HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

«Հյուսիս-հարավ» ավտոճանապարհի կառուցումը վնասներ է պատճառել քաղաքացուն

Արտաշատի խճուղի 5/7 հասցեի համասեփականատերեր են Միհրան Ազիզյանը և Էդգար Ամիրջանյանը: Տարածքի համասեփականատեր և «Էդ Ընդ Էմի» ՍՊԸ-ի ընկերության տնօրեն Միհրան Ազիզյանը «Հետք»-ին պատմեց, որ բիզնեսով հետաքրքրվել է վաղուց և սկսել է տաքսի ծառայությունից: Պատմեց, որ Տրանսպորտի և կապի նախարարության պահանջն է եղել, որ յուրաքանչյուր ավտոմեքենայի շահագործման համար ունենան 20 քմ տարածք, հակառակ դեպքում թույլտվություն չեն ստանա: Այդ ժամանակ ունեցել է 32 հատ ավտոմեքենա:

Արտաշատի խճուղի 5/7 հասցեի տարածքը գնել է 2012թ., որպեսզի և՛ լիցենզիայի հարցը լուծի, և՛ ավտոմեքենաների սպասարկման կայան կառուցի: Տարածքը գնել են վարկով, իրականացրել մեծ ներդրումներ: Մտածել է, որ աշխատելու դեպքում կկարողանա և վարկերը մարել, և ընտանիքը պահել: Սակայն, տարածքի կառուցապատումից 1.5 տարի անց, հենց իր շինության դիմաց սկսել են «Հյուսիս-հարավ» մայրուղու կառուցման աշխատանքները: Շենքի դիմացի տարածքը փորվել է, սկսել են կամուրջի կառուցման աշխատանքները:

Նշենք, որ վերը նշված հասցեում գործունեություն է ծավալել Ա/Ձ Ռադիկ Թանգյանը՝ տարածքն օգտագործելով որպես ավտոլվացման կետ: Իսկ «Էդ Ընդ Էմի» ՍՊԸ-ն շահագործում է տաքսի ավտոմեքենաներ: Այժմ ավտոլվացման կետը չի գործում, քանի որ վնասաբեր բիզնես է դարձել:

Միհրան Ազիզյանի ասելով, երբ տարածքը կառուցապատելու թույլտվություններ էր ստանում իրեն ոչ ոք չի զգուշացրել ճանապարհաշինական ծրագրի մասին: Չեն ասել, որ գլխավոր ճանապարհը, որի հարևանությամբ կառուցելու էր իր շինությունները, դառնալու է երկրորդական: Ասում է, եթե զգուշացնեին, հնարավոր էր ինքը կառուցապատման աշխատանքներ չիրականացներ և չհայտնվեր անելանելի վիճակում:

«Հյուսիս-հարավ» մայրուղու կառուցման աշխատանքները երկու ընկերություններին էլ պատճառել են խոշոր վնասներ, քանի որ անմիջապես ընկերությունների գործունեության հասցեի դիմաց իրականացվող շինարարության հետևանքով այդ ընկերությունների աշխատանքները դարձել էին անհնար: Ինքնին հասկանալի է, քանի որ ավտոլվացման կետի մուտքի դիմաց իրականացվում էին շինարարական աշխատանքներ, մուտքը դարձել էր գրեթե անանցանելի: Ա/Ձ Ռադիկ Թանգյանը պարզապես հարկադրված էր կասեցնել իր գործունեությունը, իսկ հոտո արդեն՝ դադարեցնել գործունեությունը: Ընդ որում անհատ ձեռնարկատերը մի շարք ընկերությունների հետ ուներ համապատասխան պայմանագրեր տարվա կտրվածքով մատուցել ծառայություններ, սակայն գործունեության կասեցման հետևանքով այդ եկամուտները չի ստացել»,- ասում է Միհրան Ազիզյանը և հավելում, որ պայմանագրերի օրինակները ժամանակին ներկայացրել են պատկան մարմիններին:

Ինչ վերաբերում է «Էդ Ընդ Էմի» ՍՊԸ-ի գործունեությանը, Ազիզյանի պնդմամբ, նվազել է նաև ակնկալվող եկամուտը: Դեռևս 2012թ. ընկերությունը գործունեության ընդլայնման նպատակով ստիպված է եղել վարկեր ստանալ, սակայն արդյունքում վարկային պայմանագրով ստանձնած պարտավորությունների կատարումն անհնար է դարձել: Ունեցել է մոտ 250.000 դոլար վարկ: Մարել է կեսից ավելին, սակայն այլևս հնարավորություն չունի:

Վարկային պայմանագրով ստանձնած պարտավորությունների կատարման ապահովման նպատակով գրավադրվել են տարածքի համասեփականատերերից մեկի ծնողի և իր ընտանիքի բնակարանները և Արտաշատի խճուղի 5/7 հասցեի շինությունը և հողը:

Մ. Ազիզյանն ասում է, որ գրեթե 4.5 տարի չի կարողացել նորմալ գործունեություն ծավալել: Բանկի ղեկավարությանը խնդրելով՝ մի քանի անգամ փոխել է վարկային գրաֆիկը: Այդ տարիներին բիզնեսից եկամուտ չստանալով՝ վարկ է մարել, սակայն, այժմ հայտնվել է բնակարանները կորցնելու վտանգի առաջ:

«Այժմ ընկերության գործունեության ծավալների կտրուկ նվազման արդյունքում չենք կարողանում ծավալել բնականոն գործունեություն և չենք կարողանում մարել վարկային պարտավորությունները, որի հետևանքով կարող են իրացվել գրավի առարկաները: Նշված բոլոր խնդիրներն ի հայտ են եկել մայրուղու կառուցման հետևանքով: Եթե մեր տարածքի կառուցապատման ժամանակ այն գլխավոր ճանապարհի վրա էր և բիզնեսի տեսանկյունից ձեռնտու, ապա հիմա ընկնում է կամուրջի տակ: Մեքենաները կամուրջի վրայով պետք է անցնեն, ահագին գնալուց հետո հետադարձ կատարեն ու նոր մոտենան մեր տարածքին, ինչն անհարմար է: Դա է պատճառը, որ հիմա գործում է միայն տաքսի ծառայությունը, ինչը եկամտաբեր չէ»,- պնդում է Միհրան Ազիզյանը:

«Էդ Ընդ Էմի» ՍՊԸ-ի տնօրենն ասում է, որ պետության կողմից իրենց պատճառված անհարմարությունների, վնասների համար ոչ մի հատուցում չեն ստացել: Նույնիսկ հարկային պարտավորություններն իրենց վրայից չեն հանել: Միհրանը ժամանակին դիմել է նաև պատկան մարմիններին՝ աջակցություն ստանալու ակնկալիքով, սակայն մերժվել է. «Ինձ ասել են, որ պետական նշանակության ճանապարհ է, քեզ ոչ մի հարցով չենք կարող օգնել»:

Միհրանն ասում է, որ ճանապարհաշինարարության ժամանակ վնասներ են կրել նաև իր շենք-շինությունները: Ասում է՝ տատանողական շարժումները (վիբրացիա) այնքան ուժեղ էին, որ պատերին մեծ ճաքեր են հայտնվել, ինչն արձանագրվել է: Միհրան Ազիզյանն ասում է, որ ֆինանսավորողները եկել, նկարել են պատերի ճաքերը, խոստացել են փոխհատուցել, բայց խոստումը մնացել է անկատար:

«Ես հիմա կանգնած եմ փաստի առաջ, տունս եմ կորցնում, խնդրում եմ Կառավարությանը աջակցել ինձ»,- ավելացրեց Միհրան Ազիզյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter