
Զոդի կամրջին տեղի ունեցած վթարի գործով «Toyota»-ի վարորդը կալանավորվեց
Արարատի մարզի Զոդի կամրջի վրա տեղի ունեցած ավտովթարի դեպքի առթիվ հարուցված քրեական գործով «Տոյոտա Հիլուքս»-ի վարորդ Սողոմոն Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել և միջնորդություն ներկայացվել նրա նկատմանբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ: Այս մասին «Հետքի» հետ զրույցում ասաց Քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը:
Սողոմոն Հակոբյանը մեղադրվում է Քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասով` երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ:
Նաիրա Հարությունյանը հայտնեց, որ Արարատի և Վայոց ձորի մարզի ընդհանուր իրավասության դատարանը քիչ առաջ բավարարել է Քննչական կոմիտեի միջնորդությունը մեղադրյալ Հակոբյանին կալանավորելու վերաբերյալ:
Հիշեցնենք, որ հուլիսի 6-ին՝ ժամը 15:00-ի սահմաններում, Երևան-Մեղրի ավտոճանապարհի 54-րդ կիլոմետրի հատվածում՝ Արարատի մարզի Արարատ քաղաքի ՈԿՖ Բանավանի կամրջի վրա, միմյանց են բախվել «ԳԱԶԵԼ», «Տոյոտա Հիլուքս» և «ՎԱԶ 21063» մակնիշի ավտոմեքենաները, որի արդյունքում հրդեհ է բռնկվել «ԳԱԶԵԼ» մակնիշի ավտոմեքենայում, այնուհետև հրդեհը տարածվել է «Տոյոտա Հիլուքս» մակնիշի և «ՎԱԶ 21063» մակնիշի ավտոմեքենաներում, ինչի հետևանքով ստացած այրվածքներից «ԳԱԶԵԼ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և վերջինիս հինգ ուղևորները տեղում մահացել են, «ԳԱԶԵԼ»-ում գտնվող մյուս ուղևորները, ինչպես նաև «Տոյոտա Հիլուքս» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևորները՝ ընդհանուր 11 մարդ, մարմնական տարբեր վնասվածքներով տեղափոխվել բժշկական կենտրոններ:
Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասով: Որոշում է կայացվել՝ քրեական գործի նախաքննությունը քննչական խմբին հանձնարարելու մասին:
Կատարված դեպքի վայրի զննությամբ «ԳԱԶԵԼ» մակնիշի ավտոմեքենայի սրահից հայտնաբերվել է 6 այրված դի. զննությամբ պարզվել է, որ 6 դիերից մեկն արական սեռի է, հինգը՝ իգական:
Սողոմոն Հակոբյանը քրեական գործի շրջանակներում ձերբակալվել էր հուլիսի 9-ին:
Մեկնաբանել