
Ընտրություններ՝ «Հայկական Հոլիվուդում». խաշթառակցի ընտրողների ավելի քան 10 տոկոսը քվեարկեց այլ անձի օգնությամբ
Խաշթառակցիների խոսքով՝ իրենց գյուղը «Հայկական Հոլիվուդն» է: Իջևանից 11 կմ հեռավորության վրա գտնվող, անտառի փեշին թիկն տված այս գյուղում են նկարահանվել «Մենք ենք, մեր սարերը», «Տղամարդիկ», «Ջրերը բարձրանում են», «Հուշարձան», «Նամակը» և մի քանի այլ կինոնկարներ:
Խաշթառակի ընտրության նկատմամբ հետաքրքրությունը քիչ չէր այն պատճառով, որ այստեղ էլ, Իջևանի նման, ՀՀԿ անդամ, գործող համայնքապետը մրցակցում էր «Բարգավաճ Հայաստան» կուսակցության թեկնածուի հետ: Սակայն ի տարբերություն Իջևանի՝ Խաշթառակում կար նաև երրորդ թեկնածու:
Ցուցակային 1418 ընտրողից ընտրությանը մասնակցեց 1070-ը: Ըստ ընտրության արդյունքների՝ գործող համայնքապետի՝ ՀՀԿ-ից առաջադրված, ՀՀԿ անդամ Հայկ Քամալյանի օգտին տրվեց 466, ԲՀԿ անդամ, ինքնառաջադրված Անդրանիկ Վիրաբյանի օգտին՝ 296, նախկին գյուղապետ, ՀՀԿ անդամ, ինքնառաջադրված Արթուր Վանեսյանի օգտին՝ 285 ձայն: 23 քվեաթերթիկ ճանաչվեց անվավեր:
Նման արդյունքը տրամաբանական էր. գործող գյուղապետին «ընդդիմացող» 2 թեկնածուի դեպքում նրա դեմ տրված քվեները կիսվեցին, ինչն էլ ապահովեց գյուղապետի վերընտրությունը: Մանավանդ Արթուր Վանեսյանը և Անդրանիկ Վիրաբյանը բարեկամական կապ ունեն, և նրանց հարազատներին դժվար էր որևէ մեկին նախապատվություն տալը:
Նշենք, որ Հայկ Քամալյանը, 2008թ.-ին համայնքի ղեկավար ընտրվելով, անցած 4 տարում ակտիվ գործունեություն է ծավալել: Բացի համայնքի ղեկավարի պարտականությունները կատարելուց՝ նա Խաշթառակում կատարվող շինարարական աշխատանքների ժամանակ որպես վարպետ օգնում է համագյուղացիներին, ինչի պատճառով հարգանք է վայելում:
Խաշթառակցիներն ընտրությանն ակտիվ էին մասնակցում, դժվարությամբ քայլող ծերերը, մանկահասակ երեխաները գրկներին մայրերը սառցակալած, վտանգավոր ճանապարհներով եկել էին դպրոցի ուսուցչանոցում տեղակայված ընտրական տեղամաս: Տղամարդ կար, որ ընտրական տեղամաս էր եկել կոշիկներին փալաս փաթաթած, որպեսզի ճանապարհին չսայթաքի:
Ժամը 11-ից՝ մի քանի ժամ շարունակ, տեղամասի առաջ հերթեր էին: Մարդկանց քվեարկելու էին բերում նաև ավոտոմեքենաներով: Ակնհայտ էր, որ թեկնածուները կամ նրանց կողմնակիցները մինչ այդ ընտրողներին «հորդորել էին» անպայման մասնակցել ընտրությանը:
Նաև զվարճալի դեպք տեղի ունեցավ: Ընտրական տեղամասում լրագրողիս մոտեցավ Հայրենական պատերազմի վերքերից դեմքը սպիներով ծածկված, պարտիզանական ջոկատի կազմում մարտնչած Սմբատ Գուլակյանը և ինձ հավանաբար Հայկ Քամալյանի վստահված անձի տեղ դենելով, մի տեսակ նեղվելով՝ ասաց. «Կինս հիվանդ է, ի վիճակի չէ ընտրությանը գալ, ի՞նչ անեմ»: «Եթե ի վիճակի չէ, թող չգա»,- ասացի վետերանին:
Արթուր Վանեսյանի վստահված անձը՝ Դավիթ անունով, նկատի ունենալով, որ Գուլակյանի կինը պիտի ընտրեր Հայկ Քամալյանին, հավելեց. «Ում ընտրելու է, թող նա էլ գնա տնից բերի»: Հայկ Քամալյանի վստահված անձ Սամվել Մատինյանն էլ հակադարձեց. «Մենք ձայների պակաս չունենք. ով ունի, թող գնա, բերի»:
Շատ էին դեպքերը երբ քվեարկության ժամանակ տարեց ամուսինը փորձում էր իր կնոջ, մայրն՝ իր աղջկա կողքին լինել կամ տուփի մեջ գցել ուրիշի քվեաթերթիկով ծրարը: Երբ տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահ, «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչ Մարիետա Սահակյանը կանխեց զառամյալ ամուսնու կողմից իր կնոջ ձեռքից քվեաթերթիկը վերցնելը, տղամարդն ընդվզեց. «Իմ կինն է, ձեր ի՞նչ գործն է»: Եվ տղամարդը վիրավորեց Մարիետա Սահակյանին՝ անվանելով անասուն:
Խաշթառակի ընտրության վերաբերյալ բողոքներ չկան: Սակայն ուշագրավ է, որ քվեարկության 1070 մասնակցից 109 քվեարկել է այլ անձի օգնությամբ: Դրա համար հանձնաժողովի մատյանում քարտուղարը գրանցում էր օգնող անձի անձնագրային տվյալները, որպեսզի նույն անձը երկու անգամ չօգնի տեսողությունից դժգոհողներին: Կասկածելի է, որ խաթառակցի ընտրողների ավելի քան 10 տոկոսը վատ է տեսնում: Ըստ երևույթին, դա արվել էր նրա համար, որ թեկնածուին խոստում տված մարդիկ քվեարկելիս չխաբեին:
Մեկնաբանել