
420 միլիոն դրամով գիտական 7 սարք ձեռք կբերվի
Կառավարությունն այսօրվա նիստին որոշեց 448 միլիոն դրամ հատկացնել գիտական սարքավորումներ ձեռք բերելու և «Միջգիտակարգային տվյալներ» ստեղծելու նպատակով:
Մասնավորապես՝ 420 միլիոն դրամով ձեռք կբերվի 7 սարք, իսկ 28 միլիոն դրամով կստեղծվի Միջգիտակարգային տվյալների կենտրոն:
Նախարարությունը հայտնել է, որ գիտական կազմակերպությունների և բուհերի գիտական ստորաբաժանումների ենթակառուցվածքների և նյութատեխնիկական բազայի մեծամասնությունը չեն համապատասխանում գիտության արդի չափանիշներին, ենթակառուցվածքները և նյութատեխնիկական բազան չեն ապահովում գիտական ներուժի արդյունավետ օգտագործումը:
«Գիտական սարքավորումների բացարձակ մեծամասնությունը հնացած է, նրանց տեխնիկական վիճակը հնարավորություն չի տալիս իրականացնելու բարձր մակարդակի գիտական, հատկապես կիրառական բնույթի հետազոտություններ, իսկ պահպանումը և շահագործումը պահանջում են մեծ ֆինանսական միջոցներ: Գիտական սարքերի արդիականացումը խիստ անհրաժեշտ է»,- Կառավարություն ներկայացված նախագծում նշել է նախարարությունը:
Նախարարությունը, հիմք ընդունելով գիտական կազմակերպությունների և բուհերի գիտական ստորաբաժանումների ներակայացրած հայտերը, որոշել է գիտական սարքավորումների ձեռքբերման մրցույթներ կազմակերպել՝ յուրաքանչյուր գիտասարքի համար նախատեսելով մինչև 60 միլիոն դրամ:
Մասնավորապես՝ ձեռք կբերվեն ռենտգենյան ճառագայթների ֆլուորեսցենցիայի սպեկտրոմետրի սարք, դիֆերենցիալ սկանավորող միկրոկալորիմետրի սարք, ատոմական ուժային մանրադիտակ, մասս-սպեկտրոմետրի հետ համակցված հեղուկ քրոմատոգրաֆի սարք, հատուկ նշանակության կապի, արբանյակային համակարգերի և երկակի նշանակության մի շարք այլ հետազոտություններ և մշակումներ կատարելու համար գերբարձր հաճախականության տիրույթի ունիվերսալ շղթաների վեկտորական անալիզատոր, գերբարձր հաճախականության տիրույթում ճառագայթիչ և գրանցիչ սարք, լայնաֆորմատ սքանավորման բարձր տեխնոլոգիական համակարգի սարք:
«Այդպիսի համակարգային ծրագրերի իրականացումը հնարավորություն կընձեռի արդիականացնելու, որոշ դեպքերում նաև՝ ստեղծելու գիտության ոլորտի նոր գիտանորարարական ենթակառուցվածքներ, բարձրացնելու գիտական սարքավորումների օգտագործման արդյունավետությունը, ստեղծելու եզակի և թանկարժեք հետազոտական սարքավորումների համատեղ օգտագործման կենտրոններ, օպտիմալացնելու գիտական սարքավորումների պահպանմանը հատկացվող ֆինանսական ծախսերը»,-հայտնել է նախարարությունը:
Այս որոշմամբ կստեղծվի նաև Միջգիտակարգային տվյալների կենտրոն: Կենտրոնի նպատակը պետք է լինի գիտական և գիտատեխնիկական գործունեության որոշակի ուղղություններում գիտական հետազոտությունների և տնտեսության համապատասխան բնագավառի տվյալների բազաների ստեղծում, վարում և վերլուծություն, հետազոտական գործիքակազմի տրամադրում օգտատերերին, տեղեկատվական ժամանակակից տեխնոլոգիաների օգտագործում տվյալների վերլուծության մեջ: Նախարարությունը նախատեսում է կենտրոնի գործունեության համար ընտրել 8 ուղղությունները՝ ֆիզիկա, աստղաֆիզիկա, գիտություններ կյանքի մասին, քիմիա, նյութագիտություն, առողջապահություն, թվային հումանիտար գիտություններ և տեղեկատվական տեխնոլոգիաներ:
Մեկնաբանել