Ոստիկանության բժշկական հոսպիտալը անզգայացման-վերակենդանացման սարքեր կգնի
Ոստիկանության բժշկական վարչության հոսպիտալի համար ձեռք կբերվեն 2 անզգայացման-վերակենդանացման սարք՝ յուրաքանչյուրը 5.1 միլիոն դրամ արժեքով: Կառավարությունն այսօրվա նիստին որոշեց ոստիկանությանը թույլատրել հոսպիտալի արտաբյուջետային միջոցների տարեկան 10 միլիոն դրամ ծախսերը ավելացնել 3.4 միլիոն դրամով, սահմանելով՝ 13.4 միլիոն դրամ:
Ոստիկանությունը Կառավարությանը տեղեկացրել է, որ հոսպիտալի վիրաբուժական բաժանմունքի 5 միավոր անզգայացման-վերակենդանացման սարքերը շահագործվում են դեռևս 90-ական թվականներից: Ըստ ոստիկանության, դրանք թե՛ ֆիզիկական մաշվածության, թե՛ ֆունկցիոնալ առումով հին լինելու պատճառով գործնականում սպառել են գործածության ժամկետներն ու ռեսուրսը, շահագործվում են խափանումներով՝ պարբերաբար ենթարկվելով նորոգումների, դրանով խաթարելով հոսպիտալի բնականոն գործունեությունը:
Ընթացիկ տարում ոստիկանությունը նախատեսել էր ձեռք բերել 1 միավոր անզգայացման-վերակենդանացման սարք՝ 2.6 միլիոն դրամ գնով: Սակայն հետագայում պարզվել է, որ նախահաշվային գինը թերագնահատված է, քանի որ նախատեսվող սարքավորումն այդ գնով հնարավոր չէ ձեռք բերել:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել