնալ համակարգի ընդհանրական պատկեր ունենալու տեսանկյունից անհրաժեշտ է ապահովել կոռուպցիայի կանխարգելման և բացահայտման մարմինների արդյունավետ գործունեության համար անհրաժեշտ անկախության երաշխիքների սահմանումը և ապահովումը, համապատասխան  կառուցակարգերի ներդրումը կամ զարգացումը, համագործակցության ամրապնդումը: Օրենսդրական փոփոխությունների արդյունքում կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին օրենքով վերապահված գործառույթներից զատ, նախագծի հեղինակների կարծիքով անհրաժեշտ է վերապահել իրավական ակտերի և դրանց նախագծերի հակակոռուպցիոն կարգավորման ազդեցության գնահատման իրականացումը, հակակոռուպցիոն ծրագրերի ու միջոցառումների կատարման նկատմամբ մոնիթորինգի իրականացումը, պետական պաշտոն զբաղեցնող անձանց (բացառությամբ պատգամավորի, դատավորի, Բարձրագույն դատական խորհրդի անդամի, դատախազի, քննիչի), 15 000 և ավելի բնակչություն ունեցող համայնքների ղեկավարների, նրանց տեղակալների, Երևան համայնքի վարչական շրջանների ղեկավարների, նրանց տեղակալների պաշտոն զբաղեցնող անձանց՝ օրենքով սահմանված վարքագծի սկզբունքներից բխող վարքագծի կանոնների սահմանումը, հանրային ծառայողների՝ օրենքով սահմանված վարքագծի սկզբունքներից բխող վարքագծի տիպային կանոնների սահմանումը և այլ գործառույթներ:

Կոռուպցիայի դեմ պայքարում կայացած ինստիտուցիոնալ համակարգի երկրորդ կարևոր բաղադրատարրը կոռուպցիոն հանցագործությունների բացահայտման գործառույթով և անկախության երաշխիքներով օժտված, մասնագիտացված մարմնի առկայությունն է: Ներկայումս քրեական գործերով նախաքննություն կատարում են քննչական կոմիտեի, հատուկ քննչական ծառայության, ազգային անվտանգության, հարկային և մաքսային մարմինների քննիչները: Առաջարկվում է ստեղծել հակակոռուպցիոն մասնագիտացված մարմին՝ «Հակակոռուպցիոն կոմիտե» անվանմամբ հետևյալ մոդելով.

  • Քննչական կոմիտեի Կոռուպցիոն, սեփականության դեմ ուղղված հանցագործությունների և կիբեռհանցագործությունների քննության վարչությունը վերակազմակերպել՝ կոռուպցիոն հանցագործությունների քննությամբ զբաղվող քննիչների հաստիքները և գործիքակազմը փոխանցելով  Հակակոռուպցիոն կոմիտեին.
  • Ոստիկանության կոռուպցիոն հանցագործությունների բացահայտման նպատակով օպերատիվ-հետախուզական գործունեության իրականացման համար նախատեսված հաստիքները և գործիքակազմը տրամադրել Հակակոռուպցիոն կոմիտեին.
  • Պետական եկամուտների կոմիտեի կոռուպցիոն հանցագործություններով նախաքննության իրականացման համար նախատեսված հաստիքները և գործիքակազմը տրամադրել Հակակոռուպցիոն կոմիտեին.
  • Հատուկ քննչական ծառայության կոռուպցիոն, կազմակերպված և պաշտոնեական հանցագործությունների քննության վարչության հաստիքները և գործիքակազմը տրամադրել Հակակոռուպցիոն կոմիտեին.
  • Հատուկ քննչական ծառայության Խոշտանգումների և մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչության և Ընդհանուր բնույթի հանցագործությունների քննության վարչության գործառույթները համապատասխան հաստիքներով և գործիքակազմով փոխանցել Քննչական կոմիտեին.

Առաջարկվում է սահմանել, որ հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների` իրենց պաշտոնեական դիրքի կապակցությամբ հանցակցությամբ կամ նրանց կատարած հանցագործությունների վերաբերյալ գործերով նախաքննությունը կատարում է Ազգային անվտանգության ծառայությունը: Իսկ հակակոռուպցիոն կոմիտեի՝ կոռուպցիոն հանցագործությունների բացահայտմանը և քննությանը չառնչվող գործառույթները վերապահվելու են քննչական կոմիտեին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter