HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Մերաբ Կալաշովը Ֆրանսիայում հեռակա կարգով դատապարտվել է 10 տարվա ազատազրկման. մանրամասներ նրա արտահանձնման գործընթացից

Քրեական հեղինակություն Մերաբ Կալաշովի նկատմամբ ենթադրյալ անօրինական գործողություններ իրականացնելու դեպքի առթիվ հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել: Այս մասին «Հետքի» հետ զրույցում ասաց Կալաշովի պաշտպաներից Արմեն Մելքոնյանը:

Նշենք, որ հուլիսի 4-ի ուշ երեկոյան Կալաշովի պաշտպան Արմեն Մելքոնյանը Tert.am-ին ահազանգել էր այն մասին, որ ոստիկանները «Զվարթնոց» օդանավակայանոմ են պահում իր պաշտպանյալին, ցանկանում են նրան արտահանձնել Ֆրանսիային: 168 am-ի հետ զրույցում Մելքոնյանը հայտնել է, որ հուլիսի 4-ին իր պաշտպանյալին տևական ժամանակ  Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում որոնելուց հետո «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնում գտել է ծեծված վիճակում:

Արմեն Մելքոնյանը մեզ հետ զրույցում մանրամասներ հայտնեց Կալաշովի արտահանձնման գործընթացի և նրա նկատմամբ տեղի ունեցածի վերաբերյալ:

Պաշտպանն ասում է, որ թեև դեպքի օրը զանգահարել է ոստիկանության 1-02 հեռախոսահամարով, տվել իր բոլոր տվյալները, արտոնագրի համարը, պնդել, որ Կալաշովի նկատմամբ տեղի ուենցած գործողությունների վերաբերյալ իր ասածներն ընդունվի իբրև հանցագործության մասին հաղորդում, ոստիկանությունից որևէ մեկը չի գնացել «Զվարթնոց» և իր տված հաղորդման վերաբերալ որևէ գործողություն չի կատարել, ինչը, Մելքոնյանի գնահատմամբ, ևս հանցագործություն է:

Պաշտպանի խոսքով՝ Մերաբ Կալաշովին քրեակատարողական հիմնարկից ներքնազգեստով են տեղափոխել ոստիկանության «Զվարթնոցի» բաժին

Պաշտպանը պնդում է, որ Արդարադատության նախարարության իրավասու անձինք  Մերաբ Կալաշովին ապօրինի առևանգել են և կազմակերպել նրա արտահանձնման գործընթացը:

«Ամենայն պատասխանատվությամբ ձեզ ասում եմ, որ նրան խոշտանգման են ենթարկել: Նրա մարմնի վրա առկա էին տասնյակից ավել վնասվածներ, կոտրված էր ոտքի բութ մատը, մարմնի, գլխի վրա կային բազմաթիվ քերծվածքներ ու ծավալուն կապտուկներ, ճղված էին լնդերը, բերանն ամբողջությամբ այտուցված էր: Մերաբ Կալաշովին քրեակատարողական հիմնարկից ներքնազգեստով տեղափոխել էին ոստիկանության «Զվարթնոցի» բաժին, այնտեղ հագուստ են տվել, որ հագնի»,- ասաց Արմեն Մելքոնյանն ու հիշեց, թե ինչպես էին հայերը դատապարտում Ռուսաստանի Դաշնությանը, երբ այնտեղ տեղի ունեցած վթարի գործով հայազգի վարորդ Հրաչյա Հարությունյանին ծաղկավոր խալաթով տարել էին դատարան:

«Մենք բոլորս մեզ վատ էինք զգում, հիմա մենք ենք մեզ թույլ տվել էլ ավելի վատ արարք, ու որևէ մեկն այս պահի դրությամբ դեռ պատասխան չի տվել»,- ասաց պաշտպանը:

Ըստ Արմեն Մելքոնյանի՝ Կալաշովը երեք ժամ բժիշկ է պահանջել, սակայն բժիշկ չի հրավիրվել, շուրջ 2 ժամ իրեն և նրա մյուս պաշտպան Էդգար Արամյանին թույլ չեն տվել մոտենալ Կալաշովին, նկարել նրա վնասվածքները:

«Դրանից հետո մենք բժիշկ ենք հրավիրում, մի կերպ բժիշկը գալիս է, ու բացի անալգինից՝ ոչինչ չեն առաջարկում, չեն տեղափոխում ոտքը նկարելու համար»,- ասաց Արմեն Մելքոնյանը:

Պաշտպանը նշեց, որ կապվել է Ֆրանսիայում Մերաբ Կալաշովի նոր պաշտպանի հետ, նա ևս տեղյակ է տեղի ուենցածի մասին:

«Այս ամենն ազդել էր նաև նրան տեղափոխող ֆրանսիացիների վրա: Նրանցից մեկը թարգմանչի միջոցով ինձ փոխանցեց, որ ինքնաթիռը Փարիզ տեղափոխվելու պես Մերաբին կտեղափոխի բուժօգնության»,- պատմեց Արմեն Մելքոնյանը:

 

 

Կալաշովի դատվածությունները և Ֆրանսիայում նրա նկատմամբ հայտարարված հետախուզման պատճառը

Ֆրանսիայի Հանրապետությունում Մերաբ Կալաշովը հետախուզման մեջ էր գտնվում 2015 թվականից, մի շարք դատվածություններ ունի Ռուսաստանի Դաշնությունում, մեկը՝ Հայաստանի Հանրապետությունում՝ ապօրինի սահման հատելու մեղադրանքով:

Հայաստանում Կալաշովի վերաբերյալ քրեական գործով դատական ակտում առկա են տեղեկություններ նաև նրա՝ ՌԴ-ում դատվածությունների և Ֆրանսիայում հետախուզման մեջ գտնվելու պատճառների վերաբերյալ:

Այսպես, ըստ «Դատալեքսում» առկա տեղեկատվության՝ Մերաբ Կալաշովը 1999 թվականից սկսած՝ գողության և կողոպուտի համար մի քանի անգամ ազատազրկման է դատապարտվել Ռուսաստանի Դաշնությունում, ըստ որում, վերլուծելով ՌԴ օրենքի համապատախան հոդվածները, ապօրինի սահման հատելու վերաբերյալ գործը քննած դատավոր Արմեն Բեկթաշյանը եզրակացրել է, որ ՌԴ-ում Կալաշովի վերջին՝ 2007 թվականի դատվածությունը մարված չէ:

Գլխավոր դատախազության ՀՀ ազգային անվտանգության մարմիններում քննվող, թմրամիջոցների ապօրինի շրջանառության հետ կապված և կիբեռհանցագործությունների գործերով վարության պետի  կողմից ԱԱԾ  ներկայացված փաստաթղթերի համաձայն՝ Ֆրանսիայի  Հանրապետության կողմից Կալաշովը հետախուզման մեջ է չարագործների խմբավորմանը հանցագործություն, նախապատրաստելու նպատակով մասնակցություն ունենալու (Ֆրանսիայի Հանրապետության քրեական օրենսգրքի 450-1, կետ 1 կետ 2 հոդված, 450-1 կետ 2, 450-3, 450-5 հոդվածներ), կազմակերպված հանցավոր խմբավորման կողմից գողացված իրեր թաքցնելու (Ֆրանսիայի Հանրապետության քրեական օրենսգրքի 321-1 կետ 1, կետ 2, 311-9 կետ 1, 311-1, 132-71 հոդվածներ, նույն օրենսգրքի 321-1, կետ 3, 321-3, 321-4, 311-9 կետ 1, 321-9, 321-10, 311-14, 311-15 հոդվածներ), փողերի լվացման, հանցագործությամբ գոյացած գումարների ներդրման, թաքցնելու կամ փոխակերպելու համար (Ֆրանսիայի Հանրապետության քրեական օրենսգրքի 321-2 կետ 1, 324-1 կետ 2 հոդվածներով, 324-2 կետ 1, 324-2 կետ 1, 324-3, 324-և, 324-8 հոդվածներ) քննվող քրեական գործի շրջանակներում:

Հայաստանի Հանրապետությունում Կալաշովը ձերբակալվել է 2016 թվականի նոյեմբերին: Նկատի ունենալով, որ այդ ժամանակ նա Ֆրանսիայի Հանրապետության կողմից գտնվել է հետախուզման մեջ, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը 30 օրով կալանավորել է՝  Ֆրանսիային արտահանձնելու նպատակով: 30 օր կալանքի տակ գտնվելուց հետո Կալաշովին Հայաստանում պետական սահմանն ապօրինի հատելու մեղադրանք են առաջադրել, որի համար նրան դատապարտել են 2 տարի ժամկետով ազատազրկման:

«Հետքը» ժամանակին անդրադարձել է ազգությամբ եզդի Կալաշովի գործին: Թեև նրա վերաբերյալ մեղադրական դատավճիռ է կայացվել՝ սահմանն ապօրինի հատելու համար,  պարզ չէ, թե երբ է նա հատել Հայաստանի պետական սահմանը, ինչ հանգամանքներում. մեղադրանքում նշված է՝ «չպարզված հանգամանքներում և ժամանակահատվածում»: Դատաքննության ընթացքում նրա պաշտպան Արմեն Մելքոնյանը հարց էր բարձրացրել, որ գուցե անցել է Կալաշովին վերագրվող արարքի վաղեմության ժամկետը:

Գործի քննության ընթացքում Կալաշովը ցուցմունք չի տվել, հայտնել է միայն, որ ինչպես Հայաստանում, այնպես էլ Ֆրանսիայում իր վերաբերյալ մեղադրանքները զրպարտություն են, որ ինքն իրեն մեղավոր չի ճանաչում և որ ապօրինի սահման չի հատել, այլ եկել է իր հայրենիք՝ Հայաստան:

Կալաշովին Ֆրանսիայում հեռակա կարգով դատապարտել են 10 տարի ազատազրկման

Կալաշովի պաշտպան Արմեն Մելքոնյանը մեզ հետ զրուցում ասաց, որ իր պաշտպանյալի պատժի կրման ժամկետը լրանալուց 15 օր առաջ նրա նկատմամբ համաներում է կիրառվել, նրան ձևականորեն ազատ են արձակել ու հենց քրեակատարողական հիմնարկի դռների մոտ նորից ձերբակալել՝ արդեն Ֆրանսիային արտահանձնելու համար:

Դրանից հետո Դատախազությունը դիմել է դատարան` Կալաշովին կալանավորելու համար: Պարզվել է, որ Ֆրանսիան նրան հեռակա կարգով դատապարտել է 10 տարի ժամկետով ազատազրկման, իսկ Հայաստանում հեռակա կարգով ազատազրկման իրավակարգավորում չկա, ուստի Դատախազությունն, ըստ օրենքի, վարույթը փոխանցել է Արդարադարտության նախարարություն:

Նշենք, որ արտահանձնման նպատակով կալանավորումը չի կարող 8 ամսից ավելի տևել, բայց, ըստ Արմեն Մելքոնյանի, Կալաշովը արտահանձնման նպատակով կալանքի տակ է գտնվել ոչ թե 8, այլ 9 ամիս: Պաշտպանի խոսքով՝ Հայատանում հաշվի չեն առել այն հանգամանքը, որ 2016 թվականին Կալաշովն արդեն 1 ամիս ժամկետով արտահանձնման նպատակով կալանավորված է եղել:

Կալաշովին արտահանձնելու վերաբերյալ դատարանի որոշումը դեռևս օրինական ուժի մեջ չէ

Մելքոնյանը պատմեց, որ 2019 թվականի հուլիսի 5-ին՝ ժամը 24:00-ին, Մերաբ Կալաշովը պիտի ազատ արձակվեր, սակայն պաշպանները տեղեկություն են ստացել, որ Արդարադատության նախարարության աշխատակիցներն ուզում են նրան, առանց դատարանի օրինական ուժի մեջ մտած որոշման, արտահանձնել Ֆրանսիային: Հուլիսի 3-ին Մերաբ Կալաշովը բողոք է ներկայացրել Վճռաբեկ դատարան՝ ընդդեմ իրեն արտահանձնելու վերաբերյալ որոշման: Պաշտպանն ասում է, որ իրենց սահմանված կարգով Արդարադատության նախարարությանը և այլ իրավասու մարմիններին տեղյակ են պահել բողոքարկման մասին: Մելքոնյանը հիշեցրեց, որ Քրեական դատավարության օրենսգրքի 495-րդ հոդվածը հստակ սահմանում է, որ անձը կարող է հանձնվել միայն իր նկատմամբ դատարանի վերջնական որոշում լինելուց հետո, բայց Կալաշովի նկատմամբ առ այսօր, փաստորեն, վերջնական որոշում չի կայացվել:

«Ես գնացել եմ Վճռաբեկ դատարան և գրասենյակից տեղեկացել, որ վճռաբեկ բողոքը ստացվել է մի քանի օր առաջ, բայց դեռ հայտնի չէ` այն քննության առնելու են, թե ոչ: Առանց Վճռաբեկ դատարանի որոշման առաջին ատյանի դատարանի որոշումն օրինական ուժ չունի: Փաստորեն Արդարադատության նախարարության իրավասու մարմինները Մերաբ Կալաշովին ապօրինի առևանգեցին»,- ասաց Մելքոնյանը:

Վերջինս նշեց, որ Մերաբ Կալաշովի կողմից ներկայացված վճռաբեկ բողոքի հիմքում դրվել է այն հանգամանքը, որ ի տարբերություն Հայաստանի՝ Ֆրանսիան չի վավերացրել Եվրոպական կոնվենցիայի արձանագրությունը, որով պարտավորություն կստանձներ հեռակա կարգով դատապարտված անձին այնտեղ տեղափոխելուց հետո ապահովել նրա նոր դատաքննությունը:

Ըստ Մելքոնյանի՝ իրենք միայն ունեն ֆրանսիացի դատախազի գրությունն այն մասին, որ Ֆրանսիա տեղափոխելուց հետո Կալաշովին հնարավորություն կտրվի բողոքարկել դատական ակտը, որը, սակայն, երաշխիք չէ, որ իսկապես այդպես էլ կարվի, քանի որ պետությունը նման պարտավորություն չունի:

Մելքոնյանը կապվել է Կալաշովի՝ Ֆրանսիայում գտնվող փաստաբանի հետ ու նրան փոխանցել իր մոտ եղած փաստաթղթերը, թե ինչ ընթացք կստանա նրա վերաբերյալ գործը, պարզ չէ:

Նշենք, որ Մերաբ Կալաշովը Հայաստանում ամուսնացել է ազգությամբ հայի հետ, ՀՀ քաղաքացի հանդիսացող 4  ամսական որդի ունի:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter