HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տեառնընդառաջը լավ եղանակ է խոստանում

Տեառնընդառաջ նշանակում է տիրոջն ընդառաջ գալ: Ժողովրդի մեջ Տրնդեզ անունով հայտնի այս տոնը Հայ առաքելական եկեղեցու անշարժ տոներից է: Այն նշվում է Քրիստոսի ծնունդից 40 օր հետո՝ փետրվարի 13-ին, և խորհրդանշում 40 օրական Հիսուսին տաճարին ընծայելը:

Այս տոնի գլխավոր ծիսական տարրը խարույկ վառելն ու դրա վրայով թռչելն է:

«Տեառնընդառաջի տոնի ծեսը բացառիկ հայկական չէ, այլ առաջավորասիական: Այն տարածաշրջանային մշակույթի էլեմենտ է: Խարույկ վառելու ծեսը եկավ ժողովրդական կրակի պաշտամունքից և տեղավորվեց քրիստոնեական տոնացույցի Տեառնընդառաջի տոնի մեջ»,- այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ, ասաց ազգագրագետ Հրանուշ Խառատյանը:

Դեռ վաղնջագույն ժամանակներից բոլոր ազգերը կրակն ընկալել են որպես սրբազան երևույթ: Կրակը դարձել է նույնիսկ առանձին կրոնական մի ուղղության՝ կրակապաշտության առանցքը: Կրակի ամենաառանցքային գախափարը դրա մաքրագործող ու չարիքները վերացնող զորությունն է: Տարվա մեջ մեկ անգամ կրակ վառելով՝ մարդիկ փորձել են իրենց ու իրենց ընտանիքի անդամներին հեռու պահել չարից ու հիվանդություններից:

«Հենց նույն օրը կրակի մոխիրը օգտագործում էին զանազան ուժերից մաքրվելու համար: Երեխայի գլխին, ծոծրակին, մազերին էին լցնում մոխիրը, որ չարիքներից հեռու մնա: Ցանկացած անցանկալի ուժերից ազատում էին այդ կրակն ու մոխիրը, ինչպես նաև բուժում հիվանդություներ: Ծխի ուղղությամբ որոշում էին տարվա առատությունն ու անձնական երջանությունը»,- ասում է ազգագրագետը:

Հայ առաքելական եկեղեցին այս տոնը հայտարարել է նորապսակների օրհնության օր: «Եկեղեցի ելել է այս կրակի ուժը նորապսակներին զորացնելու ժողովրդական պատկերացումների ծիսական դրսևորումներից»,- ասում է Հրանուշ Խառատյանը:

Հայոց ավանդական մշակույթում երկու կրակ էին վառում. մեկը եկեղեցու մոտ այրվող համայնքային մեծ կրակն էր, մյուսը՝ այդ կրակից վերցված, հատկաապես նորապսակ ունեցող ընտանիքների բակերում վառվող կրակը: Համայնքային կրակը նորափեսաներն էին վառում, ինչը մեծ պատիվ էր նրանց համար:

Տեառնընդառաջի տոնը, ըստ ժողովրդական ավանդության, գուշակում է նաև օդի բարեխառնությունը: Ձմռան ցուրտը սկսում է նահանջել, և արդեն կարելի է մեղմ եղանակ ակնկալել:

Տոնի առիթով բազմաթիվ ընդեղեններ ու կերակուրներ են պատրաստվում: Սակայն այս տոնն, ըստ ազգագրագետի, երբեք էլ կենտրոնացած չի եղել սեղանի՝ ուտելիքի ու խմիչքի վրա: «Այն ավելի շատ ենթադրում է երգ, երաժշտություն ու ստեղծագործական լիցք»,- ասում է Հրանուշ Խառատյանը:

Արմինե Հովհաննիսյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter