Սերժ Սարգսյանին ուղղված դիմում-պահանջ
Թեղուտի պաշտպանության քաղաքացիական նախաձեռնություն, «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ, «Էկոդար» ՀԿ
ՀՀ Սահմանադրության 55-րդ հոդվածի 2-րդ կետի 2-րդ մասի համաձայն, երկրի նախագահը կարող է քսանմեկօրյա ժամկետում Ազգային ժողովի կողմից ընդունված օրենքը առարկություններով, առաջարկություններով վերադարձնել ԱԺ` պահանջելով նոր քննարկում: Հիմք ընդունելով Սահմանադրությամբ տրված լիազորությունը` ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանից պահանջում ենք 06.08.2012թ. Ազգային ժողովի կողմից երկրորդ ընթերցմամբ ընդունված եւ ՀՀ նախագահի ստորագրմանն ուղարկված` «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքը (հետայսու` օրենք) վերադարձնել Ազգային ժողով` ստորեւ նշված առաջարկությունների հաշվառմամբ նոր քննարկում անցկացնելու համար, քանի որ նախագահի ստորագրությանը ներկայացված օրենքը հակասում է ՀՀ Սահմանադրությանը, Օրհուսի, Էսպոյի եւ այլ կոնվենցիաներին: Նշված օրենքը չի համապատասխանում թիվ ACCC/C/2009/43 հաղորդման առնչությամբ Օրհուսի կոնվենցիայի համապատասխանության կոմիտեի (հետայսու` Օրհուսի կոմիտե) կողմից Հայաստանի կառավարությանն ուղղված առաջարկություններին` որոշ դեպքերում տրամագծորեն հակասելով կառավարությանը ներկայացված պահանջներին:
18.01.2011թ. Թեղուտի հանքավայրի շահագործման թույլտվության վերաբերյալ գանգատը քննելիս Օրհուսի կոմիտեն որոշում է կայացրել այն մասին, որ Հայաստանի օրենսդրության և պրակտիկայի մեջ դեռևս առկա են թերություններ, եւ դրանց պատճառով Հայաստանը սույն գործով ձախողել է կատարել Կոնվենցիայի 3-րդ հոդվածի 1-ին կետի պահանջը (56-րդ պարբերություն), ինչպես նաև Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 2-րդ, 4-րդ և 9-րդ կետերի պահանջները (համապատասխանաբար 70-րդ, 777-րդ և 799-րդ պարբերություններ): Օրհուսի կոմիտեն ՀՀ կառավարությանն առաջարկել է մինչեւ 2012 թվականի ապրիլի 1-ը ձեռնարկել օրենսդրական, կարգավորիչ և վարչական անհրաժեշտ միջոցներ եւ կատարելու գործնական քայլեր ապահովելու համար հետեւյալ պահանջները`
(i) ՇՄԱԳ ընթացակարգի, այդ թվում` հանրության մասնակցության, ենթակա գործունեության շեմերի հստակ սահմանումը:
(ii) որոշումների կայացման գործընթացում հանրության հնարավորինս վաղ իրազեկումը, երբ բոլոր տարբերակները դեռ բաց են, եւ ողջամիտ ժամկետների սահմանումը, որոնցում հանրությունը կկարողանա խորհրդակցել և դիտողություններ ներկայացնել նախագծին առնչվող փաստաթղթերի վերաբերյալ:
1. Օրհուսի կոմիտեն պահանջել է օրենսդրորեն կարգավորել Շրջակա միջավայրի վրա ադեցության գնահատման ընթացակարգը /Environmental Impact Assessment procedure/, մինչդեռ ներկայացված օրինագծով սահմանվել է Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության ընթացակարգը /Environmental Impact Expertise Procedure/, որն ունի միանգամայն այլ իրավական բովանդակություն: Օրինագծով ընդամենը ձեւականորեն սահմանված է Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատում /ՇՄԱԳ/ եզրույթի իրավաբանական հասկացությունը` որպես գործընթաց, սակայն բացակայում են շրջակա միջավայրի բաղադրիչների վրա նախատեսվող գործողության կամ հայեցակարգի ազդեցության գնահատման չափանիշները:
Էկոլոգիական տեղեկատվության հստակ, թափանցիկ եւ միատեսակ դաշտ ապահովելու համար օրինագիծը պետք է համապատասխանի Կոնվենցիայով սահմանված հետեւյալ նվազագույն չափանիշներին`
1/ արդյոք նախատեսվող գործողության գնահատումը համապատասխանում է օրինականության եւ գիտական հիմնավորվածության պահանջներին:
2/ ինչպես է հաշվարկվելու նախատեսվող գործողության հետեւանքով շրջակա միջավայրին պատճառված էկոլոգիական վնասի տնտեսական գնահատումը,այդ թվում Ռազմավարական էկոլոգիական գնահատման /ՌԷԳ/ տեսանկյունից,
3/ նախատեսվող գործողությունը ինչպիսի ազդեցություն է ունենալու մարդկանց առողջության, անվտանգության եւ կենսապայմանների վրա,
4/ նախատեսվող գործունեության հետեւանքով ինչպիսի վնաս է պատճառվելու ազդեցության գոտում գտնվող մշակութային օբյեկտներին եւ շինություններին եւ այլն:
Ներկայացված օրենքով չի ապահովվել հանրության արդյունավետ մասնակցությունը որոշումների կայացման գործընթացին, քանի որ ՇՄԱԳ չափանիշների բացակայության պարագայում հանրությունը չի կարող հստակ եւ մատչելի տեղեկատվություն ստանալ նախատեսվող գործունեության կամ հայեցակարգի մասին: Հետեւապես, չի կատարվել Օրհուսի կոմիտեի պահանջը, եւ հասարակությունը չի կարող արդյունավետ մասնակցություն ունենալ որոշումների կայացման գործընթացին:
Ելնելով Օրհուսի կոմիտեի պահանջներից` անհրաժեշտ է.
օրենքով սահմանել Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման /Environmental Impact Assessment/ չափանիշներ` հիմնված շրջակա միջավայրի վրա ազդեցության մասնագիտական գնահատման եւ գիտական մեթոդիկայի վրա, որոնք պետք է ներառեն Օրհուսի եւ Էսպոյի կոնվենցաներով եւ այլ փաստաթղթերով սահմանված ՇՄԱԳ/ՌԷԳ նվազագույն չափանիշները, այդ թվում` էկոլոգիական վնասի տնտեսական գնահատման կարգը:
2. Ներկայացված օրենքով նախատեսվող գործունեությունների տեսակները ըստ կատեգորիաների բաժանվել են կամայականորեն եւ շրջակա միջավայրին պատճառվող վնասի համեմատ ոչ համարժեք, որով խախտվել է որոշումների կայացմանը հասարակության մասնակցության իրավունքը:
Օրենքով սահմանված է փորձաքննության ենթակա գործողությունների ցանկ` ըստ կատեգորիաների` «Ա», «Բ», «Գ», սակայն բացակայում են իրավաբանորեն հստակ եւ որոշակի հիմնավորումները, թե ինչ փրձագիտական հաշվարկների վրա է հիմնված այդ գործողությունների ընտրությունը, ինչ սկզբունքներ ու ելակետեր են ընկած գործունեության այս կամ այն տեսակն ընտրելու եւ դրանք ըստ կատեգորիաների դասակարգելու հիմքում:
Ներկայացված օրենքի համաձայն, մասնագիտական եզրակացություն տրվում է միայն «Ա» և «Բ» կատեգորիաներով նախատեսված գործունեության համար: Անտառահատումներն ընդգրկված են «Գ» կատեգորիայում, որում ընդգրկված գործողություններին մասնագիտական եզրակացություն չի տրվում, պետական փորձաքննություն էլ չեն անցնում: Խնդիրը կարեւորվում է նրանով, որ «Գ» կատեգորիայում ընդգրկված գործունեության տեսակների համար նախատեսված չէ մասնագիտական եզրակացության կամ պետական փորձաքննության ընթացակարգ: Այսինքն, դրանց համար չի կազմվում ՇՄԱԳ հաշվետվություն, իսկ հասարակական լսումները կրում են զուտ ձեւական բնույթ:
Միեւնույն ժամանակ, «Գ» կատեգորիան ընդգրկում է գործունեության այնպիսի տեսակներ, ինչպիսիք են անսահմանափակ չափերով անտառահատումները, 1500քմ-ից ավելի կառուցապատման մակերեսով կառուցապատումը, ներառյալ` ընդհանուր օգտագործման կանաչ տարածքներում եւ այլն:
Ակնհայտ է, որ «Գ» կատեգորիայում ընդգրկված գործունեության որոշ տեսակներ ունեն մեծ կարեւորություն եւ ենթակա են Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման, դրա մասնագիտական ուսումնասիրման եւ պետական փորձաքննության: Ներկայացված օրինագծով հասարակությունը մեկուսացվել է շրջակա միջավայրին վերաբերող կարեւորագույն որոշումների կայացման գործընթացից, ինչն ուղղակիորեն հակասում է Օրհուսի կոնվենցիային եւ ՀՀ կառավարությանը ներկայացված` Օրհուսի կոմիտեի պահանջներին:
Հետեւապես`
անհրաժեշտ է վերագնահատել օրենքում ներկայացված գործունեության տեսակների կատեգորիաները` հիմնվելով գիտականորեն հիմնավորված չափանիշների վրա եւ ապահովել հասարակության գործուն մասնակցությունը որոշումների կայացման գործընթացին բոլոր կատեգորիաներում ընդգրկված գործունեության տեսակների համար:
3. Չի ապահովվել Օրհուսի կոմիտեի` Շրջակա միջավայրի վրա ազդեցության ենթակա գործունեության շեմի հստակ սահմանում նախատեսող պահանջը: Գործունեության տեսակների սպառիչ ցանկի սահմանումը չի լուծում այս խնդիրը, քանի որ մի շարք կարեւոր հարցեր` ինչպիսին է, օրինակ` թափոնների եւ արտանետումների հարցերը, այդ ցանկից դուրս են մնացել:
Հետեւապես`
անհրաժեշտ է վերականգնել «Սահմանային չափ» հասկացությունը եւ այն ընդգրկել բալար` «Ա», «Բ», «Գ» կատեգորիաներում` որպես համանման իրավիճակներում ազդեցության գնահատման չափորոշիչներ:
4. Օրենքով տրված են այնպիսի իրավակարգավորումներ, որոնք անիմաստ են դարձնում հասարակության վաղ իրազեկումը, քանի որ հասարակությունը գործնականում մեկուսացվել է որոշումների կայացմանը մասնակցելու գործընթացից: «Ա» և «Բ» կատեգորիաների դեպքերում որոշումների կայացմանը հասարակության մասնակցությունը սահմանափակվում է «փաստաթղթերի հետ ծանոթանալու կամ դրանց մասին տեղեկատվություն ստանալու, ինչպես նաեւ դրանց վերաբերյալ առաջարկություններ եւ առարկություններ ներկայացնելու» ձեւական իրավունքով: Այսինքն, հասարակությունն ըստ էության լիովին մեկուսացված է «որոշումների կայացման» գործընթացից և կարող է ընդամենը կարծիք հայտնել, որը չունի պարտադիրության որեւէ բաղադրիչ, անգամ եթե լինի հիմնավորված:
Որոշումների կայացմանը հասարակության գործուն մասնակցությունն ապահովելու համար անհրաժեշտ է, որպեսզի`
շրջակա միջավայրի վրա ազդեցություն ունեցող գործունեության իրականացման համար հասարակական լսումների արդյունքում ազդակիր համայնքի կայացված հասարակական կարծիքը պետք է ունենա պարտադիր նշանակություն եւ արտահայտված լինի տեղական հանրաքվեի կամ հարցման արդյունքում ստացված փաստաթղթում:
5. Ներկայացված օրենքով «Շահագրգիռ հասարակություն» եզրույթը չի համապատասխանում Օրհուսի կոնվենցիայով տրված բովանդակությանը: Բնապահպանական կանոնադրական նպատակներ հետապնդող հասարակական կազմակերպություններին հնարավորություն չի ընձեռվում հանդես գալ որպես շահագրգիռ հասարակություն, բողոքարկել վարչական մարմինների կայացրած որոշումները: Հասարակական կազմակերպությունները իրավունք ունեն ընդամենը կարծիք արտահայտել նախատեսվող գործունեության վերաբերյալ, ինչը հակասում է Օրհուսի կոնվենցիայի դրույթներին:
Հետեւապես,
պետք է Կոնվենցիային համահունչ սահմանել շահագրգիռ հասարակության հասկացությունը, ինչպես նաեւ մշակել մեխանիզմ, որի համաձայն հասարակության կարծիքը կունենա օրենքով երաշխավորված պարտադիրության բաղադրիչ եւ չի նույնացվի տեղական ինքնակառավարման մարմնի կողմից տրված վարչական ակտի հետ:
6. Հասարակությանը հնարավորություն չի տրվում բողոքարկելու կայացված որոշումները: Թեեւ Օրհուսի կոնվենցիայի 9-րդ հոդվածի համաձայն, մասնակից պետությունը պարտավոր է ապահովել Կոնվենցիայով նախատեսված իրավունքների դատական պաշտպանության հնարավորություն, սակայն օրինագծով «Շահագրգիռ հասարակության» համար նախատեսված չէ շրջակա միջավայրին վերաբերող անօրինական որոշումների դատական կարգով բողոքարկման հնարավորություն, ինչը հակասում է Կոնվենցիայի 9-րդ հոդվածին:
Անհրաժեշտ է`
Օրհուսի կոնվենցիային համապատասխան շահագրգիռ հասարակության համար օրենքով սահմանել պետական մարմինների անօրինական որոշումները բողոքարկելու հստակ մեխանիզմներ:
7. Մոտ 10 անգամ կրճատվել են հասարակական լսումների և փորձաքննության ժամկետները: Օրինագծի համաձայն, նախատեսվող գործունեության մասին իրազեկում ներկայացնելուց հետո «Ա» կատեգորիայի համար` 20, «Բ» կատեգորիայի համար` 10 աշխատանքային օրվա ընթացքում կազմակերպում են հասարակայնության կողմից փաստաթղթերի ուսումնասիրությունը և լսումները: Հասարակական լսումների եւ փորձաքննության ժամկետների կտրուկ կրճատումը շահագրգիռ հասարակութանը զրկում է նախագծին առնչվող փաստաթղթերի վերաբերյալ խորհրդակցելու եւ դիտողություններ ներկայացնելու հնարավորությունից եւ ուղղակիորեն հակասում է Օրհուսի կոմիտեի` ՀՀ կառավարությանն ուղղված պահանջներին:
Ժամկետների անհամաչափ սահմանափակումները անընդունելի են նաեւ նախատեսվող գործունեության մասնագիտական եզրակացության եւ փորձաքննության տեսանկյունից:
Ուստի,
անհրաեշտ է վերանայել հասարակական լսումների եւ մասնագիտական/փորձագիտական եզրակացությունների համար սահմանված ժամկետները` սահմանելով էապես ավելի երկար` ողջամիտ ժամկետներ:
Վերը նշված փաստարկներով հիմնավորվում է, որ ներկայացված օրենքը հակասում է ՀՀ Սահմանադրությանը, Հայաստանի մասնակցությամբ մի շարք միջազգային պայմանագրերի, ինչպես նաեւ ազգային օրենսդրությանը: Օրինագծի ընդունման ընթացքում չի ապահովվել «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 27.1 հոդվածով եւ ՀՀ կառավարության 25.03.2010թ. «Հանրային քննարկումների կազմակերպման եւ իրականացման կարգը հաստատելու մասին» N 296-Ն որոշմամբ սահմանված, նախագծի քննարկման գործընթացում հանրության մասնակցությունն ապահովելու ընթացակարգը»: Հակառակ օրենքի պահանջների, օրինագիծը առանց հանրային քննարկում անցկացնելու 01.11.2011թ. ներկայացվել է Ազգային ժողովի քննարկմանը եւ 06.02.2012թ. երկրորդ ընթերցմամբ ընդունվել:
Հիմք ընդունելով վերոգրյալը` պահանջում ենք ՀՀ Սահմանադության 55-րդհոդվածի 2-րդ կետի 2-րդ մասով սահմանված կարգով «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքը ստորեւ նշված առարկություններով եւ առաջարկություններով վերադարձնել Ազգային ժողով` պահանջելով.
- Օրենքով սահմանել Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման /Environmental Impact Assessment/ չափանիշներ` հիմնված շրջակա միջավայրի վրա ազդեցության մասնագիտական գնահատման եւ գիտական մեթոդիկայի վրա, որոնք պետք է ներառեն Օրհուսի եւ Էսպոյի կոնվենցաներով եւ այլ փաստաթղթերով սահմանված ՇՄԱԳ/ՌԷԳ նվազագույն չափանիշները, այդ թվում` էկոլոգիական վնասի տնտեսական գնահատման կարգը:
- Վերագնահատել օրենքում ներկայացված գործունեության տեսակների կատեգորիաները` հիմնվելով գիտականորեն հիմնավորված չափանիշների վրա եւ ապահովել հասարակության գործուն մասնակցությունը որոշումների կայացման գործընթացին բոլոր կատեգորիաներում ընդգրկված գործունեության տեսակների համար:
- Վերականգնել «Սահմանային չափ» հասկացությունը եւ այն ընդգրկել բալար` «Ա», «Բ», «Գ» կատեգորիաներում` որպես համանման իրավիճակներում ազդեցության գնահատման չափորոշիչներ:
- Սահմանել հասարակայնության ծանուցման և քննարկումների անցկացման մանրամասն ընթացակարգ, որտեղ հասարակության կարծիքը կունենա օրենքով երաշխավորված պարտադիրության բաղադրիչ եւ չի նույնացվի տեղական ինքնակառավարման մարմնի կողմից տրված վարչական ակտի հետ:
- Օրհուսի կոնվենցիային համապատասխան շահագրգիռ հասարակության համար օրենքով սահմանել պետական մարմինների անօրինական որոշումները բողոքարկելու հստակ մեխանիզմներ:
- Սահմանել «Ազդակիր համայնք», «Շահագրգիռ հասարակություն», «Ազդակիր համայնքի կարծիքն արտահայտող արձանագրություն» հասկացությունները եւ մշակել հասարակայնության ծանուցման և քննարկումների անցկացման մանրամասն ընթացակարգ, որտեղ հասարակության կարծիքը կունենա օրենքով երաշխավորված պարտադիրության բաղադրիչ եւ չի նույնացվի տեղական ինքնակառավարման մարմնի կողմից տրված վարչական ակտի հետ:
- Շրջակա միջավայրի վրա ազդեցություն ունեցող գործունեության իրականացման համար հասարակական լսումների արդյունքում ազդակիր համայնքի կայացված հասարակական կարծիքը պետք է ունենա պարտադիր նշանակություն եւ արտահայտված լինի տեղական հանրաքվեի կամ հարցման արդյունքում ստացված փաստաթղթի միջոցով:
- Օրհուսի կոնվենցիային համապատասխան շահագրգիռ հասարակության համար օրենքով սահմանել պետական մարմինների անօրինական որոշումները բողոքարկելու հստակ մեխանիզմներ:
- Վերանայել հասարակական լսումների եւ մասնագիտական/փորձագիտական եզրակացությունների համար սահմանված ժամկետները` սահմանելով էապես ավելի երկար` ողջամիտ ժամկետներ:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել