HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը արդեն երկու նիստ է՝ չի ներկայանում իր դեմ հայցի քննությանը

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Ռուբեն Ափինյանի, սկսել է Մարտի 1-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանի հայցի քննությունն՝ ընդդեմ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի: Այսօր այս գործով երկրորդ դատական նիստ էր նշանակված, սակայն ինչպես նախորդ՝ մայիսի 29-ի, այնպես էլ այս նիստին Խաչատրյանը կամ նրա ներկայացուցիչները չէին ներկայացել դատարան: Եթե առաջին նիստին նրանք դատարանին հայտնել էին չներկայանալու պատճառների մասին, այս անգամ դատարանն առհասարակ տեղեկություն չուներ, թե ինչու պատասխանող կողմից որևէ մեկը չի եկել դատարան:

ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը, ըստ դատարանում առկա տեղեկատվության, պատշաճ ծանուցված էր նիստի օրվա և ժամի մասին: Նման պայմաններում Վահագն Հարությունյանի ներկայացուցիչ Հարություն Հարությունյանը դիրքորոշում հայտնեց, որ նիստը կարող է շարունակվել, սակայն դատավոր Ռուբեն Ափինյանը գտավ, որ պատասխանող կողմի ներկայությունն, այնուամենայնիվ, անհրաժեշտ է ու հետաձգեց նիստը:

Մեզ հետ զրույցում Վահագն Հարությունյանի ներկայացուցիչ Հարությունյանը հայտնեց, թե ինչու է իր վստահորդը դատական հայց ներկակացրել ՀՔԾ պետի դեմ:

Փաստաբանի խոսքով՝ Վահագն Հարությունյանին Մարտի 1-ի գործով մեղադրյալ ներգրավելու հաջորդ օրը Սասուն Խաչատրյանը լրագրողների հետ զրույցում խոսել է նրա մեղադրանքի մասին ու ասել, որ գործի քննության շրջանակներում պարկուճները կեղծվել են, և քննությունն ընթացել է այն ուղղությամբ, որ կոծկվեն իրական նյութերն ու կոտրվի գործի ողնաշարը:

Վահագն Հարությունյանի և վերջինիս ներկայացուցիչների կարծիքով՝ Սասուն Խաչատրյանը նմանատիպ արտահայտություն անելու իրավունք չուներ, մինչդեռ հայցադիմումի վերաբերյալ պատասխանում, որը ներկայացվել է մինչև գործը վարույթ ընդունելը, Խաչատրյանի ներկայացուցիչը նշել է, որ ՀՔԾ պետի արտահայտությունները զրպարտչական բնույթի չեն, քանի որ արվել են մինչդատական վարույթի ընթացքում:

Հարություն Հարությունյանն, անդրադառնալով այս հանգամանքին, նշեց, որ Քաղաքացիական օրենգիրքն, այո, սահմանում է դեպքեր, իրավիճակներ, երբ փաստացի արված արտահայտությունը չի կարող համարվել զրպարտություն, բայց սա այդ դեպքը չէ:

Պաշտպանի խոսքով՝ թեև քաղաքացիական օրենսգիրքը սահմանում է, որ փաստացի արված արտահայտությունները չեն կարող զրպարտություն համարվել, եթե արվել են մինչդատական վարույթում կամ դրա ընթացքում՝ վարույթի մասնակցի կողմից, Հատուկ քննչական ծառայության պետը չի կարող համարվել վարույթի մասնակից՝ քրեադատավարական նորմերի իմաստով:

«Վարույթի մասնակից է գործը քննող քննիչը, քննչական խմբի ղեկավարը կամ գործը վերահսկող դատախազը, բայց ոչ երբեք Հատուկ քննչական ծառայության պետը: Այս ամենը վերլուծելով՝ մենք գտնում ենք, որ Սասուն Խաչատրյանը թույլ է տվել զրպարտչական բնույթի արտահայտություններ, որոնք ենթակա են հերքման»,- ասաց Հարություն Հարությունյանը:

Նշենք, որ Սասուն Խաչատրյանի դեմ հայցադիմումը դատարան է ներկայացվել 2018 թվականի նոյեմբերին: Վահագն Հարությունյանը մեղադրվում է 2008 թվականի մարտի 1-ի գործի շրջանակներում ապացույց կեղծելու, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ, ինչպես նաև պաշտոնեական լիազորություններն անցնելու մեջ, որը զուգորդվել է բռնությամբ: Նրա նկատմամբ հայտարարված է հետախուզում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter