HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Դատարանը մերժել է Սեդրակ Քոչարյանի հայցն ընդդեմ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Աիդա Դավթյանի, մերժել է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ավագ որդու` Սեդրակ Քոչարյանի հայցն ընդդեմ Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) տնօրեն Արթուր Վանեցյանի: Այս մասին «Հետք»-ի հետ զրույցում ասաց Վանեցյանի ներկայացուցիչ Վահագն Գրիգորյանը:

Դատարանը հունիսի 25-ին ավարտել է գործի քննությունը, իսկ վճիռը հրապարակվել է այսօր` հուլիսի 10-ին:

Հիշեցնենք, որ Սեդրակ Քոչարյանը ԱԱԾ տնօրենի դեմ հայց է ներկայացրել նրա և ՀՔԾ պետի հայտնի ասուլիսից հետո, որը հրավիրվել էր, երբ համացանցում էին հայտնվել նրանց հեռախոսային խոսակցությունները՝ կապված Ռոբերտ Քոչարյանի և Յուրի Խաչատուրովի կալանքի հետ:

Այդ օրը ՀՔԾ պետն ու ԱԱԾ տնօրենը իրենց վարույթներում քննվող գործերով մի շարք բացահայտումներ էին արել, Արթուր Վանեցյանը Քոչարյանի ընտանիքի ունեցվածքի մասին խոսելով՝ նշել էր, որ իրենք կհրապարակեն, թե ով ինչ ունի ու ինչպես է ձեռք բերել «Կոնգրես» հյուրանոցը՝ 6 մլն դոլար կաշառքով:

Այս և այլ արտահայտությունների համար է Սեդրակ Քոչարյանը հայց ներկայացրել Վանեցյանի դեմ ու գտնում է, որ այդ արտահայտությունները չեն համապատասխանում իրականությանը, զրպարտություն և վիրավորանք են պարունակում, արատավորում են իր պատիվն ու արժանապատվությունը:

Մամուլի ասուլիսից հետո Արթուր Վանեցյանը լրագրողների հետ զրույցում նշել է, որ ասուլիսի օրը խոսել է ոչ թե փաստերով, այլ էմոցիաներով, ըստ էության, հերքել է, թե Սեդրակ Քոչարյանն անցնում է կաշառքի առթիվ հարուցված որևէ գործով:

Սեդրակ Քոչարյանի կողմից հայցը ներկայացնելու պահին վերջինս «Կոնգրես» հյուրանոցի գործով մեղադրյալի կամ կասկածյալի կարգավիճակ չի ունեցել, սակայն հետագայում ԱԱԾ-ն նրան խոշոր չափով հարկեր չվճարելու և փողերի լվացման մեղադրանք է առաջադրել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter