
Բարդուղ Գաբրիելյան. «Սևանի ծաղկումը մեզ համար անսպասելի չէր»
Սոնա Գրիգորյան
«Բազմիցս զգուշացրել ենք, որ այս տարի էլ է սպասվում ծաղկում: Ցավոք սրտի, Կառավարության և համապատասխան մարմինների կողմից նվազեցման ոչ մի քայլ չձեռնարկվեց»: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց Գիտությունների ազգային ակադեմիայի Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրեն, կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Բարդուղ Գաբրիելյանը:
Խոսելով Սևանը ծաղկումից փրկելու մասին՝ պրոֆեսորը ներկայացրեց հիմնական և պարտադիր միջոցառումները:
Առաջինը ջրի մակարդակի բարձրացումն է: Ըստ նրա, պետք է նաև կասեցվի կամ նվազեցվի օրգանական նյութերի և կենսածին տարրերի, մասնավորապես ֆոսֆորի մուտքը լիճ: Այդպիսի արդյունքի հասնելու համար պետք է մաքրման կայաններ կառուցվեն հիմնական աղտոտող գետերի վրա:
«Ներկայումս կան այդպիսի կայաններ, սակայն դրանք միայն մեխանիկական մաքրում են կատարում, ինչը բավարար չէ, որպեսզի նստեցվեն օրգանական նյութերը»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է ձկան պաշարներին, պրոֆեսոր Գաբրիելյանը նշեց, որ պետք է ձկնային պաշարները դիտվեն ոչ միայն որպես սննդի աղբյուր, այլև որպես էկոհամակարգի վերին օղակ, ինչը նշանակում է, որ ձուկը, սնվելով ջրային օրգանիզմներով, կլանում է օրգանական նյութերը, և եթե կատարվի ձկան որոշ քանակի որս, ապա ջրի մեջ կքչանան օրգանական նյութերը՝ դրանով իսկ նվազեցնելով ծաղկման պրոցեսները:
«Մեզ անհրաժեշտ է ձկան և խեցգետնի բավարար պաշար: Անցյալ տարվա տվյալներով ձկան պաշարը կազմել է 3000 տոննա՝ ներառյալ մանրաձուկը, ինչը բավարար չէ, որ մենք առաջարկենք կատարել որս, քանի որ ձկնորսները արդեն իսկ որսում են ոչ թե այնքան ձուկ, որքան անհրաժեշտ է, այլ որքան հնարավորություն կունենան»,- նշեց նա:
Բարդուղ Գաբրիելյանի խոսքով՝ ձկան արդյունագործական պաշարը անցյալ տարվա հոկտեմբերի տվյալներով եղել է 730 տոննա, բայց այս պայմաններում այն պետք է գոնե հասնի 1000 տոննայի, որպեսզի առաջարկեն 20-25 % արտահանում:
Խեցգետնի քչացման վերաբերյալ, պրոֆեսորն ասաց, որ այն նույնպես համարվում է արդյունագործական օբյեկտ և այս պայմաններում այն կարևոր դեր ունի:
«Եթե հիմա գնանք Սևան, այնտեղ խեցգետին չենք կարող գտնել: Հիմա վաճառում են նախկինում պահված խեցգետինները»,- ասաց նա:
Գաբրիելյանը նշեց, որ խզվել են նույնիսկ «կարաս» ձկնատեսակի պաշարները, որի համար առաջարկվում է անսահմանափակ արտահանում, քանի որ համարվում է անցանկալի ձկնատեսակ Սևանա լճի համար:
Նրա խոսքով, միայն «սիգ» ձկնատեսակի պաշարներն են տարեցտարի ավելանում, բայց ոչ այն չափով, որքան նրա ներուժը կարող էր ապահովել: Վերջին տարիներին մոտ 50-100 տոննա է ավելացել:
Անհրաժեշտ է նաև շարունակել ափամերձ գոտիների ջրածածկ տարածքների մաքրումը, քանի որ վերջին տարիներին դադարեցվել են մաքրման գործողությունները:
Գիտական կենտրոնի տնօրենը նշեց, որ Սևանի շատ ծանծաղուտ հատվածներում չի կարելի լողալ, որովհետև կարող են առաջանալ մաշկային ալերգիաներ: Լճի մյուս հատվածներում էլ կարելի է լողալ, բայց ջուրը խմել չի կարելի, քանի որ ջրիմուռներն առաջացնում են տոքսիկ նյութեր:
Բանախոսը նշեց, որ լճի ներկայիս վիճակի համար մեղավոր է ինչպես Կառավարությունը, այնպես էլ ժողովուրդը, քանի որ Սևանը շատ է աղտոտվում մարդկանց կողմից:
«Շարունակվում է որսագողությունը, նաև մինչև այսօր չեն կատարվում համապատասխան միջոցառումներ»,- ասաց նա՝ մեղավորների շարքում թվարկելով Շրջակա միջավայրի նախարարությանը, մարզպետարանին, ազգային պարկին:
Ինչ վերաբերում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից կարգավիճակ ստանալուն, պրոֆեսոր Գաբրիելյանը նկատեց. «ՅՈՒՆԵՍԿՕ-ի պահանջներին պետք է համապատասխանի Սևանը, ըստ այդ պահանջների պետք է խիտ բնակավայրեր չլինեն շրջակայքում»:
Մեկնաբանել